Home ԳԱՂՈՒԹԱՅԻՆ Իրան/Պարսկաստանի Հայ Համայնքները Գրքի շնորհանդէսը

Իրան/Պարսկաստանի Հայ Համայնքները Գրքի շնորհանդէսը

by MassisPost

Տեղի պիտի ունենայ Ապրիլ 28-ին
Երեկոյեան ժամը 7-ին
Իրանահայ Միութեան սրահում
117 S Louise St, Glendale, CA 91205

Պրոֆ․ Ռիչըրդ Յովհաննէսեանի խմբագրութեամբ վերջերս լոյս տեսած «Իրան/Պարսկաստանի Հայ Համայնքները․ Պատմութիւն, Առեւտուր, Մշակոյթ» հատորը, որ 15-րդ եւ վերջին հատորն է “Historic Armenian Cities and Provinces” (Հայկական պատմական քաղաքներ եւ նահանգներ) շարքի, պիտի ներկայացնի ինքը՝ Պրոֆ․ Ռիչըրդ Յովհաննէսեանը։

Գիրքը պարփակում է պատմութիւնը Ատրպատականի հայ համայնքի ու հայ-պարսկական յարաբերութիւնների՝  հնագոյն դարերից մինչեւ մեր օրերը, պատմութիւնը Մաքուի եւ Թաւրիզի շրջանների՝ Սուրբ Թադէոս Առաքեալ, Սուրբ Ստեփանոս եւ Ձորձորի վանքերով․ ի յայտ է բերում Ատրպատականի կարեւորութիւնը հայ եւ պարսիկ յեղափոխական շարժումների մէջ, նկարագրում է Ա․ Աշխարհամարտի ընթացքում թուրք բանակի ներխուժման արդիւնքում քրիստոնեայ բնակչութեան ջարդը Ուրմիայում, Խոյում ու Սալմաստում եւ Ատրպատականի հայոց առաջնորդ Ներսէս Արք․ Մելիք-Թանգեանի գերագոյն ճիգը օգնութիւն բերելու, փրկելու տուժածներին ու Ցեղասպանութիւնը վերապրած, Ատրպատական հասած հայ գաղթականներին։

Հատորը ընդգրկում է նաեւ Նոր Ջուղայի պատմութիւնն ու նրա կարեւորութիւնը պարսիկ եւ հայ ժողովուրդների պատմութեան մէջ, հոյակապ արուեստի գործերերով, վանքային համալիրով, եկեղեցիներով ու թատրոնով։ Ջուղայեցի արուեստագէտ Սմբաթի գունագեղ պաստառներով ներկայացնում է Նոր Ջուղան եւ շրջակայքը։ Լուսարձակի տակ է առնում շրջանի առեւտրականների գործունէութիւնն ու ժամանակին նրանց վայելած հռչակը համաշխարհային առեւտրական ցանցում՝ Արեւելեան Ասիայից մինչեւ Ռուսաստան եւ Արեւմտեան Եւրոպա։ Հատորը արծարծում է նաեւ ներկայի հայ ղեկավարութեան յարաբերութիւնը Թեհրանի իշխանութիւնների հետ, ապա՝ հայութեան հոսքը Հարաւային Քալիֆորնիա եւ ներգրաւումը տեղի ընկերա-տնտեսական կեանքի մէջ։

Հատորը նուիրուած է Դքտ․ Վարդիթեր Կոճոլոզեան Յովհաննէսեանին՝ որ եղել է Ռիչըրդ Յովհաննէսեանի կեանքի ընկերն ու երկարամեայ գիտակ եւ բարեջան գործակիցը։

Գրքից օրինակներ կը վաճառուեն տեղում։
Մուտքը ազատ է․ տեղի կունենայ հիւրասիրութիւն։

Հարակից Նյութեր

Leave a Comment