Home ՀԱՅԱՍՏԱՆ Օտարերկրեայ Քաղաքացիներու Անշարժ Գոյք Գնելը Աճած է Հայաստանի Մէջ

Օտարերկրեայ Քաղաքացիներու Անշարժ Գոյք Գնելը Աճած է Հայաստանի Մէջ

by MassisPost

Հայաստանի անշարժ գոյքի շուկային մէջ աշխոյժութիւն կը նկատուի, աճած են ինչպէս առուվաճառքի գործարքներու քանակը, այնպէս ալ բնակարաններու գիները: Ընդ որում, աւելցած է նաեւ օտարերկրեայ քաղաքացիներու կողմէ կատարուող առուվաճառքներու թիւը, անշարժ գոյքի գործակալութիւններէն որոշները աճը նկատած են յեղափոխութենէն ետք, ոմանք՝ աւելի վաղ: «Արմէնբրես»-ը այս թեմայով զրուցած է անշարժ գոյքի գործակալութիւններու ու պատկան մարմնի ներկայացուցիչներու հետ:

«Դեռ նախորդ տարուայ Ապրիլ-Մայիսից գների կայուն աճ ենք արձանագրում: Նոյնը որոշակի տատանումներով շարունակուել է նաեւ 2019-ին: Գների վրայ ազդող գործօններից մէկն առուվաճառքի գործարքներն են, որոնք աճել են: Բացի այդ, կառավարութեան կողմից որոշակի ծրագրեր են իրականացւում, որոնք խթանում են անշարժ գոյքի նկատմամբ պահանջարկը, օրինակ՝ եկամտահարկի վերադարձի ծրագիրը: Դրամատները եւս որոշակիօրէն բարելաւել են վարկերի պայմանները: Այս բոլորը նպաստել են բնակարանների առուվաճառքի գործարքների, հետեւաբար՝ գների աճմանը»,-ըսած է Անշարժ գոյքի քատասթրի կալուածագրի պետական կոմիտէի համակարգուած դիտարկումներու բաժնի պետի ժ/պ Աննա Նազարեանը:

Քատասթրի կալուածագրի կոմիտէի հրապարակած տուեալներով՝ 2019-ի երկրորդ եռամսեակին Հանրապետութեան մէջ անշարժ գոյքի նկատմամբ իրականացուած է իրաւունքի պետական գրանցման 46 հազար 798 գործարք, որ առաջին եռամսեակի համեմատ աճած է 24,3 %-ով, իսկ 2018 թուականի երկրորդ եռամսեակի համեմատ` 17,3 %-ով:  Ընդ որում, 2019-ի երկրորդ եռամսեակին իրականացուած է անշարժ գոյքի առուվաճառքի 12483  գործարք՝ 2018-ի նոյն ժամանակի 11 190-ի եւ 2017-ի նոյն ժամանակի 8 834-ի համեմատ:

2019-ի երկրորդ եռամսեակին Երեւանի կեդրոնին մէջ բազմաբնակարան շէնքերու բնակարաններու 1 քառ. մ մակերեսի հաշուարկով շուկայական միջին գինը եղած է 595 հազար դրամ՝  նախորդ տարուայ նոյն ժամանակի 517 հազար 400 դրամի համեմատ՝ աճելով շուրջ 15 տոկոսով: Ընդ որում, 2019-ի երկրորդ եռամսեակի ցուցանիշը առաջին եռամսեակի համեմատ եւս աճած է 2,9 տոկոսով:  Նոյն ժամանակին աճ նկատուած է նաեւ Նուպարաշէնի մէջ՝ 1 քառ. մ մակերեսի հաշուարկով շուկայական միջին գինը 174 հազար 200 դրամ՝ նախորդ տարուայ 165 հազար 800 դրամի համեմատ: Գիներու աճ նկատուած է նաեւ որոշ մարզերու մէջ:

Նազարեանը նկատած է՝ ցանկացած երկրի մէջ, երբ տունը ունի լաւ արժէք, դրական է: «Դա ինչ-որ ձեւ բնութագրում է նաեւ երկրի իրավիճակը: Ուրեմն երկրում մարդկանց վաղուայ օրուայ նկատմամբ հաւատ կայ: Դա կայունութեան նշան է»,-ըսած է ան:

Օտարերկրեայ քաղաքացիներու կողմէ կատարուած առուծախի գործարքներու 76 տոկոսը եղած է Ռուսաստանէն, 8 տոկոսը ԱՄՆ-էն եւ 7,1 տոկոսը՝ եւրոպական պետութիւններէն: «Ռուսաստանից առուվաճառքի գործարքներ կատարողների զգալի մասը հայեր են, իսկ ԱՄՆ-ից եւ եւրոպական երկրներից հենց ամերիկացիներ ու եւրոպացիներ»,-նկատած է Նազարեանը:

Օտարերկրեայ քաղաքացիները 2019-ի երկրորդ եռամսեակին Հայաստանի մէջ ամենաշատ գնած են բնակարան, կատարուած է բնակարանի առքի  237 գործարք, այնուհետեւ՝ անհատական բնակելի տան առքի 99 գործարք, հողի առքի 88 գործարք եւ այլն:

Հարակից Նյութեր

Leave a Comment