Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Վարչապետը կը Յայտարարէ՝ «Մենք «Չեխոսլովաքիան» Չենք Պատրաստուիր Զիջիլ Որեւէ Մէկուն»

Վարչապետը կը Յայտարարէ՝ «Մենք «Չեխոսլովաքիան» Չենք Պատրաստուիր Զիջիլ Որեւէ Մէկուն»

by MassisPost

«Մենք «Չեխոսլովաքիան» չենք պատրաստուում զիջել ոչ մէկին», – յայտարարած է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան՝ պատասխանելով եւրոպական քանի մը հեղինակաւոր լրատուամիջոցներու՝ The Telegraph-ի, European Post-ի, Foreign Policy-ի , Tageblatt-ի եւ Il Gеornale-ի հարցերուն:

Պատասխանելով, թէ ինչ կ’ակնկալէ ԵՄ-էն՝ իմանալով, որ որոշ եւրոպական երկիրներ կ’արգելափակեն Թուրքիոյ նկատմամբ այլ թեմաներով պատժամիջոցները, վարչապետը ըսած է. «Մենք աշխատում ենք մեր յոյսը մեզ վրայ դնել եւ այն երկրների, որոնք ունեն դաշնակցային պարտաւորութիւններ Հայաստանի նկատմամբ, եւ Հայաստանը նոյնպէս ունի: Բայց Դուք ինձ հարց էք տալիս տեղի ունեցողի մասին, ես պատասխանում եմ՝ ինչ է տեղի ունենում: Որովհետեւ այն, ինչ ես ասում եմ, Եւրամիութիւնը մեզ համար պէտք է չանի, Եւրամիութիւնն ինքն իր համար պէտք է անի: Ցանկանում է անել՝ թող անի, չի ցանկանում անել՝ թող չանի: Ես պէտք է մտածեմ Երեւանի, Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգութեան մասին, Վիեննայի անվտանգութիւնն իմ աշխատանքային տրամաբանութեան մէջ չի մտնում, յետոյ թող յանկարծ չասեն չզգուշացրեցինք»:

Նիկոլ Փաշինեան նշած է՝ տեսէք, թէ ինչ ոճով կը խօսի Թուրքիոյ նախագահը Ֆրանսայի նախագահի մասին, «դա ի՞նչ է, եթէ ոչ պատերազմ»:

«Այլ բան է՝ դուք ուզո՞ւմ էք նկատել այդ պատերազմը, թէ՞ չէք ուզում նկատել: Ինչքան չնկատէք, այն ձեզ համար աւելի ու աւելի նկատելի կը դառնայ: Այո, մարդկանց գլուխներ են կտրուում այսօր Եւրոպայի փողոցներում եւ բոլորը երջանիկ են նրանից, որ իրենց գլուխը չի կտրուել: Ես դա անուանում եմ ցեղասպանութեան մեքենագիտութիւն: Եթէ այս անգամ որեւէ մէկու գլուխը չի կտրուել, դա չի նշանակում, որ յաջորդ անգամ այդ նոյնը տեղի չի ունենայ», – ընդգծած է վարչապետը:

Լրագրողի հարցին՝ կա՞յ արդեօք բան մը, որ կարող էր ընել՝ պատերազմը կանխելու համար, Նիկոլ Փաշինեան պատասխանած է. «Եւրոպայի տէրութիւնները մտածում էին, որ երբ Չեխոսլովաքիան զիջեն Հիթլերին, կը յագեցնեն նրա ախորժակը, եւ պատերազմը տեղի չի ունենայ: Եւ ի՞նչ տեղի ունեցաւ դրա արդիւնքում՝ Հիթլերը կուլ տուեց Չեխոսլովաքիան: Եւ գործեց միւս ասացուածքը՝ երբ ասուում է, որ «ախորժակն ուտելիս է բացուում»: Այո, եթէ Չեխիան չզիջէին եւրոպական ղեկավարները, եւ պատերազմ սկսէր, ձեզ նման լրագրողներ կը հաւաքուէին ու կ’ասէին՝ դուք ի՞նչ չարեցիք, Չեխիան չզիջեցիք, մի Չեխիայի պատճառով ամբողջ Եւրոպան, աշխարհը մտցրեցիք պատերազմի մէջ: Եւ նրանք էլ գլուխները կախ կ’ասէին՝ հա երեւի պէտք էր Չեխիայի հարցում մի քիչ աւելի ճկուն լինել: Եղան ճկուն, դա ի՞նչ բերեց: Մենք «Չեխոսլովաքիան» չենք պատրաստուում զիջել ոչ մէկին»:

Հարակից Նյութեր

Leave a Comment