«Հայկական ժամանակ» թերթը կը գրէ. «ՀՀ մշակոյթի նախարար Արմէն Ամիրեանը տեղեկութիւն չունի Հայաստանի Հանրապետութեան օրհներգը «Քեզ համար, Հայաստան» երգով փոխարինելու հաւանականութեան մասին:
«Առաջին անգամ ձեզանից եմ լսում»,- մեր հարցին պատասխանելով` ասաց նա եւ հաւելեց, որ «Քեզ համար, Հայաստանը» շատ լաւ երգ է:
Ինքը կողմ կը լինի՞ հիմնի այդ տարբերակին: «Ամէն բան պէտք է արուի համընդհանուր քննարկման եւ մրցոյթի արդիւնքում»,- արձագանգեց Երեւանի քաղաքապետարանում Տարօն Մարգարեանի երդմնակալութեան արարողութեանը մասնակցելու եկած Արմէն Ամիրեանը:
Ինչ վերաբերում է օրակարգում Հայաստանի օրհներգի փոփոխութեան հարց լինելուն, մշակոյթի նախարարը պատասխանեց. «Ես կ’ուզէի, որ լինէր»:
Հայաստանի ազգային օրհներգ «Մեր հայրենիք»-ը «Քեզ համար, Հայաստան»-ով (ֆր. Pour toi Arménie) փոխարինելու հաւանականութեան մասին խօսել է Շառլ Ազնաւուրը:
«Հայաստանի այժմեան օրհներգն առանձնապէս ոչինչ չի ասում եւ, հնարաւոր է, Pour toi Arménie-ն նոր օրհներգը դառնայ: Դա այն է, ինչ ես ուզում եմ: Նախագահ Սերժ Սարգսեանը համաձայն է ինձ հետ, եւ ոչ միայն նա»,- ասել է Le Club de Richard Findykian ռատիօհաղորդաշարին հիւրընկալուած շանսոնիէն»: