Լրագրողներու հետ զրոյցին, Ազգային Ժողովի նախագահ Ալէն Սիմոնեան անդրադարձած է նախօրէին ՀՀԿ-ի հիմնադրման 35-ամեակին նուիրուած յոբելենական նիստին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի հնչեցուցած մեղադրանքներուն:
«Կարծում եմ՝ որոշել է միաւորներ հաւաքել Ռոպերթ Քոչարեանի հետ բանավէճում: Գիտէ՞ք ինչ. ինքը երբ մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է:
«Ես նոյնիսկ առաջարկում եմ պարոն Սարգսեանին յաջորդ ընտրութիւններին իր դէմքով արդէն հանդէս գալ, մասնակցել բանավէճի Հանրային հեռուստատեսութեամբ, որը նախատեսուած է օրէնքով քարոզարշաւ անցկացնել:
«Ինչ վերաբերում է այդ բառերին՝ «կապիտուլյանտ» եւ այլն, դրանք մերժուածի խօսքեր են: Նախ՝ ինքը հայ ազգի կողմից մերժուած եզակի անձնաւորութիւն է, երկրորդ՝ «կապիտուլյանտն» էլ է ինքը:
«ՀՀ շահի մասին խօսելով՝ իր մերձաւոր շրջապատի, իր փեսաների բարեկեցութիւնն է աւելացել, ոչ թէ բանակի, որ ինքը 80-ականների զէնքերով էր զինւում, բայց իրենք շրջում էին 2007 թուականի ճիփերով ու ապրում էին դղեակներում: Ամօթ է:»,- ըսած է Սիմոնեան՝ Սարգսեանին խորհուրդ տալով նայիլ հայելիին մէջ ու ամչնալ իր անցած ճանապարհէն:
Հարցումին, թէ ի՞նչ նկատի ունեցած է Սերժ Սարգսեանը՝ ըսելով, որ ինք եւ իր գլխաւորած քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն, բոլոր հնարաւորութիւններով պիտի աջակցին ՔՊ-ն իշխանութենէն հեռացնելու նպատակը հետապնդող որեւէ նախաձեռնութեան, Սիմոնեան ըսաւ. «Չգիտեմ, ինչին ուզում է, թող միանայ»: