Home ՀԱՅԱՍՏԱՆԱՐՑԱԽ Վաղարշակ Յարութիւնեան. Ռոպերթ Քոչարեանը Ատրպէյճանցիներուն Հետ Բանակցած է Մեղրին Լաչինի Հետ Փոխանակելու Տարբերակը

Վաղարշակ Յարութիւնեան. Ռոպերթ Քոչարեանը Ատրպէյճանցիներուն Հետ Բանակցած է Մեղրին Լաչինի Հետ Փոխանակելու Տարբերակը

by MassisPost

Ըստ Հայաստանի պաշտպանութեան նախկին նախարար Վաղարշակ Յարութիւնեանի, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանը ատրպէյճանցիներուն հետ բանակցած է Մեղրին Լաչինի հետ փոխանակելու տարբերակը։

«Ազատութեան» «Քաղաքականութիւնը ներսէն» հաղորդման ժամանակ Յարութիւնեանը ըսած է՝ «կու գայ ժամանակը եւ կարող է նաեւ փաստաթուղթ ներկայացնել»։

«Քանի որ այս հարցը շատ հրատապ է այսօր, եւ հասարակութիւնն ուզում է իմանալ սրա մասին եւ Անդրանիկ Քոչարեանը շատ յստակ դա ներկայացրեց՝ այո՛, այդպիսի փաստ տեղի ունեցել է, ես սրա մասին խօսել եմ նաեւ 2001 թուականին, բայց ներկայացնեմ, թէ ինչպէս է դա եղել՝ երբ, որ ես նշանակուել եմ պաշտպանութեան նախարար, Վազգէն Սարգսեանն ինձ ամարանոցում դուրս է հրաւիրում, մենք նստած էինք իր կառավարական ամարանոցում, եւ ներկայացրեց, որ այսպիսի տարբերակ կայ, ներկայացւում է, եւ ասաց՝ «ես խնդրում եմ սրա մասին ոչ մէկին մի ասա, որ ես քեզ դա ասել եմ»։ 1999 թուականի Յուլիս ամսին, մինչեւ Հոկտեմբերի 27-ը, մենք հանդիպում ենք Սադարակում՝ Քոչարեանն ու ես, Ատրպէյճանի պաշտպանութեան նախարարը եւ Հէյտար Ալիեւը եւ այնտեղ այդ հարցը քննարկւում է, որից յետոյ Քոչարեանն ինձ հրաւիրում է իր աշխատասենեակ եւ այնտեղ ներկայացնում է այդ տարբերակը, ներկայացնում է, որ սա դրական տարբերակ է եւ կ’ապահովի Հայաստանի զարգացումը։ Ինչին, բնական է, ես առարկութիւններ եմ ունեցել, ասել եմ, որ սա տարբերակ է… բայց մանրամասներին չեմ ուզում այսօր անդրադառնալ։ Հիմնականում սա է եղել։ Բացի դրանից ես նաեւ Հոկտեմբերի 27-ից յետոյ մասնակցել եմ բանակցութիւնների, երբ որ կարելի է ասել դիակները դեռ չէին սառել, համանախագահները հանդիպել են իմ հետ եւ այդ տարբերակը ներկայացրել եմ։ Եղել են բանակցութիւններ, որտեղ նոյնպէս ես ասել եմ, որ «այս տարբերակը չի ապահովում Հայաստանի անվտանգութիւնը», որից յետոյ եւս մէկ անգամ հանդիպում է եղել համանախագահների հետ, որտեղ նոյնպէս ես դա բացառել եմ։ Մանրամասները ես յետագայում կը ներկայացնեմ՝ ինչպէս է դա եղել, ինչ տարբերակ է առաջարկուել եւ ինչպէս է դա աւարտուել»,-ըսած  է Հայաստանի պաշտպանութեան նախկին նախարար Վաղարշակ Յարութիւնեանը ։

«Ազատութեան» հարցին, թէ «Պարոն Յարութիւնեան, ճի՞շդ ենք հասկանում, որ Հայաստանի այն ժամանակուայ նախագահ Ռոպերթ Քոչարեանը ատրպէյճանական կողմի հետ՝ Հէյտար Ալիեւի հետ, քննարկել է Մեղրին Լաչինի հետ փոխանակելու տարբերակ։ Նստել է բանակցութիւնների սեղանի շուրջ եւ քննարկել է», Յարութիւնեանը պատասխանած է. «Ես ասում եմ՝ մենք գնացել ենք այդ բանակցութիւնների, որտեղ որ այդ տարբերակի մասին խօսք է գնացել եւ Ատրպէյճանի պաշտպանութեան նախարարը դրա մասին ինձ ներկայացրել է։ Նորից եմ ասում՝ ես հիմա չեմ ուզում մանրամասնել, թէ ինչ տարբերակ է եղել, ինչ առաջարկ է եղել, ես դրան կ’անդրադառնամ որոշ ժամանակ անց»։

Հարակից Նյութեր

Leave a Comment