Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ «Մեր Երկիրը կը Գտնուի Համակարգային Կաթուածահար Վիճակի Մէջ»․ Փաշինեան Յայտարարած է Վկայակոչելով Սարգսեանի Օրօք Գրուած Գաղտնի Փաստաթուղթը

«Մեր Երկիրը կը Գտնուի Համակարգային Կաթուածահար Վիճակի Մէջ»․ Փաշինեան Յայտարարած է Վկայակոչելով Սարգսեանի Օրօք Գրուած Գաղտնի Փաստաթուղթը

by MassisPost

«Ըստ էութեան, յեղափոխութեան ժամանակաշրջանում, դրանից առաջ եւ ինչ-որ առումով դրանից յետոյ մեր երկիրը գտնւում է համակարգային կաթուածահար վիճակում», – ֆէյսպուքեան ուղիղի եթերի ժամանակ՝ ամփոփելով իր արձակուրդային շրջանը, յայտարարած է վարչապետ Նիկոլ Փաշինեանը՝ վկայակոչելով իր ձեռքի տակ եղած այն գաղտնի փաստաթուղթը, որ, ըստ Փաշինեանի, կազմուած է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի օրօք։

Փաշինեանը գաղտնի փաստաթուղթը ուսումնասիրած է արձակուրդի ընթացքին։

«Ինչով է կարեւոր Սերժ Սարգսեանի իշխանութեան վերջին տարիներին գրուած գաղտնի այս փաստաթուղթը, որը հիմա դրուած է իմ սեղանին՝ որ տալիս է ամբողջական պատկերացում, թէ ինչ վիճակում է մեր երկիրը, կամ ինչ վիճակում է եղել մեր երկիրը եւ շարունակում է մնալ մեր երկիրը, որովհետեւ այն խնդիրներն, ինչ որ այստեղ գրուած են, բնականաբար, մէկ տարուայ ընթացքում հնարաւոր չէր լինի շտկել։ Այս փաստաթղթից բխող եզրակացութիւնը հետեւեալն է՝ ըստ էութեան, յեղափոխութեան ժամանակաշրջանում, դրանից առաջ եւ ինչ-որ առումով դրանից յետոյ մեր երկիրը գտնւում է համակարգային կաթուածահար վիճակում եւ, ըստ էութեան, սա փաստաթուղթ է այն մասին, որ մեր երկրում պետական հիմնարկները կաթուածահար են, եւ համակարգային առումով մեր պետութիւնն ամբողջութեամբ ձախողուած է։ Ես կարծում եմ, որ այս փաստաթղթի հեղինակները շատ մեծ համարձակութիւն են ցուցաբերել էսպիսի գնահատականներ տալու վերաբերեալ», – ըսած է Փաշինեանը, նշելով՝ փաստաթուղթի բովանդակութեան ծանօթանալը կ’օգնէ աւելի լաւ հասկնալ, թէ ինչ կը կատարուի երկրին մէջ եւ ինչ խնդիրներ պէտք է լուծել։

Վարչապետը մանրամասնեց՝ այսօր Հայաստանի մէջ չկան հիմնարկներ, որոնք լուծեն մարդոց հարցերը, լուծեն ամենաբազմազան խնդիրները։

Փաշինեանը նշած է ամենաթարմ՝ ճանապարհաշինութեան օրինակը։

«Թւում է, թէ կայ գումար, այս տարի աննախադէպ մեծ գումար ենք յատկացրել ճանապարհաշինութեան համար, այդ գումարը Կառավարութիւնը յատկացրել է, թւում է, թէ այլեւս պէտք է ճանապարհները կառուցուեն որակով, ժամանակին, պատշաճ ձեւով, բայց ամէն ինչ չէ, որ այդքան պարզ է, որովհետեւ նախորդ տարի մենք ունեցանք դէպքեր, երբ որ մրցոյթն ինչ-որ ընկերութիւն շահում է, յաղթում է, բայց արդիւնքում պարզւում է, որ ճանապարհը կառուցուել է մի որակով, որը 6 ամսուայ ընթացքում պիտի քանդուի: Ճիշդ է՝ հիմա մենք մեխանիզմներ ենք ստեղծել եւ այդ ընկերութիւններին վճարումներ չենք անում, բայց էութիւնը սրանից չի փոխւում, որովհետեւ կորսւում է ժամանակը, փչանում է տրամադրութիւնը, տրամադրուածութիւնը», – ըսած է վարչապետը՝ շարունակելով․ – «Կարդալով այս փաստաթուղթը՝ եւս մէկ անգամ համոզւում եմ, որ Հայաստանում, ըստ էութեան, կառավարման համակարգը յենուած է եղել կաշառակերութեան վրայ, եւ երբ որ կաշառակերութիւնը հանում ես, պարզւում է՝ տակն էլ կառավարման համակարգ չկայ: Սա ամենամեծ խնդիրն է։ Մեր կառավարութիւնը կանգնած է այսպիսի մարտահրաւէրների առաջ: Մենք, ըստ էութեան, պէտք է Հայաստանում զրոյից ստեղծենք հիմնարկներ, որոնք պէտք է լուծեն այն խնդիրները, որոնք կանգնած են մեր երկրի առաջ»:

Փաշինեանը պարզաբանած է՝ հիմնարկ ըսելով նկատի ունի նաեւ անկախ դատական համակարգը, պետական գնումներու համակարգը։

«Մեր երկրում կան հիմնարկներ, որոնք առաջին հայեացքից թւում է, թէ կայացած են, լիարժէք գործունակ են, բայց երբ սկսում ես խորը փորել, հասկանում ես, որ տեքորաթիւ կեղեւի տակ, ըստ էութեան, գործ ունենք համակարգային կաթուածի կամ կիսակաթուածի հետ: Մեզ ամուր ջիղեր են պէտք այս իրավիճակը կառավարելու ու լուծելու համար՝ այն առումով, որ մենք պէտք է ոչ թէ խուճապահար վազենք բոլոր հնարաւոր հարցերի յետեւից, այլ մարտավարական, ռազմավարական առաջնահերթութիւններ ունենանք ու հերթով, առանց տուրք տալու զգացմունքային ֆոներին, այդ խնդիրները հերթով պէտք է լուծենք», – ըսած է վարչապետը

Հարակից Նյութեր

Leave a Comment