Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Նիկոլ Փաշինեանի Հանդիպումը Թիֆլիսահայ Համայնքի Հետ

Նիկոլ Փաշինեանի Հանդիպումը Թիֆլիսահայ Համայնքի Հետ

by MassisPost

Պաշտօնական այցով Վրաստանի մէջ գտնուող վարչապետ Նիկոլ Փաշինեանը այցելած է «Խոջիվանք» պանթէոն, ուր ծաղիկներ դրած է Յովհաննէս Թումանեանի, Րաֆֆիի եւ Գաբրիէլ Սունտուկեանի շիրիմներուն՝ յարգանքի տուրք մատուցելով անոնց յիշատակին: Այնուհետեւ վարչապետը ուղեւորուած է Թիֆլիսի Ս. Գէորգ եկեղեցի, ուր վարչապետը դիմաւորած են Հայ Առաքելական եկեղեցւոյ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանը եւ Վրաստանի հայ համայնքի բազմաթիւ ներկայացուցիչներ: Նիկոլ Փաշինեանը եկեղեցւոյ բակը ծաղիկներ դրած է Սայեաթ Նովայի շիրիմին եւ կատարած մոմավառութիւն: Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանը մատուցած է փառաբանական աղօթք եւ վարչապետ Փաշինեանի գլխաւորած կառավարութեան մաղթած ուժ ու կորով:

pashinian-tbilisi-2

Նիկոլ Փաշինեանը շնորհակալութիւն յայտնած է վիրահայերուն ջերմ ընդունելութեան համար եւ նշած, որ ուրախ է անոնց տեսնել բարձր տրամադրութեամբ:

«Այն յաղթանակը, որ ժողովուրդը արձանագրեց Երեւանում նաեւ ձերն է, դուք այդ յաղթանակի լիարժէք կրողն ու շահառուն էք, որովհետեւ այն տեղի է ունեցել ձեր հայրենիքում: Մենք զգացել ենք ձեր աջակցութիւնը եւ զօրակցութիւնը, ձեր յղած բարի ցանկութիւնները հասած են տեղ՝ Հանրապետութեան հրապարակ, եւ այսօր այն համազգային ոգեւորութիւնը, որ տիրում է հայ ժողովուրդի շրջանում, այն կերտել է ձեզնից իւրաքանչիւրն իր մտքով, իր ցանկութեամբ, իր կամքով, իր սիրոյ եւ համերաշխութեան զգացումով: Յեղափոխութիւնը, որ տեղի է ունեցել Երեւանում՝ մենք անուանում ենք սիրոյ եւ համերաշխութեան յեղափոխութիւն, եւ ես այսօր այստեղ եմ եկել սիրոյ եւ համերաշխութեան ուղերձով:

Ուզում եմ ասել ձեզ, որ սիրում եմ բոլորիդ, բոլորիդ միասին եւ իւրաքանչիւրիդ առանձին: Ես հպարտանում եմ ձեզնով, հպարտանում եմ՝ ձեր կամքով, հպարտանում եմ՝ ձեր աչքերի մէջ տեսնելով հայ լինելու հպարտութիւնը, հպարտանում եմ՝ տեսնելով Հայաստանի եւ Վրաստանի յարաբերութիւնները, հպարտանում եմ՝ համոզուած լինելով, որ մեր երկրների յարաբերութիւնները գնալով աւելի ու աւելի են խորանալու ու ամրապնդուելու եւ հայերն իրենց աւելի լաւ են զգալու Վրաստանում, իսկ վրացիները՝ Հայաստանում:

Այսօր ամենաբարձր արժէքը, որ ունեն հայ եւ վրացի ժողովուրդները՝ պետականութիւնն է եւ անկախութիւնը, մենք պաշտպանելու ենք մեր ինքնիշխանութիւնը, պաշտպանելու ենք սեփական հայրենիքն ու երջանիկ լինելու մեր ժողովուրդի իրաւունքը: Այսօր շատ են ասում, ցանկանում, մի փոքր էլ կասկածով յոյս յայտնում, որ այս ամէնը կը բերի նոր յաջողութիւնների, մաղթում են, որ հիասթափութիւն տեղի չունենայ: Չի կարող լինել հիասթափութիւն, որովհետեւ մենք ծառայել ենք, ծառայում ենք եւ ծառայելու ենք հայ ժողովուրդին: Ես ասել եմ ու ասում եմ՝ մեր ամենամեծ առաքելութիւնը հող դառնալն է մեր ժողովուրդի ոտքերի տակ, որ նրանք ամուր կանգնեն մեզ վրայ եւ տանեն նորանոր յաղթանակներ:

Հայ ժողովուրդն այլեւս երբեք չի պարտուելու, որովհետեւ հայ ժողովուրդը յաղթանակի ժողովուրդ է, հայ ժողովուրդը հպարտութեան ժողովուրդ է, հայ ժողովուրդն Աստծոյ ժողովուրդ է:

Եւ ուրեմն, կեցցէ՛ ազատութիւնը, կեցցէ՛ Վրաստանը, կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը, կեցցէ՛ հայ-վրացական եղբայրութիւնը, կեցցե՛նք մենք եւ մեր երեխաները, որ դառնալու ենք 5, 10 միլիոն»,- նշած է վարչապետ Փաշինեանը:

Հարակից Նյութեր

Leave a Comment