Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ «Մարտի 1»-ին Բանակը Կրակած է Մարդոց, Բնակարաններուն Ուղղութեամբ. ՅՔԾ Պետ

«Մարտի 1»-ին Բանակը Կրակած է Մարդոց, Բնակարաններուն Ուղղութեամբ. ՅՔԾ Պետ

by MassisPost

«Բանակը ոչ միայն մասնակցել է «Մարտի 1»-ին, բանակը կրակել է», այս մասին յայտարարած է Յատուկ քննչական ծառայութեան պետ Սասուն Խաչատրեանը՝ Ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէն Արթուր Վանեցեանի հետ համատեղ մամլոյ ասուլիսի ժամանակ:

«Մեր քննութեամբ արդէն իսկ հիմնաւորուել են, որ բանակը ոչ միայն մասնակցել է «Մարտի 1»-ի այս միջոցառումներին, բանակը կրակել է, բանակը կրակել է մարդկանց, բնակարանների ուղղութեամբ, այսինքն՝ բանակն ամբողջ ծաւալով մասնակցել է այս գործողութիւններին: Երկրորդ՝ ես ցանկանում եմ բացայայտում անել, որը չէի ցանկանում անել, ճիշդ ասած, բայց այսօր առիթ է եւ պէտք է հասարակութիւնն իմանայ՝ այս գաղտնի հրամանից յետոյ, երբ որ որոշուել է, որ Երեւանում հաւաքել տարբեր զօրամիաւորումներից զինծառայողների, սահմաններում շաբաթներով կանգնած զինուորը հերթապահել է առանց հերթափոխի եւ ստեղծուել են շատ վտանգաւոր իրավիճակներ եւ արդիւնքում, գիտէք, եղել է նաեւ տիւերսիա», – ըսած է Խաչատրեանը:

Անոր գնահատմամբ, ամենախայտառակ բանը, որ ըրած են այդ օրերուն բանակի հետª զինուորներուն վարձկաններու վերածելն է:

«Արդէն իսկ քրէական գործով հիմնաւորուել է, որ օլիկարխների կողմից այդ ընթացքում՝ Փետրուարի 23-ից յետոյ մինչեւ Մարտի 7-8 ընկած ժամանակահատուածը, բանակի զինուորներին բաժանուել են գումարներ նրա համար որպէսզի նրանք պաշտպանեն իրենց, իրենց ունեցուածքը, իրենց քաղաքական մկրտումները», – ըսած է Ազգային Անվտանգութեան Ծառայութեան պետը՝ ցուցադրելով մատեան մը, որն, ըստ անոր, առգրաւուած է Յատուկ քննչական ծառայութեան քննիչի կողմէն:

«Այստեղ հատ-հատ նշուած են այն զինծառայողները եւ գումարների չափերը: Այդ գումարները հանուել են օլիկարխների, պետական բարձր պաշտօն զբաղեցնող անձանց հաշիւներից: Քոնքրեթ անձանց հաշիւները կը հրապարակենք յետագայում, այս պահին ես չգիտեմ ոնց են սրա բացատրութիւնը տալու մեր երկրի նախկին ղեկավարները, ինչպէ՞ս են նրանք այս բանակի զինուորներին դարձրել վարձկաններ», – ըսած է Խաչատրեանը:

Հարցին, թէ անուններ պիտի հրապարակեն, Խաչատրեանը պատասխանած է. -«Անունները կը նշեմ յետագայում: Նշենք, որ փախնե՞ն»:

Հարակից Նյութեր

Leave a Comment