Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի թիկնազօրի նախկին պետ Վաչական Ղազարեանը, որ այս պահուն կալանաւորուած է, յայտարարութիւն տարածած է։
«Քրէական վարոյթն իրականացնող մարմնին ներկայացրել եմ իմ եւ իմ կնոջ պանքային հաշիւներին շուրջ տաս տարի առկայ, ինչպէս նաեւ մեր բնակարանում խուզարկութեան ժամանակ առգրաւուած կանխիկ դրամական միջոցների ծագման աղբիւրները։ Մասնաւորապէս, յայտնել եմ , որ դրանց զգալի մասը պատկանում է ՀՀ-ից դուրս բնակող յայտնի գործարար եւ բարերար իմ մտերիմ ընկերոջը, որի տուեալները նպատակայարմար չեմ համարում այս պահին հրապարակել։
Այդ գումարների ծագման աղբիւրները օրինական են, որի վերաբերեալ ապացոյցներ ներկայացուել են վարոյթն իրականացնող մարմնին։ Այդ գումարները ստացուել են մինչեւ ապօրինի հարստացման քրէականացումը այսինքն, մինչեւ 2017 թուականի Յուլիսի 1-ը։
Նշուած գումարները յօգուտ պետութեան բռնագրաւուելու նպատակով քրէական վարոյթն իրականացնող մարմնի յանձնարարութեամբ տարբեր պետական մարմինների կողմից փորձ է արուում տարբեր եղանակներով իմ եւ իմ ընտանիքի անդամների հետ կապել մի շարք ընկերութիւններ, պիզնեսներ, ապօրինի կալանքի տակ են գտնուում ինձ հետ ազգակցական եւ խնամիական կապի մէջ գտնուող անձանց պատկանող գոյքերը եւ դրամական միջոցները։ Ինձ հետ կապ չունեցող ընկերութիւններում իրականացուում են հարկային ստուգումներ, որոնց արդիւնքները փորձ է արուում կապել իմ անուան կամ վերը նշուած դրամական միջոցների հետ։
Կարծում եմ, որ այս հանգամանքներով է պայմանաւորուած նաեւ դատական մարմինների ենթակայական դիրքորոշումը, որոնք շարունակում են մերժել գրաւի դիմաց ինձ ազատ արձակելու մեր բոլոր հիմնաւորուած միջնորդութիւնները եւ հիմք են ընդունում վարոյթն իրականացնող մարմնի ոչնչով չպատճառաբանուած փաստարկները։ Նման պայմաններում ունեմ մտավախութիւն, որ առանց բաւարար հիմքերի դատարանի կողմից կ’երկարաձգուի նաեւ կալանքի տակ ինձ պահելու ժամկէտները։
Անկախ այս ամէնից ես եւ ընկերս քրէական վարոյթն իրականացնող մարմնի համաձայնութեան դէպքում պատրաստակամ ենք վերը նշուած ամբողջ դրամական միջոցները, մօտ 6 /վեց/ միլիոն տոլարի չափով փոխանցել պետութեանը՝ ՀՀ եւ ԱՀ անվտանգութեան ամրապնդմանն ուղղուած ծրագրերի իրականացման կամ պետական այլ կարիքների համար»,-ըսուած է յայտարարութեան մէջ։