Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ ՍԴՀԿ-ն Հասարակութեանը Կոչ է Անում Աչալրջութեան եւ Միմեանց Նկատմամբ Հոգատարութեան

ՍԴՀԿ-ն Հասարակութեանը Կոչ է Անում Աչալրջութեան եւ Միմեանց Նկատմամբ Հոգատարութեան

by MassisPost

Ելնելով COVID-19 վիրուսի պատճառով Հայաստանում ստեղծուած իրավիճակից՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութիւնը ողջունում է իշխանութիւնների կողմից արտակարգ դրութեան սահմանման քայլը։ Միաժամանակ նրանց ուշադրութիւնն ենք հրաւիրում հաւանական արհեստական գնաճների վրայ եւ կոչ ենք անում հետեւողական լինել, որպէսզի մի շարք անբարեխիղճ գործարարների պանդեմիայի ընթացքում մեծ կապիտալ կուտակելու անյագ ծարաւը պատճառ չդառնայ մեր ժողովրդի կեանքի բարդացմանն ու դժբախտութիւններին։

Սիրելի ՀՀ բնակիչներ, հետեւէք բացառապէս հաւաստի տեղեկութիւնների եւ մի տրուէք սադրանքների, այս օրերին մեզ որպէս պետութիւն եւ ազգ անհրաժեշտ է համախմբուած կերպով պայքար տանել պանդեմիայի դէմ եւ աջակից լինել իշխանութիւններին՝ անկախ մեր ունեցած գաղափարական տարակարծութիւններից։ Նուաստ պահուածք է այս օրերին օգնութեան ցուցաբերման փոխարէն քաղաքական դիվիդենտների հետեւից վազքը, ինչն ակնյայտօրէն առկայ է։

Միաժամանակ կոչ ենք անում ՀՀ բնակիչներին աչալրջութիւն ցուցաբերել եւ պահպանել հիգիենայի կանոնները , հոգատարութիւն ցուցաբերել միմեանց նկատմամբ՝ դրանով զերծ պահելով շրջապատին եւ ձեզ հաւանական վարակումից։

Չենք կարող չանդրադառնալ այն անձանց, որոնք ունենալով վարակիչ հիւանդութիւններ՝ թաքցնելով վտանգի տակ են դնում շրջապատին. սա հասարակութեան ներկայացուցչի վատագոյն եւ պախարակելի պահուածք է։
Ողջունում ենք նաեւ մի շարք բանկերի կողմից բնակիչների եւ գործարարների համար վարկային արձակուրդների տրամադրումը։

Կրիկին անգամ կոչ ենք անում աչալրջութեան եւ միմեանց նկատմամբ հոգատարութեան։

ՍԴՀԿ Հայաստանի Վարչութիւն
Մարտ 20, 2020

Հարակից Նյութեր

Leave a Comment