Home ՀԱՅԱՍՏԱՆ Սերժ Սարգսեանի Աջակցութիւնը Վայելող «Պատիւ Ունեմ» Դաշինքի Յայտարարութիւնը

Սերժ Սարգսեանի Աջակցութիւնը Վայելող «Պատիւ Ունեմ» Դաշինքի Յայտարարութիւնը

by MassisPost

«Աւարտուեց մեր երկրի համար ճակատագրական մի նոր շրջափուլ։ Աւա՜ղ, ինչպէս եւ կանխատեսում էինք, այս ընտրութիւնները չդարձան Հայաստանի եւ Արցախի անվտանգութեան ապահովման, պետութեան ինքնիշխանութեան վերականգնման, կորսուած արժանապատւութեան վերագտնման ընտրութիւններ։ Այս արդիւնքները ոչ թէ լոյս են փակուղիի վերջում, այլ, ցաւօք՝ խաւարի մի նոր թանձրացում։

Ընտրութիւնները չդարձան քաղաքական գործընթաց, չվերածուեցին Հայաստանը անդունդի եզրից յետ քաշելու ճանապարհային քարտէզի: Փոխարէնը մենք ականատես եղանք ուժային մարմինների կողմից ապօրինաբար ընդդիմութեան դէմ բռնաճնշումների, ընդդիմադիր աշխոյժ գործիչների բնակարաններում եւ ընդդիմութեան շտաբներում անհիմն խուզարկութիւնների ու ձերբակալութիւնների, աքթիվիսթների եւ շտաբի անդամների գաղտնալսումների, այդպիսով՝ նախընտրական փուլում եւ ընտրութիւնների օրը ընդդիմութեան աշխատանքի խոչընդոտման բազմաթիւ աղաղակող դէպքերի, ինչպէս նաեւ իշխանութեան կողմից վարչական լծակների կիրառմամբ ընտրողներին ակնյայտ ուղղորդման դէպքերի:

Այս խայտառակ ընտրութիւններով ոչ թէ լուծուել են մեր ժողովրդի խնդիրները, այլ ստեղծուելու են նոր՝ առաւել դժուար յաղթահարելի խոչընդոտներ Հայաստանի եւ Արցախի անվտանգ, կայուն ու արժանապատիւ ապագայի համար, մեր ազգային շահը հողատու իշխանութիւնների կողմից շարունակուելու է ստորադասուել այլեւայլ շահերի:

Յայտարարում ենք, որ ստացուած արդիւնքները չենք ճանաչում որպէս Արցախեան վերջին պատերազմի տարածքային եւ մարդկային կորուստների օրինակացում, որպէս աշխարհաքաղաքական առեւտրում Հայաստանի՝ մանրադրամի կարգավիճակի ամրագրում, որպէս ազգայինի պարտութիւն ստայօդ եւ անբարոյ իրականութեանը։

Միաժամանակ վստահ ենք, որ իրական ընդդիմադիր դաշտը պէտք է ընդունի նաեւ իր սխալներն ու բացթողումները։ Ընտրութիւնների գնալը յետպատերազմեան շոքային եւ երկրում ստեղծուած ճգնաժամային իրավիճակում սխալ էր, բայց աւելի մեծ սխալ է անյաջողութեան ողջ բեռը հասարակութեան վրայ բարդելը։

Պայքարը շարունակուելու է։ Մենք իրաւունք չունենք մեր պետութեան ինքնիշխանութիւնը զիջած եւ ժողովրդին մոլորեցրած ազգադաւներին թողնելու մեր պապերի սրբազան հողն ու մեր զաւակների թանկ ապագան այդ հողի վրայ: Մեր հետագայ որոշումներն ու քայլերը բխեցուելու են այս տրամաբանութիւնից:

Միաժամանակ շնորհակալութիւն ենք յայտնում մեր դաշինքի օգտին քուէարկած մեր բոլոր պատուարժան հայրենակիցներին։ Ձեր մտահոգ եւ պատուաբեր ձայները, սպասելիքներն ու յոյսերը լինելու են մեր որոշումների հիմքում»:

Հարակից Նյութեր

Leave a Comment