ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան Երեւանին մէջ ընթացող Համաշխարհային հայկական գագաթաժողովի շրջանակին մէջ մասնակցած է «Հայաստանի ներքին եւ արտաքին անվտանգութիւնը» թեմայով քննարկման:
Հայաստանը անվտանգութեան ոլորտի իր յարաբերութիւնները կը բազմազանեցնէ, յայտարարածէ վարչապետ Փաշինեան:
«Մենք ամենատարբեր երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցութիւն ենք իրականացնում ու արհեստավարժ բանակ ստեղծում։ Ուզում եմ ուշադրութիւն հրաւիրել այն փաստի վրայ, որ Ատրպէյճանում շատ է խօսւում այն մասին, որ Հայաստանը Ֆրանսայից զէնք է գնում, ընդ որում՝ ասում են՝ Արեւմուտքը զինում է Հայաստանին, բայց որ Ատրպէյճանը Իտալիայից, Չեխիայից զէնք է գնում, երբուանի՞ց այդ երկրները Արեւմուտք չեն։ Ինչո՞ւ կարող է ինքը այդ երկրներից զէնք գնել, իսկ Հայաստանը չի կարող Ֆրանսայից զէնք ձեռք բերել»,- նկատած է ան։
Կառավարութեան ղեկավարին խօսքով՝ ՀՀ բանակի բարեփոխումները որեւէ յարձակողական ենթագիր չունին:
Անդրադառնալով այն հարցումին, թէ ինչպէ՞ս կը պատկերացնէ Հայաստանը իր անվտանգութիւնը թէ՛ երկարաժամկէտ, թէ՛ միջնաժամկէտ առումով, վարչապետը նշած է․ «Մենք դա պատկերացնում ենք մեր միջավայրում յարձակման նուազեցման հետ։ Իրանի ու Վրաստանի հետ մեր յարաբերութիւնները խորն ու դրական են, ու հակամարտութեան որեւէ հաւանականութիւն չունենք, ինչ վերաբերում է Թուրքիային, պէտք է դիւանագիտական յարաբերութիւներ հաստատենք ու սահմանային բացում իրականացնենք»։