Լեռնային Ղարաբաղի նախկին պետական նախարար, Պաքուի մէջ կալանաւորուած Ռուբէն Վարդանեանին «հնարաւորութիւն տրուած է» հրապարակային յայտարարութիւն ընելու:
Վարդանեանը, շուրջ մէկ տարիէ Պաքուի մէջ կալանաւորուած ըլլալով, արձագանգած է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ վերջին ասուլիսի ժամանակ կատարած յայտարարութիւններուն, որոնք կապուած եղած են իր հետ:
Յայտարարութեան մէջ կ’ըսուի, որ Պաքուի մէջ Վարդանեանին հարցեր յղած են վարչապետ Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւններուն հետ կապուած: Վերջինս, Ատրպէյճանի բանտային խիստ դրութեան մէջ գտնուելով, կապ հաստատած է ընտանիքի անդամներուն հետ, ստացած է հաստատում, որ նման յայտարարութիւններ իսկապէս հնչած են, եւ որոշած է հրապարակային արձագանգել անոնց:
«Առաջին հերթին՝ իւրաքանչիւր մարդ ուրիշի գործողութիւնների մասին դատում է՝ ելնելով իր կեանքի մոտելներից եւ սկզբունքներից:
«Երկրորդը՝ եթէ վարչապետն ինձ ինչ-ինչ հարցեր ունէր, նա հնարաւորութիւն ունէր դրանք ինձ ուղղելու 2022 թուականի Նոյեմբերին մեր վերջին հանդիպման ժամանակ, երբ ես նաեւ պետնախարարի պաշտօնն էի զբաղեցնում:
«Ամէն դէպքում, ես անգամ հիմա եմ պատրաստ, իմ ներկայիս հնարաւորութիւնների իրավիճակում, պատասխանել նրա ցանկացած հարցի:
«Երրորդը՝ ցանկանում եմ վարչապետին յիշեցնել, որ 2018թ. գարնանը, երբ մենք առաջին անգամ գործընկերներով, չորս հոգով հանդիպեցինք նրա հետ, ես անկեղծօրէն նրան երեք կէտ ներկայացրեցի, որոնք պահպանել եմ ու շարունակելու եմ պահպանել.
- Մենք գործընկերներով չենք ցանկանում եւ չենք միջամտի Հայաստանի քաղաքականութեանը:
- Մենք զբաղւում ենք բարեգործութեամբ՝ անկախ Հայաստանի իշխանութիւնների նկատմամբ վերաբերմունքից, քանի որ մենք դա անում ենք ժողովրդի համար: Ինձ համար մարդկանց օգնելը մնում է կարեւոր հարց եւ կարեւոր մարդասիրական առաքելութիւն:
- Միակ բանը, որ կարող է փոխել իմ այդ մօտեցումը, Արցախի ճակատագիրն է: 2020 թուականի պատերազմն ու Արցախի նկատմամբ շարունակուող սպառնալիքը ինձ համար շրջադարձային եղան, ինչի մասին ես բազմիցս բաց ու հետեւողականորէն յայտարարել եմ:
«Այդ ժամանակից ի վեր իմ բոլոր գործողութիւնները թելադրուած էին Արցախի եւ նրա ժողովրդի ճակատագրի նկատմամբ մտահոգութեամբ: Հիմա մեր ժողովուրդն ապրում է իր պատմութեան ամենաբարդ ու ծանր շրջափուլերից մէկը, բայց ես շարունակում եմ հաւատալ, որ չնայած դժուարութիւններին ու տարաձայնութիւններին, մենք կը կարողանանք յաղթահարել այս փուլը եւս ու կառուցել խաղաղ ու լուսաւոր ապագայ»,- կ’ըսուի յայտարարութեան մէջ:
Վարդանեանի յայտարարութիւնը հրապարակուած է երկլեզու՝ հայերէն եւ ռուսերէն: