Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Վարչապետ Նիկոլ Փաշինեանի Շնորհաւորական Ուղերձը Ամանորի Եւ Սուրբ Ծննդեան Տօներուն Առթիւ

Վարչապետ Նիկոլ Փաշինեանի Շնորհաւորական Ուղերձը Ամանորի Եւ Սուրբ Ծննդեան Տօներուն Առթիւ

by MassisPost

Սիրելի ժողովուրդ,
Հայաստանի Հանրապետութեան հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետութեան հպարտ քաղաքացիներ, Սփիւռքի հպարտ հայութիւն:

Ձեզ դիմում եմ ուղիղ եթերում, Հայաստանի Հանրապետութեան եւ համայն հայութեան մայրաքաղաք Երեւանի սրտիցª Հանրապետութեան Հրապարակից, որտեղ 2018 թուականի գարնանը իրար հետ իրականացրեցինք Ոչ բռնի, թաւշեայ, ժողովրդական յեղափոխութիւնը:

Անցնող 2019 թուականը յետյեղափոխական առաջին ամբողջական տարին էր եւ 2018 թուականի Դեկտեմբերի 31-ի իմ ամանորեայ ուղերձում ձեզ խոստացել էի, որ 2019 թուականի ընթացքում մենք նուաճելու ենք նոր բարձունքներ, արձանագրելու ենք նոր յաջողութիւններ եւ առաջին հերթին մեր երկրի սոցիալ տնտեսական կեանքում:

Ուրախ եմ փաստել, որ տեսանելի, շօշափելի ու չափելի բազմաթիւ արդիւնքներ ենք արձանագրել անցնող տարուայ ընթացքում:

2019 թուականի արդիւնքներով Հայաստանը ամենամեծ տնտեսական աճն է ունենալու ոչ միայն մեր տարածաշրջանում, ոչ միայն Եւրասիական տնտեսական միութեան տարածքում, ոչ միայն ԱՊՀ-ում եւ յետխորհրդային ողջ տարածքում, այլեւ ենթադրաբարª Եւրոպական տարածաշրջանում: Հայաստանը վստահաբար 2019 թուականի տնտեսական աճի ցուցանիշներով աշխարհի առաջատար երկրների թուին է դասուելու:

Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիները կարող են տեսնել եւ զգալ մեր տնտեսութեան մէջ տեղի ունեցած փոփոխութիւնները.

2019 թուականի ընթացքում Հայաստանում նորոգուել են այնքան աւտոճանապարհներ, որքան 2015, 16, 17 թուականներին միասին վերցրած:

Բարձրացել են զինուորականների, փրկարարների, ուսուցիչների, անտառապահների, բազմաթիւ բուժ աշխատողների աշխատավարձեր, 2020 թուականի Յունուարի մէկից բարձրանում են բոլոր տեսակի կենսաթոշակները եւ նպաստները, աւելանում է նուազագոյն աշխատավարձը:

Իրականացւում են զուտ սոցիալական ծրագրեր. բիւջէի միջոցների հաշուին մանկատան 300 սաներ, ում պետութիւնը դեռ 2003 թուականից բնակարան յատկացնելու պարտաւորութիւն ունի, ի վերջոյ ստանում են բնակարաններ:

լուծւում է զինթոշակառուների բնակարանային խնդիրը, ինչի համար յատկացուել է աւելի քան 8 միլիարդ դրամ:

Մէկ միլիարդ 500 միլիոն դրամ է յատկացուել 121 փախստական ընտանիքների բնակարանով ապահովելու համար. նման ծրագիր Հայաստանում նախկինում երբեք չի իրականացուել:

Եւ ուրախ եմ արձանագրել, որ հիմա Հայաստանը գտնւում է աղքատութեան` ամենացածր մակարդակի վրայ, նման հաշուառում իրականացնելու մեկնարկի օրուանից ի վեր:

Մեր երկրի միջազգային պահուստները հասել են աննախադէպ ծաւալների, գերազանցելով 2.8 միլիարդ դոլարը, 2019 թուականի պետական բիւջէի հարկային եկամուտները գերակատարուել են աւելի քան 100 միլիարդ դրամով:

Հայաստանի կառավարութիւնը բազմաթիւ ծրագրեր է իրականացնում, որոնց միջոցով հազարաւոր ընտանիքների աջակցում է աշխատանքով յաղթահարել աղքատութիւնը եւ կառուցել բարեկեցութիւն:

Կարեւոր է ընդգծել նաեւ, որ 2018 թուականի Մայիսից ի վեր Հայաստանում ի յայտ է եկել շուրջ 84 հազար նոր աշխատատեղ, անշեղօրէն նուազում է գործազուրկների թիւը: Դեռ աւելին, այսօր Հայաստանում հազարաւոր թափուր աշխատատեղեր կան:

Սիրելի հայրենակիցներ,
Մեր ձեռքբերումների ցանկը դեռ երկար կարելի է շարունակել: Այս թուարկումը, սակայն, անում եմ ոչ միայն 2019 թուականը ամփոփելու, այլեւ 2020 թուականի մեր նշաձողերը սահմանելու համար:

Նոր տարին դիմաւորում ենք բարձր տրամադրութեամբ, ամրապնդուած ինքնավստահութեամբ, սեփական ուժերի եւ ապագայի նկատմամբ նորոգուած հաւատով:

2020 թուականը պիտի դառնայ այս համազգային տրամադրութեան, ինքնավստահութեան ու հաւատի անհատականացման տարի: Նոր տարում սեփական ուժերի եւ ապագայի նկատմամբ հաւատով ու եռանդով պիտի համակուեն նոյնիսկ թերահաւատները եւ մենք իւրաքանչիւր քաղաքացու պէտք է ուժ տանք, վստահութիւն, քաջալերանք, որ ինքը կարող է, ինքը ունակ է, ինքը ի վիճակի է ունենալ յաջողութիւններ` կրթութեան, կարիերայի մէջ, ձեռներէցութեան, արդար, ստեղծագործ, գրագէտ աշխատանքով արդիւնք ստեղծելու, հարստանալու եւ սեփական երկիրը հարստացնելու գործում:

Մենք ծաւալուն փոփոխութիւններ ենք իրականացրել հարկային օրէնսգրքում, որ 2020 թուականը դառնայ մեր քաղաքացիների տնտեսական ակտիւութեան բացառիկ տարի: Յեղափոխութիւնից յետոյ հարիւր միլիոնաւոր յաւելեալ դոլարներ են մտնում Հայաստանի Հանրապետութիւն, եւ իւրաքանչիւր քաղաքացի պէտք է մտածի, թէ ստեղծարար ձեռնարկատիրութեան ին±չ նախագծով կարող է իր մասնաբաժինը ստանալ այս ազգային հարստութիւնից եւ ազգային հարստութեան ին±չ մասնաբաժին ինքը կարող է ստեղծել:

Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանում հաստատուած են անհնարինը իրականութիւն դարձնելու ժամանակներ: 2018 թուականին շատ քչերն էին հաւատում, որ հնարաւոր է երկրում իրականացնել Ոչ բռնի, թաւշեայ, ժողովրդական յեղափոխութիւն, 2019-ին շատ քչերն էին հաւատում, որ արձանագրելու ենք համաշխարհային ուշադրութեան արժանի տնտեսական ցուցանիշներ:

2020 թուականը դառնալու է թերահաւատների լուսավառուելու եւ հաւատաւորների թռիչքի տարի, Հայաստանի Հանրապետութեան տնտեսական, քաղաքական, սոցիալական ու հոգեբանական թռիչքի տարի: Սա է այս յեղափոխական` սիրոյ եւ համերաշխութեան բազմամարդ ու խինդառատ Հանրապետութեան Հրապարակի այս պահի խորհուրդը:

Սիրելի հայրենակիցներ,
2019 թուականին մենք ըստ էութեան փակել ենք այսպէս կոչուած ՚80-ականների զէնքերիՙ ամօթալի էջը: Ընդամէնը օրեր առաջ Հայաստանը ձեռքբերեց «ՍՈւ 30 ՍՄ» գերժամանակակից բազմաֆունկցիոնալ ռազմական օդանաւեր եւ վերջապէս ունեցանք կործանիչ ավիացիայ, ձեռք բերեցինք «ՏՈՐ-Մ2ԿՄ» հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանութեան գերժամանակակից համակարգեր:

2019 թուականին վերջին տարիների համար աննախադէպ քանակի զէնք եւ զինամթերք ենք ձեռքբերել, որոնք կամ հէնց 2019 թուականի արտադրութեան են, կամ բոլորովին չօգտագործուած: Սա աննախադէպ իրավիճակ է մեր բանակի պատմութեան մէջ:

Հարկ եմ համարում կրկին ընդգծել, որ գերժամանակակից այս զէնքերը մեզ անհրաժեշտ են խաղաղութեան եւ ոչ պատերազմի համար: Իսկ մեր խաղաղութիւնն ապահովում են այսօր, հիմա, հէնց այս պահին առաջնագծում, սահմանին կանգնած եւ իրենց զօրամասերում մեզ հետեւող զինուորները, սպաները, գեներալները:

Ամանորի այս հանդիսաւոր հարթակից յատուկ ողջոյններ եմ յղում նրանց եւ շնորհակալութիւն եմ յայտնում մեր խաղաղութեան դիրքերում ամուր կանգնած լինելու համար:

Ասեմ նաեւ, որ բանակում սկսուել եւ մեծ թափով առաջ է շարժւում զինուորներին բարձրորակ սննդով ապահովելու նոր համակարգի ներդրումը, որը լայն դրական արձագանք է գտել զինուորների, նրանց ծնողների եւ հանրութեան շրջանում: 2020 թուականի արդիւնքներով մտադիր ենք սննդի ապահովման այսպիսի համակարգով ապահովել Հայոց բանակի բոլոր զօրամասերը ինչի արդիւնքում մեր զինուորների ամենօրեայ սեղանները կը լինեն իրենց մատուցած ծառայութեանը արժանի…..

Յատուկ ողջոյններ եմ յղում Հայաստանի Հանրապետութեան ոստիկանութեան, ազգային անվտանգութեան ծառայութեան, արտակարգ իրավիճակների նախարարութեան, արդարադատութեան նախարարութեան այն ծառայողներին, ովքեր ամանորեայ այս րոպէները անցկացնում են ծառայութեան մէջ, ապահովելով երկրի ու ժողովրդի անվտանգութիւնը եւ շնորհակալութիւն եմ յայտնում նրանցª ծառայութեան համար:

Ջերմօրէն ողջունում եմ առողջապահութեան, էներգետիկայի, հեռահաղորդակցութեան, տրանսպորտի, հանրային սննդի ոլորտի այն աշխատողներին եւ ընդհանրապէս բոլոր այն մարդկանց, ովքեր Ամանորը դիմաւորում են ոչ թէ ընտանիքի անդամների հետ, այլ աշխատանքի մէջ:

Եւ ի վերջոյ, ողջունում եմ Հայաստանի Հանրապետութեան բոլոր քաղաքացիներին, մեր բոլոր հայրենակիցներին, Հայաստանում, Արցախում, սփիւռքում… ու յատկապէս այն մարդկանց, ովքեր այս պահին այստեղ ենª համայն հայութեան եւ Հայաստանի Հանրապետութեան մայրաքաղաք Երեւանի սրտումª Հանրապետութեան Հրապարակում:

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհւում եմ բոլորիդ առաջ: Ծառայում եմ բոլորիդ. ձեր բոլոր ցաւերը իմ սրտում են, ձեր բոլոր կարիքները իմ մտքում են, ձեր բոլոր երազանքները իմ հոգում են:

Ժպտացէք իրար սիրելի հայրենակիցներ, որովհետեւ Նոր տարին ահա, եկաւ:

Շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Եւ ուրեմն`
Կեցցէ Ազատութիւնը,
Կեցցէ Հայաստանի Հանրապետութիւնը,
Կեցցենք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք եւ ապրելու ենք Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:

Հարակից Նյութեր

Leave a Comment