Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Ընտրութիւնները Ազատ Չեն Եղած. Ընտրողներու Զանգուածային Վերահսկողութիւն

Ընտրութիւնները Ազատ Չեն Եղած. Ընտրողներու Զանգուածային Վերահսկողութիւն

by MassisPost

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի յայտարարութիւնը 2017 թուականի Ազգային ժողովի ընտրութիւններու վերաբերեալ

Ընտրական գործընթացների վերաբերեալ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիական հասարակութեան կողմից մշտապէս առանձնացուել են մի շարք հիմնախնդիրներ, որոնց չլուծուածութիւնը հիմք է տալիս կասկածի տակ առնել երկրում կազմակերպուած ընտրութիւնները:

Այդ հիմնախնդիրներից են վարչական ռեսուրսների կազմակերպուած եւ զանգուածային չարաշահումը եւ դրա դէմ պայքարի անարդիւնաւէտութիւնը, թեկնածուների հաւասար մրցակցային հնարաւորութիւնների բացակայութիւնը, ընտրողների ազատ կամքի արտայայտման խոչընդոտների դէմ անարդիւնաւէտ պայքարը, ընտրութիւնների նկատմամբ քաղաքացիական վերահսկողութեան սահմանափակումները,   ընտրախախտումների եւ քուէարկութեան արդիւնքների արդիւնաւէտ բողոքարկման մեխանիզմների ու հնարաւորութիւնների բացակայութիւնը:

2016թ. ընդունուած նոր ընտրական օրէնսգիրքը որեւէ պատասխան չտուեց այս մտահոգութիւններին, այլ առաւել խորացրեց վարչական ռեսուրսի ու տարբեր լծակների կիրառման հնարաւորութիւնը` համամասնական ընտրակարգի հիմքում դնելով տարածքային ընտրական ցուցակներով առաջադրման հնարաւորութիւնը:

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի կողմից դեռեւս նախընտրական քարոզչութեան դիտարկման ընթացքում արձանագրուել է, որ.

  1. Նախընտրական քարոզչութիւնն ուղեկցուել է բռնութիւններով եւ ճնշումներով, այդ թուում հրազէնի գործադրմամբ, որն ուղղուած է եղել հիմնականում ոչ իշխանական եւ/կամ ընդդիմադիր կուսակցութիւնների եւ դաշինքների թեկնածուների եւ համակիրների դէմ:
  2. Իշխող ՀՀԿ-ի կողմից կիրառուել է վարչական ռեսուրսների կազմակերպուած եւ զանգուածային չարաշահում:
  3. ԿԸՀ-ի հասցէագրուած  հանրագրերում բարձրացուած հարցադրումները ամբողջ ծաւալով, այդ թուում բազմակողմանի քննութեան չեն առնուել ԿԸՀ-ի կողմից: Իսկ ԿԸՀ-ն իր հերթին բաւարար ջանք չի ներդրել եւ կամք չի դրսեւորել քարոզչութեան ընթացքում յայտնի դարձած եւ հաստատուած իրաւախախտումները կանխելու, դրանց հետեւանքները վերացնելու ուղղութեամբ:

Անհրաժեշտ է արձանագրել, որ քարոզարշաւի վերջին օրերին եւ յատկապէս քուէարկութեան օրը եւ նախորդող լռութեան օրը բազմաթիւ ահազանգեր են ստացուել Հայաստանի Հանրապետական կուսակցութեան, Հայ յեղափոխական դաշնակցութեան եւ «Ծառուկեան» կուսակցութիւնների դաշինքի կողմից ընտրակաշառքների զանգուածային, համատարած բաժանման մասին, որոնց վերաբերեալ հաւաստի տեղեկութիւնները տարածուել են նաեւ զանգուածային լրատուութեան միջոցներով եւ սոցիալական կայքերով: Չնայած դրան, իրաւապահների կողմից ընտրակաշառքի գեթ մէկ դէպք առ այսօր չի բացայայտուել կամ կանխուել:

2017թ. ապրիլի 2-ին «Անկախ դիտորդ» դաշինքի շրջանակներում հանրապետութեան ողջ տարածքի 200 տեղամասային եւ 35 տարածքային յանձնաժողովներում դիտորդութիւն իրականացրած դիտորդները զեկուցել են աւելի քան 3050 խախտումների մասին, որոնց հիմնական մասն իրենց բնոյթով կարող էին ազդեցութիւն ունենալ ընտրութիւնների արդիւնքների վրայ:

Դիտարկուած 200 տեղամասերից 134-ում (67 տոկոսում) ըստ էութեան խախտուել է անձանց քուէարկութեան գաղտնիութիւնը, քանի որ գրանցուել են դէպքեր, երբ քուէարկութեան խցիկում եղել են այլ չափահաս անձինք, ովքեր օրէնքով սահմանուած կարգով ընտրողին օգնող չեն հանդիսացել: Տեղամասերից 101-ում (50,5 տոկոսում) գրանցուել են քուէաթերթիկները քուէախցիկից դուրս լրացնելու դէպքեր: Տեղամասերից 59-ում (29,5 տոկոսում) գրանցուել են քուէարկելուց յետոյ յանձնաժողովի անդամներին կամ վստահուած անձանց քուէարկութեան մասին տեղեկացնելու կամ բարձրաձայնելու դէպքեր:

Այս ամէնը վկայում է քաղաքացիների քուէարկութեան նկատմամբ աննախադէպ  վերահսկողութեան մասին: Քուէարկութեան օրուայ հիմնական բնութագրող խախտումներ են հանդիսացել նաեւ պարբերական կուտակումները ընտրատեղամասերի մօտ, որոնք առաջացել են ընտրողներին խմբերով տեղամասեր տեղափոխելու եւ ուղղորդման հետեւանքով: Դիտարկուած տեղամասերից 99-ում (49,5 տոկոսում) քուէարկութեան տարբեր ժամերին գրանցուել են վիճաբանութիւններ, ինչը եւս մէկ անգամ վկայում է քուէարկութեան օրը տեղամասերից առնուազն կէսում լարուած մթնոլորտի մասին:

Ելնելով վերոգրեալից «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքն արձանագրում է`

  1. Նախընտրական քարոզչութեան ընթացքում արձանագրուած շատ խնդիրներ (վարչական ռեսուրսների զանգուածային եւ կազմակերպուած չարաշահում, առաջադրուած կուսակցութիւնների եւ դաշինքների մրցակցային անհաւասար պայմաններ) եւ դրանց կանխման, վերացման ուղղութեամբ ՀՀ Կեդրոնական ընտրական յանձնաժողովի, Ոստիկանութեան, այլ իրաւապահ մարմինների ոչ պատշաճ արձագանգի եւ անգործութեան արդիւնքում ձեւաւորուած անպատժելիութեան մթնոլորտը իր  ազդեցութիւնն ունեցաւ նաեւ քուէարկութեան օրը:
  2. Տարածքային թեկնածուների միջոցով իշխող կուսակցութեան համար ցանկալի արդիւնքների ապահովումն իրականացուեց ընտրակաշառքների եւ այլ ապօրինի միջոցներով, որոնք որեւէ կերպ չկանխուեցին եւ առայժմ պատշաճ չքննուեցին իրաւասու մարմինների կողմից:
  3. ՀՀ Ազգային ժողովի քուէարկութիւնն ընթացաւ բազմաթիւ խախտումներով եւ քուէարկողների նկատմամբ զանգուածային վերահսկողութեան պայմաններում:

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը 2017թ. ապրիլի 2-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրութիւնները գնահատում է ամբողջութեամբ ոչ ազատ եւ ուղեկցուած ՀՀ քաղաքացիների քաղաքական եւ քաղաքացիական իրաւունքների կոպիտ ոտնահարմամբ:

«Անկախ Դիտորդ» հասարակական դաշինք, ի դէմս՝Հելսինքեան Քաղաքացիական Ադամպլէայի Վանաձորի գրասենեակի, Իրազեկ քաղաքացիների միաւորման, Մարտունու կանանց համայնքային խորհրդի, Գորիսի մամուլի ակումբի

Հարակից Նյութեր

Leave a Comment