Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Յայտարարութիւնը` Ռոպերթ Քոչարեանի Կալանաւորման Վերաբերեալ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Յայտարարութիւնը` Ռոպերթ Քոչարեանի Կալանաւորման Վերաբերեալ

by MassisPost

Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութիւնը ողջունում է Հայաստանում օրինականութեան վերականգնմանը, օրէնքի առջև բոլորի հաւասարութեանը միտուած այն գործընթացը, որը սկսուել է թաւշեայ յեղափոխութեան արդիւնքում ձեւաւորուած կառավարութեան կողմից:

Յեղափոխութեան հիմքում սերն ու համերաշխութիւնն էր, ատելութեան բացառումը, ինչը մեզ թոյլ տուեց առանց մէկ կաթիլ արիւն թափելու ազատագրել Հայաստանը։

Համոզուած ենք, որ ՀՀ Երկրորդ նախագահի՝ Ռոպերթ Քոչարեանի հանդէպ սկսուած դատավարութիւնը կը կայանայ արդարադատութեան տառին համապատասխան։ Հոկտեմբերի 27-ի արիւնալի սպանդով , պետականութեան հիմնասիւն հանդիսացող այրերի գնդակահարութեամբ, մինչ օրս չբացայայտուած քաղաքական սպանութիւններով, այլախոհների նկատմամբ ճնշումներ, հալածանքներ կիրառելով, ընտրութիւնների կեղծմամբ, կրիմինալի և օլիգարխիայի՝ պետական համակարգի հետ սերտաճմամբ իշխանութիւն պահած անձի գործունէութեանը պէտք է տրուեն նաև քաղաքական գնահատականներ։ Անհրաժեշտ է քննել, թէ ի՞նչ պայմաններում Հայաստանի Հանրապետութեան ռազմավարական կարևորագոյն օբյեկտները յանձնուեցին օտար պետութիւններին, սփիւռքեան բազմամիլիոն օգնութիւնները որ ուղղութեամբ մսխուեցին, և այլն։

Երկրի քաղաքական ու հասարակական մթնոլորտի առողջացման համար չափազանց կարևոր են անձեռնմխելի ու անպատժելի դասի իսպառ վերացումն ու գործած յանցանքների համար պատասխանատուութիւն կրելուց անխուսափելիութիւնը:
Քաղաքական գնահատականի և իրաւական փաստերի համակցումը հնարաւորութիւն կտա երաշխաւորել բոլոր ապագայ իշխանութիւնների զսպուածութիւնն ու պատժելիութիւնն մթնոլորտի ձևաւորման բացառումը:

Միաժամանակ խիստ մտահոգիչ ենք համարում որոշ քաղաքական ուժերի կողմից՝ դատաիրաւական համակարգի հանդէպ անվստահութեամբ լցուած յայտարարութիւնների տարածումը, մասնաւորապէս՝ նախկին կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի յայտարարութիւնները՝ քաղաքական հետապնդումների,Ռոբերտ Քոչարյանի հանդէպ հաշուեյարդարի վերաբերեալ։

ՍԴՀԿ-ն մշտապէս գործելով ընդդիմադիր դաշտում քոչարյանական իշխանութեան օրօք մշտապէս քաղաքական հալածանքների է ենթարկուել, իսկ մարտի 1ին, կանգնած լինելով համաժողովրդական շարժման կողքին, իր մաշկի վրայ է զգացել ռեժիմի ողջ ռեպրեսիոն գործիքակազմը։

Որպէս աշխարհասփիւռ Հնչակեան ընտանիքի անդամ մեր անվերապահ զուգակցութիւնն ենք յայտնում Նոր Հայաստանի իրաւահաւասար պետութիւն դառնալու գործընթացին։

Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Հայաստանի Վարչութիւն

Հարակից Նյութեր

Leave a Comment