Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Անհրաժեշտ Է Աշխուժացնել Ջանքերը ԵԱՏՄ Ուժանիւթի եւ Փոխադրային Ընդհանուր Շուկաներու Ստեղծման Համար. Փաշինեան

Անհրաժեշտ Է Աշխուժացնել Ջանքերը ԵԱՏՄ Ուժանիւթի եւ Փոխադրային Ընդհանուր Շուկաներու Ստեղծման Համար. Փաշինեան

by MassisPost

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետութիւն գտնուող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը Ալմաթիի մէջ մասնակցած է Եւրասիական միջկառավարական խորհուրդի հերթական նիստին:

Նիստի ընթացքին վարչապետն իր ողջոյնի խօսքին մէջ նախ շնորհակալութիւն յայտնած է Ղազախստանի վարչապետ Ասքար Մամինիին՝ նիստը բարեյաջող կայացնելու համար, ապա ողջունած է ՌԴ վարչապետ Միխայիլ Վլատիմիրի Միշուսթինին եւ Մոլտովայի վարչապետ Եոն Քիքուին, որոնք առաջին անգամ մասնակցած են ԵԱՏՄ  խորհուրդի նիստին։

«Սա մեր առաջին հանդիպումն է այս տարի պելառուսական կողմի նախագահութեան ներքոյ: Մենք աջակցում ենք Պելառուսիայի նախագահութեան շրջանակում արձանագրուած ընդելուզման առաջնային ուղղութիւններին: Այս կապակցութեամբ կը ցանկանայի ընդգծել դեռեւս գոյութիւն ունեցող խոչընդոտների եւ սահմանափակումների վերացման կարեւորութիւնը, որոնք խանգարում են ընդհանուր տնտեսական տարածքի ձեւաւորմանը:

Անհրաժեշտ է նաեւ աշխուժացնել ջանքերը, որոնք ուղղուած են ԵԱՏՄ ուժանիւթի փոխադրային ընդհանուր շուկաների ստեղծմանը՝ գնագոյացման, սակագների, ծառայութիւնների հասանելիութեան ոլորտում ոչ խտրական մօտեցումների հիման վրայ: Միութեան մարմինների արդիւնաւէտութեան բարձրացումը եւ փոխադրային եւ ենթակառուցուածքների զարգացումը եւս մէկ ուղղութիւն է, որը պէտք է լինի մեր ուշադրութեան կեդրոնում:

Այսօրուայ նիստի օրակարգի հարցերի մասին կը ցանկանայի նշել հետեւեալը. այսօր հերթական անգամ քննարկուեց ներքին շուկայի գործունէութեան շրջանակներում խոչընդոտների վերացման աշխատանքների ընթացքը: Այս խոչընդոտների մի մասով մենք այսօր որոշումներ ենք կայացրել: Այնուամենայնիւ, ինչպէս արդէն բազմիցս նշել եմ, մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է համախմբել համատեղ ջանքերը, որոնք ուղղուած են առկայ խոչընդոտների վերացմանը եւ յետագայում դրանց կրկնութիւնը բացառող պայմանների ստեղծմանը:

Ինչ վերաբերում է «Մինչեւ 2025 թուականը եւրասիական ընդելուզման զարգացման ռազմավարական ուղղութիւններին», ես կը ցանկանայի նշել, որ մենք առանձնայատուկ կարեւորում ենք այս փաստաթղթի վերջնական համաձայնեցումը` ԵԱՏՄ պայմանագրով ամրագրուած համագործակցութեան հաստատուած ձեւերի հիման վրայ:

Ինչպէս յայտնի է, Հայաստանի Հանրապետութիւնն աւանդաբար աշխուժօրէն մասնակցում եւ աջակցում է ԵԱՏՄ թուային օրակարգի ստեղծման եւ իրականացման գործընթացին: Կարծում ենք, որ թուային փոխադրային միջանցքների էքոհամակարգի ձեւաւորումը հնարաւորութիւն կը տայ նուազեցնել ապրանքների եւ ծառայութիւնների սպառողի, արտադրողի եւ վաճառողի միջեւ հեռաւորութիւնը: Դա էապէս կը նուազեցնի առաքման, ինչպէս նաեւ ապրանքների տեղափոխման բարենպաստ եղանակներն ու մեթոտները որոնելու ժամանակը՝ շուկան այս առումով աւելի կատարեալ դարձնելով»,- նշած է Փաշինեանը։

Իր խօսքի աւարտին Փաշինեանը նշած է, որ Հայաստանը   պատրաստակամ է այս տարի հիւրընկալել Եւրասիական միջկառավարական խորհուրդի նիստերէն մէկը. «Ուրախ կը լինեմ ողջունել բոլորիդ Հայաստանում: Եւ մեր կողմից ցանկանում եմ հաւաստիացնել, որ մենք ամէն ինչ կ’անենք, որպէսզի նիստն անցնի ամենաբարձր մակարդակով»:

Հարակից Նյութեր

Leave a Comment