Հայաստանի արտաքին գործերու նախարար Արարատ Միրզոյեան չի կարծեր, թէ Հայաստանն ու Ատրպէյճանը պատրաստ են այս պահին քննարկելու ներգաւառներու հարցը:
Միրզոյեան այս մասին ըսաւ 2024թ. ամփոփիչ ասուլիսին՝ անդրադառնալով լրագրողի հարցումին:
«Հայաստանի Հանրապետութիւնն ունեցել է ներգաւառներ Ատրպէյճանում: Եղել են ատրպէյճանական ներգաւառներ Հայաստանի տարածքում: Սրանք քաղաքական իրողութիւններ են: Բայց գոյութիւն ունի նաեւ հարցի իրաւական կողմը: Կարծում եմ՝ յանձնաժողովներին (Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ սահմանազատման հարցով յանձնաժողովներ) պէտք է ժամանակ տանք նաեւ այս հարցով զբաղուելու: Չեմ կարծում, թէ երկու երկրները պատրաստ են այս պահին այդ հարցը քննարկելու»,– ըսաւ Միրզոյեան՝ այս հարցը թողելով յանձնաժողովներուն:
Նախարարին խօսքով՝ մեթոտը եւ աշխարհագրօրէն տեղը, ուրկէ երկուստեք ընկալում կայ շարունակել սահմանազատման աշխատանքները, փոքր այլ են եւ պակաս վտանգային:
Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ սահմանազատման հարցով յանձնաժողովներու յաջորդ հանդիպումը կը նախատեսուի Յունուարին:
Արարատ Միրզոյեան ասուլիսի ժամանակ յայտնեց նաեւ, որ Հայաստանը հետամուտ է տարածաշրջանին մէջ ճանապարհային ենթակառուցուածքներու ապաշրջափակման ոչ այն պատճառով, որ որեւէ երկիր կը պահանջէ զայն Հայաստանէն, այլ առաջին հերթին անոր համար, որ ինքն է շահագրգիռ այդ ապաշրջափակմամբ:
«Մենք հետամուտ ենք ճանապարհային ենթակառուցուածքների ապաշրջափակմանը ոչ այն պատճառով, որ որեւէ երկիր պահանջում է դա Հայաստանից, այլ այն պատճառով, որ առաջին հերթին մենք ենք շահագրգիռ այդ ապաշրջափակմամբ: Եւ ինչպէս ենթադրւում է, որ միւս պետութիւնները կարող են օգտագործել Հայաստանի տարածքն իրենց տարանցիկ փոխադրումների համար, այնպէս էլ Հայաստանն է օգտագործելու հարեւան երկրների տարածքն իր տարանցիկ փոխադրումների համար»,- ըսաւ Միրզոյեան: