Home ՀԱՅԱՍՏԱՆԱՐՑԱԽ Արցախի Արտաքին Գործոց Նախարարը Շուշիի Կանաչ Ժամ Եկեղեցւոյ Աւերումը Ատրպէյճանական Ֆաշիզմի Դրսեւորում Կը Համարէ

Արցախի Արտաքին Գործոց Նախարարը Շուշիի Կանաչ Ժամ Եկեղեցւոյ Աւերումը Ատրպէյճանական Ֆաշիզմի Դրսեւորում Կը Համարէ

by MassisPost

«Այն ինչ հայկական պատմամշակութային յուշարձաններու  նկատմամբ իրականացնում է  Ատրպէյճանն Արցախի գրաւուած տարածքներում՝ մշակութային ցեղասպանութիւն է»: Այս մասին «Արմէնփրէս»-ի հետ զրոյցին նշեց Արցախի Հանրապետութեան արտաքին գործոց նախարար՝ Դաւիթ Բաբայեան՝ անդրադառնալով ատրպէյճանցիներու կողմէն Շուշիի Կանաչ ժամ եկեղեցւոյ աւերման:

«Ատրպէյճանցիները լաւ գիտեն մեր պատմութիւնը եւ  այդ եկեղեցու աւերումը, ոչ այլ ինչ է, քան Ատրպէյճանի նախագահի եւ պետութեան ուղերձն առ այն, որ այդպէս են վարուելու եթէ կարողանան տիրանալ ամբողջ Արցախին: Հայկական պատմամշակութային յուշարձանների նկատմամբ Ատրպէյճանի այդ  գործողութիւնները՝ ֆաշիստական քաղաքականութեան շարունակութիւնն ու մարմնաւորումն  են՝ գարշելի ու վտանգաւոր ձեւերով: Ատրպէյճանցիների այդ գործողութիւնները ոչնչով չեն տարբերւում նրանից, ինչը Մերձաւոր Արեւելքում իրականացնում են ահաբեկիչները՝ ոչնչացնելով համաշխարհային կոթողները: Տարբերութիւնը՝ աւելի վատ ու վտանգաւոր, այն է միայն, որ եթէ Մերձաւոր Արեւելքում պատմամշակութային համաշխարհային կոթողները ոչնչացնում են ինչ-որ ահաբեկչական խմբաւորումներ, ապա ատրպէյճանցիների դէպքում, այդ գործողութիւններն իրականացւում են պետութեան կողմից: Ալիեւը բացէ ի բաց, առանց ամաչելու եւ անկաշկանդ պետական մարմիններին համապատասխան յանձնարարականներ է տալիս՝ օրինակ` հայկական եկեղեցու փորագրութիւնները ոչնչացնելու վերաբերեալ»,-ըսաւ Բաբայեան:

Բաբայեանի խօսքով՝ այս հանգամանքը արհամարհանք է միջազգային իրաւունքի նկատմամբ: «Բնական է,  մենք ամենուր բարձրաձայնելու ենք՝ Ատրպէյճանի կողմից հայկական պատմամշակութային կոթողների աւերման մասին, որովհետեւ սա վտանգ է նաեւ քաղաքակիրթ մարդկութեան համար: Այդուհանդերձ՝ քաղաքակիրթ հանրութիւնն ինքն էլ պէտք է քայլեր ձեռնարկի, որովհետեւ եթէ այսօր նրանք ոչնչացնում են Արցախի մշակութային ժառանգութիւնը, ապա  անպատիժ մնալու եւ  միջազգային հանրութեան անտարբերութեան դէպքում, վաղն իրենց դուռն են թակելու»,-ընդգծեց Արցախի արտաքին գործոց նախարարը:

Հարակից Նյութեր

Leave a Comment