Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Յայտարարութիւն Հայաստանի Ներքաղաքական Իրավիճակի Վերաբերեալ

Յայտարարութիւն Հայաստանի Ներքաղաքական Իրավիճակի Վերաբերեալ

by MassisPost

Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Կենտրոնական Վարչութիւնը իր խոր մտահոգութիւնն է արձանագրում Հայաստանի վերջին իրադարձութիւնների կապակցութեամբ, մասնաւորապէս «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման մէջ Հայոց Առաքելական Եկեղեցու ստանձնած դերակատարութեան վերաբերեալ:

Բացարձակապէս չկիսելով շարժման կարգախօսներն ու նպատակները, մենք հաւատարիմ և զօրավիգ ենք Հայաստանի իւրաքանչիւր քաղաքացու՝ խօսքի, մտքի և գումարման ազատութեան ժողովրդավարական հիմնարար իրաւունքներին: Սակայն և այնպէս, չափազանց ցաւալի և անընդունելի է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի քաղաքական պայքարի մէջ ներքաշուելն ու բացայայտօրէն այդ շարժման հովանաւորութիւնն ու առաջնորդութիւնը ստանձնելը:

Աւելին, առաջին անգամ լինելով, սփիւռքի որոշ գաղթօջախների Էջմիածնա թեմի առաջնորդներ, ակնյայտօրէն ուղղորդուած՝ շարժման ի նպաստ զորակցական յայտարարութիւններ են հրապարակում, փաստօրէն ներհայաստանեան անախորժ իրավիճակը անհարկի կերպով տեղափոխելով սփիւռք: Իսկ վերջինս սպառնալիք է ոչ միայն Եկեղեցու հեղինակութեան, այլ նաև սփիւռքի համայնքային համերաշխութեան ու անդորրին՝ իր ապագայի բոլոր բացասական հետևանքներով:

Որպէս Մայր Աթոռ Ս. Էջմիածնին անվերապահօրէն սատարած կուսակցութիւն, մենք ցաւով ենք արձանագրում այն փաստը, որ համայն հայութեան հոգևոր և ազգային արժէքների հիմնասիւնը՝ հայրենիքի համար ճակատագրական այս հանգրուանին, փոխանակ հանդիսանալու համայն հայութիւնը համախմբող և զօրաշարժի ենթարկող ուժ, դարձել է իշխանափոխութեան հերթական փորձի մեղսակից:

Միւս կողմից, մենք համոզուած ենք, որ հակառակ սահմանազատման ու սահմանագծման գործընթացի առերևոյթ՝ Ադրբեջանի ի նպաստ մեկնարկին, մէկ կողմից ձեռք բերուած նախնական պայմանաւորուածութիւնների և միւս կողմից գոհացուցիչ այլընտրանքի բացակայութեան լոյսի ներքոյ, խաղաղութեան նուազագոյն նշոյլի հեռանկարն անգամ նախընտրելի է նոր պատերազմից:

Հնչակեան Կուսակցութեան անունից, մի անգամ ևս կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, մէկ կողմ դնել ներքին տարակարծութիւններն ու հատուածական շահերը և համախմբուել պետականութեան շուրջ՝ միասնաբար դիմագրաւելու արտաքին վտանգներն ու մարտահրաւէրները:

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչութիւն

Հարակից Նյութեր

Leave a Comment