Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Փաշինեան Յայտարարած Է ՀԱՊԿ-Էն Դուրս Միջազգային Այլ Ձեւաչափի Մշտադիտարկային Առաքելութեան Մասին

Փաշինեան Յայտարարած Է ՀԱՊԿ-Էն Դուրս Միջազգային Այլ Ձեւաչափի Մշտադիտարկային Առաքելութեան Մասին

by MassisPost

Նախորդ օրերուն հայ-ատրպէյճանական սահմանի տարբեր հատուածներու մէջ ռազմական բախումներէն ետք եւ ՀԱՊԿ-ի շարունակուող փաստացի անգործութեան ֆոնին Հայաստանի կառավարութեան ղեկավարը այսօր՝Յուլիս 29-ին առաջարկեց դիտարկել Ատրպէյճանի հետ սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահներու յենակէտերու տեղակայման հարցը։

«Կրկին ուզում եմ ընդգծել, որ Ատրպէյճանի փորձերը ցոյց տալու, որ Հայաստանը դէմ է սահմանների սահմանազատման եւ սահմանագծման սկսելու գործընթացին, որեւէ կապ չունեն իրականութեան հետ։ Ընդհակառակը, մենք կողմ ենք, աւելին՝ նման գործընթաց մեկնարկելու, տարածաշրջանում կայունութիւն եւ խաղաղութիւն հաստատելու մանտաթ ենք ստացել սեփական ժողովրդից», – կառավարութեան այսօրուայ նիստին յայտարարեց Փաշինեան։

«Դեռեւս Մայիսի 27-ի Անվտանգութեան խորհրդի նիստում ես բարձրաձայնել եմ մեր պատկերացումները սահմանագծման եւ սահմանզատման աշխատանքների մեկնարկի վերաբերեալ: Դրանք հետեւեալն են՝ Սոթք-Խոզնավար հատուածում հայ-ատրպէյճանական սահմանային գծից թէ՛ հայ, թէ՛ ատրպէյճանական զօրքերի յետքաշում, սահմանային գծի երկայնքով Ռուսաստանի Դաշնութեան սահմանապահ զօրքերի յենակէտերի տեղադրում եւ սահմանային գծի մշտադիտարկում, ապա սահմանազատման աշխատանքների մեկնարկ, ինչին մեր պատրաստակամութիւնը յայտնել ենք բազմիցս: Առկա իրավիճակը հաշուի առնելով՝ կարծում եմ, որ իմաստ ունի դիտարկել հայ-ատրպէյճանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների յենակէտերի տեղակայման հարցը, ինչը հնարաւորութիւն կու տայ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների վտանգի: Յամենայնդէպս՝ այս թեման պատրաստւում ենք քննարկել մեր ռուսաստանցի գործընկերների հետ», – նշեց վարչապետի պաշտօնակատարը:

Գործադիրի այսօրուայ նիստին Նիկոլ Փաշինեան եւս մէկ ուշագրաւ յայտարարութիւն ըրաւ, որ Երեւանի համար ընդունելի կ’ըլլայ միջազգային, ներառեալ ԵԱՀԿ Մինսքի խումբի համանախագահութեան ձեւաչափը, եթէ անհնար է հայ-ատրպէյճանական սահմանի երկայնքով տեղակայել ՀԱՊԿ մշտադիտարկային առաքելութիւն. – «Լինելով Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան անդամ, ով սոյն թուականի Սեպտեմբերից ստանձնելու է կազմակերպութեան նախագահութիւնը, Հայաստանը հասկանում է ՀԱՊԿ-ի համար անվտանգային սպառնալիքներ չստեղծելու, դաշնակից երկրներին ռազմական գործողութիւնների մէջ չներքաշելու իր պատասխանատուութիւնը: Եւ ես պաշտօնապէս բացառում եմ Հայաստանի զինուած ուժերի կողմից որեւէ սադրիչ գործողութիւն: Միեւնոյն ժամանակ կարծում եմ, որ Ատրպէյճանի եւ մեր փոխադարձ մեղադրանքների իսկութիւնը պարզելու հարցում հնարաւոր լուծումներից մէկը կարող է լինել ՀԱՊԿ մշտադիտարկային առաքելութեան տեղակայումը հայ-ատրպէյճանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսուած է ՀԱՊԿ-ի գործունէութեան իրաւակարգաւորումներով: ՀԱՊԿ-ի շրջանակներում նման առաքելութիւն իրականացնելու անհնարինութեան պայմաններում մեզ համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ձեւաչափեր, ներառեալ՝ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահութիւնը»:

Փաշինեան նաեւ ընդգծեց, թէ Ատրպէյճանի մէջ վերջին շրջանին դատապարտուած գրեթէ բոլոր հայ ռազմագերիները գերեվարուած են անցեալ տարուայ Նոյեմբեր 9-էն յետոյ խաղաղապահներու պատասխատուութեան գօտիներուն մէջ։

«Ի հեճուկս 2020 թուականի Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան 8-րդ կէտի, Ատրպէյճանում շարունակւում են հայ ռազմագերիների, պատանդների եւ այլ պահուող անձանց շինծու դատավարութիւնները, որի հետեւանքով նրանք դատապարտւում են երկար տարիների ազատազրկումների: Յատուկ ուշադրութեան է արժանի այն փաստը, որ վերջին շրջանում գրեթէ բոլոր դատապարտուածները գերեվարուել են Նոյեմբերի 9-ից յետոյ, խաղաղապահների պատասխանատուութեան գօտիներում: Եթէ այս փաստը համադրում ենք այն լայնածաւալ հակաքարոզչութեան հետ, որ Ատրպէյճանում վարւում է ընդդէմ խաղաղապահների, եւ այն փաստի հետ, որ Ատրպէյճանը մինչեւ օրս չի ստորագրել խաղաղապահների մանտաթը, ակնյայտ է դառնում, որ սա խաղաղապահների, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղում կայունութեան ու խաղաղութեան դէմ իրականացուող գործողութիւնների շարք է», – նշեց Փաշինեան։

Անդրադառնալով տարածաշրջանային ուղիների վերաբացմանը՝ վարչապետի պաշտօնակատարաը յայտարարեց թէ,- «Ատրպէյճանը շարունակում է արծարծել ինչ-որ միջանցքի թեմա՝ մատնանշելով յստակ երթուղիներ եւ ուղղութիւններ։ Նախկինում բազմիցս ասել եմ, որ Հայաստանը չի քննարկել, չի քննարկում եւ չի քննարկելու միջանցքային տրամաբանութեան որեւէ հարց, եւ վերը յիշատակուած ձեւակերպումներով Ատրպէյճանը փորձում է խափանել տարածաշրջանային հաղորդակցութիւնների բացման թեման»։

Հարակից Նյութեր

Leave a Comment