Ֆութպոլի աշխարհի 2018 թուականի առաջնութեան ընտրական մրցաշարքի 5-րդ հանգրուանին Հայաստանի ազգային հաւաքականը այսօր սեփական հարկի տակ 2:0 հաշիւով առաւելութեան հասաւ Ղազախստանի հաւաքականի նկատմամբ։
Երեւանի Վազգէն Սարգսեանի անվան Հանրապետական մարզադաշտին մէջ կայացած հանդիպման հաշիւը 73-րդ վայրկեանին բացաւ Հայաստանի հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը, իսկ երկու վայրկեան անց Արաս Օզբիլիսը երկրորդ գնդակը ուղարկեց մրցակիցի դարպասը։
64-րդ վայրկեանին Մխիթարեանի դէմ կոպիտ խաղի համար երկրորդ դեղին քարտը ստացաւ և խաղադաշտէն հեռացուեցաւ Ղազախստանի հաւաքականի ֆութպոլիստ Սերգեյ Մալին:
Այս ընտրական մրցաշարին Հայաստանի երկրորդ անընդմէջ յաղթանակն է անցեալ տարուայ Հոկտեմբերին Արթուր Պետրոսեանի՝ հաւաքականի գլխաւոր մարզիչ նշանակուելէն յետոյ։ Նոյեմբերի 11-ին Հայաստանը 3:2 հաշիվով առավելության հասաւ Մոնթենեկրօ-ի (Չեռնոգորիայի) նկատմամբ։ Մինչ այդ Հայաստանի կազմը երեք անընդմէջ պարտութիւն կրած էր ընտրական փուլին։
Ղազախստանին յաղթելէ յետոյ Հայաստանի հաւաքականը 6 միաւոր ունի եւ առայժմ կը գրաւէ է 5-րդ խմբակի աղիւսակի 4-րդ հորիզոնականը։
Խմբակի առաջատարը ներկայիս Լեհաստանն է՝ 4 խաղէն ունի 10 միաւոր, որուն կը յաջորդէ Մոնթենեկրօն՝ նոյնպէս 4 խաղէն ունի 7 միաւոր, ապա Դանիան է՝ 6 միաւոր։
Ընտրական մրցաշարի յաջորդ խաղին Հայաստանի հաւաքականը Յունիսի 10-ին կը մրցի Մոնթենեկրօի հետ։