«Յարգել՛ի ընդդիմութիւն, խօսոյթը, որ բերել էք ԱԺ-ի օրակարգ, արդեօք ձեւաւորուել է 22 թուականի Ապրիլի 7-ի շրջաբերական 004-ո՞վ, թէ՞ նոր շրջաբերական էք շրջանառել ու դրա միջոցով էք հիմա խօսոյթ ձեւաւորում»:
Ազգային Ժողովի նիստին ժամանակ, դիմելով ընդդիմութեան, այս մասին հարցում ուղղեց «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր Վահագն Ալեքսանեանը:
«Այն ամէնը, ինչ հիմա դուք խօսում էք, պարոնայք ընդդիմադիրներ, տեղաւորւում է հետեւեալ տրամաբանութեան մէջ. ամէն անգամ ինչքան խօսում էք Լեռնային Ղարաբաղից, ինչքան խօսում էք Արցախից, ձեր շրջաբերականի՝ չեմ յիշում՝ որ ենթակէտի 15-րդ ու 16-րդ կէտերն են՝ Ռուսաստանը կարող է Արցախը ենթարկեցնել իրեն, եւ հնարաւոր միութեան դէպքում Արցախի եւ Հայաստանի Հանրապետութեան ճակատագրերը պէտք է լուծուեն որպէս մէկ ամբողջութիւն»:
Ալեքսանեանի խօսքով՝ այնտեղ դրոյթ մէն ալ կայ՝ ինքնիշխանութեան հնարաւոր զիջման մասին:
«Պարո՛ն Մինասեան, էն, ինչը դուք էք առաջարկել, առաջարկում ու հիմա էլ բերում դաշտ, միտուած է այդ միակ նպատակին, որ Հայաստանը կորցնի իր ինքնիշխանութիւնը, ՀՀ-ն մտնի Ռուսաստանի կամ միութենական կազմի մէջ, ու այնտեղ հնարաւոր է, մէկ էլ տեսար՝ կպաւ, որ Արցախն էլ ստացուի, կամ չստացուի: Ձեր բոլոր գործողութիւնները, ձեր խմբակիցների գործողութիւնները, ԼՂ-ում ձեր ստորագրած ամէն մի փաստաթուղթը, ձեր նշանակած նախագահի ստորագրած ամէն մի փաստաթուղթն ուղղուած է եղել մէկ նպատակի՝ Հայաստանը մտցնել ինչ-որ մի բանի կազմի մէջ»,- ըսաւ ան, ապա՝ արձագանգեց ընդդիմադիր պատգամաւոր Արթուր Խաչատրեանին:
Ալեքսանեանը Խաչատրեանին յորդորեց դադրեցնել ՀՀ-ի դէմ վկայութիւններ տալը:
«Մի հոգի արդէն նմանատիպ վկայութիւն տուել է՝ Շահրամանեան ազգանունով, դեռ Լեռնային Ղարաբաղում ստորագրելով մի փաստաթուղթ, որում ասւում է, թէ իբր ՀՀ զօրքերը պէտք է դուրս գան ԼՂ-ից: Ձեր այդ խմբակցից հարցրէք՝ բա եթէ ձեր ասածի պէս է, այդ ինչերի՞ տակ է ստորագրել: Նորից եմ ասում՝ դադարէ՛ք ՀՀ-ի դէմ սուտ վկայութիւններ տալ»,- եզրափակեց Ալեքսանեան: