Ռուսական RT Հեռատեսիլի ցանցի գլխաւոր խմբագիր Մարգարիտա Սիմոնեան Դիմատետրի (Facebook) վրայ երկար գրառում մը կատարելով կը մեղադրէ Հայաստանի իշխանութիւնները հակառուս քաղաքականութիւն վարելու մէջ` միաժամանակ պաշտպանելով ամբաստանել Ռոպերթ Քոչարեանին:
Տիկ. Սիմոնեանի այս գրառումը բնականաբար մեծ աղմուկ յառաջացուց հանրային կարծիքին մօտ:
Յարգելով տարբեր տեսակէտներ արտայայտելու ազատութիւնը, ստորեւ կը հրատարակենք մեր աշխատակից Հենրիկ Անասեանի պատասխան գրութիւնը` ուղղուած Մարգարիտա Սիմոնեանին, հակառակ որ չենք բաժներ յարգելի յօդուածագրի բոլոր գնահատականները:
Խմբագրութիւն
ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ
… Հենց սկզբից` անթաքոյց պժգանքով (զզուել) կարդացի ազդութեամբ հայ, ռուսական քաղաքացիութեամբ ճանաչուած ռուսական լրագրող Մարգարիտա Սիմոնեանի թոյնով լեցուն կոչը` ուղղուած Հայաստանի, իր կողմից յորջորջուած «Րոպէական» իշխանութեանը: Որպէս լրագրող, էն էլ յայտնի, միթէ՞ դու չգիտես տիկի~ն, որ իսկական դեմոկրատական երկրի իշխանութիւնը ժողովրդին է պատկանում, կը նշանակի, որ քո կոչը վերաբերւում է նաեւ Հայաստանի ժողովրդին, որովհետու նա է ընտրում իշխանութեանը, որը ժողովրդի կամքն է կեանքի կոչում: Այս, քո բթամիտ ճամարտակութիւնը հայ ժողովրդի ցասումից ու արգահատանքից խուսանաւելու անճարակ, անյաջող փորձ է: Ինչո՞ւ է անյաջող,- որովհետեւ 30 տարի իշխանութիւնների ստրուկը լինելով, իշխանութիւնից անջատ, մի կերպ գոյութիւնը քարշ տուող հայաստանցին երկու տարի է որ իշխանությունների հետ է եւ հազիւ է «լեզուն բացուել» որպէսզի քո ասած «գոմաղբով» ամբողջացնի ցնդաբանութեամբ առլի քո ուղեղը:
Քո պաշտած Քոչարեանի օրոք ո՞վ կը յանդգնէր թթու խօսք ասել իշխանութեան հասցէին: Եւ դու` ժողովրդից խլած նիւթական միջոցներով միլիարդատեր դառած հանցագործին պաշտպանում ես եւ անլուր լուտանքներ թափում Հայաստանի իշխանութիւնների գլխին, որ «համարձակւում» է նրան բանտ առաջնորդել: Ախր դու ի՞նչ գիտես նրա եւ կամ Հայաստանի մասին: Դու պարզապէս գործիք ես, եւ ես վստահ եմ, որ դու շարժւում ես ՄԵԾԻ թելադրանքով, չէ՞ որ նա ՔՈՉ-ի ընկերն է…
Լրագրող ես, եւ լաւ լրագրող, մի լսիր քո վերադասին, խօսիր ժողովրդի հետ, ոչ թէ կուրորեն կատարիր վերադասիդ ցուցմունքներն ու հրահանգները, եւ անտեղի անեծք թափել մի տուր քո գլխին: Լաւ չի՞ լինի, որ վերադառնաս Կուբան, քո հարազատ միջավայրը, եւ տանդ խաշ եփելու փոխարէն, երկյարկանի ռեստորանումդ խաշ հիւրասիրես Կուբանի հուժկու կազակ տղամարդկանց: Ամերիկայում Սորոսի տուած դրամով ուսանելիս, գրեթէ տաս տարի ապրելով այնտեղ, դու չսովորեցի՞ր, որ «ստի ոտքերը կարճ են»:
Քո գրած կոչը ամբողջովին հերիւրանք է, փչոց, երեւակայութեան արդիւնք: Քո հրահանգչի հրահանգով ես դու թխել այս թերմացքը: Դու, եթէ քեզ հայ ես համարում, դու չէիր կարող ԹՔԵԼ Հայաստանի իշխանութիւնների, որ միեւնոյնն է` Հայաստանի ժողովրդի վրայ: 1828 թուականից սկսեալ Հայաստանը երբեք ու երբեք, չի թքել «ռուս բարեկամների ուղիղ դէմքին»: Մոռացե՞լ ես մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովեանի «Օրհնուի էն սհաթը, որ ռուսը ոտը դրեց հայի հողին» արտայայտությունը: Ռուսը դրել է ոտը, ու 200 տարի չի հանում, հակառակը` գնալով էլ ավելի է ամրացնում մեր հողին` տիրանալով մեր հարստութիւններին, չնայած Լեգիտիմ (օրինական), 30 տար- ուայ միջազգայնօրէն ճանաչուած անկախ երկիր է Հայաստանը, հաւասարը-հաւասարի իրաւունքով էլ կողք-կողքի նստում Ռուսաստանի հետ միջազգային ժողովների ընթացքին:
Ի՞նչ է , Հայաստանը իրաւունք չունի՞ սեփական կարծիք ունենալու, ինքնուրոյն որոշումներ կայացնելու:
Լաւագույնս իմանալով Ռուսաստանի` շատ անգամ սովետական մտայնությամբ առաջնորդվելը, ես գիտեի, համոզուած էի, որ օրերից մի օր, ռուսները մեզ երեսով են տալու Ղրիմի հարցին չ՚անդրադառնալու համար:
Իսկ Ռուսաստանը մի խօսք ասո՞ւմ է մեր պահանջատիրութեան մասին, կամ երբեւէ ասե՞լ է: Հենա, քթներիս տակ է Կարսի պայմանագրի 100-ամեակը, եկել է այն վերանայելու ժամանակը, սակայն ոչ մի ձայն-ծպտուն չկայ: Եթէ ի՜սկապէս քեզ հայ ես համարում եւ լայն կապեր ունես վերեւների հետ` սրա մասին գրիր Մարգարիտ, չէ՞որ մեր հայրենիքի կէսը Արաքսի այն կողմում է, եւ այնտեղ է որ, ինչպէս ինքդ ես ասում` «Թուրքերը տատիս աչքի առաջ մորթել են նրա ամբողջ ընտանիքը»:
Դու ասում ես, որ Հայաստանի «համացանցային զօրքերը գոմաղբով աղտոտում են քո սոցցանցերը»: Ճիշդ է, ես էլ նայեցի, սոսկալի շատ են:
Իմիջայլոց, որպէս կէս հայի, արժէ քեզ համար լուսաբանել թէ ինչ ասել է Գոմաղբ (աթար): Դա հայ գիւղացու համար ձմեռուայ լաւագոյն վառելիքն է, եւ այն այրելիս, բնաւ տհաճ հոտ չի արձակւում, որովհետեւ այն «արտադրող» անասունները սնւում են Արարատեան դաշտի անարատ խոտով ու բուսականութեամբ: Այնպէս որ, ուրախ եղիր, որ քեզ այպանողները կղկղանքով չեն լցրել քո «գոմաղբով» լի սոցցանցերը…:
Ասեմ աղջիկ ջան, որ ես 70 տարուայ լրագրող եմ եւ երբևէ նման բառեր չեմ օգտագործել որեւէ մէկի հասցէին, թէեւ եղել են եւ հիմա էլ կան նմանները: Եւ հիմա` ամաչում եմ ինքս ինձնից: Սակայն, ինչպես տղամարդավարի ասում է սփիւռքահային վարկաբեկող Նաիրա Զոհրաբյանը` «Լավ եմ արել», եւ ճիշդ տեղին:
Աղջիկ ջան խելքի արի, այդ ի՞նչ ես ասում, ո՞նց թէ Հայաստանի իշխանութիւնները երկիրը հեղեղել են հակառուսական քարոզչութեամբ, եւ աւելին` «Երիտասարդներին ուսուցանում են, թէ ինչպէս Ռուսաստանում իշխանութիւնը տապալել»:
Խնդրում եմ մէկ փաստ բերել Տիկին Մարգարիտ. ում, որտեղ, Երեւանի որ հաստատութիւնում են ուսուցանում, թէ ինչպէս տապալել Պուտինի իշխանութիւնը: Այդպէս օդի մէջ կրակել, վայրի-վեյրօ ձաբռտուքներ դուրս տալը վայել չէ: Եւ դու, ի՞սկապէս այդքան միամիտ ես, որ մեր փոքրիկից էլ փոքր Հայաստանը կարող է նման բան անել: Ախր մանկապարտէզի երեխան էլ գիտի , որ «մեխի գլխին բռունցքով չես խփի, ձեռքդ կը կոտրես»: Այդ որ հիմարն է, որ հակառուսական քարոզչութիւն պիտի վարի` էն էլ Ռուսիոյ դէմ:
Յետոյ շարունակում ես կրկին առանց փաստերի, առանց անուններ տալու, թէ Հայաստանի իշխանութիւնները երկիրը վեր են ածել հակառուսական ուժերի հենակէտի, որ ռուսաստանցի բիզնեսմեններին դուրս են քշում, եւ, իբր լրատուամիջոցներն էլ կեղտաջուր են լցնում Ռուսաստանի, Պուտինի եւ յատկապէս ռուսաստանցի հայերի եւ քո վրայ:
Դարձեալ` առանց անուններ տալու, պարզապէս կանացի բամբասանք:
Ինչպէս ամէն մի խելամիտ մարդ, ես հասկանում եմ ձեր «փորացաւը», թէ այս ամէնը որտեղից է գալիս Տիկին Մարգարիտա: Ռուսական կայսրութեան նախագահը եւ դուք, որպէս նրա խօսնակ, 20 տարի շարունակ վարժուած էք եղել, որ ամէն մի մանր հարցի համար Հայաստանի զոյգ նախագահները վազեն ձեզ մօտ` թոյլտւութիւն ստանալու Պուտինից, որպէսզի ըստ այնմ լուծեն նոյնիսկ հասարակ մի խնդիր` առանց ժողովրդի կամքին նայելու: Հիմա ձեզ համար խորթ է, որ առանց քո նախագահի հետ խորհրդակցելու, Փաշինեանը ժողովրդի կամքին համահունչ քայլեր է անում եւ երկրում ստեղծում այնպիսի պայմաններ, որ երբեք չի իրականցուել նախորդ երեք նախագահների օրոք: Դուք պէտք է ուրախ լինեք, որ Հայաստանը ինքնուրոյն, առանց որեւէ մի ուժի միջամտութեան (իմա` ռուսական) արժանապատիւ յաղթանակ տարաւ ազերիների դէմ:
Փոխարէն անդրադառնալու այդ յաղթանակին, գոնէ մէկ-երկու տողով, դու թոյն ես թափում Հայաստանի վրայ Տիկին Սիմոնեան, նրա ղեկավարութեանն անուանելով «Րոպէական» իշխանութիւն: Ամօթ է: Ի՞նչ է` յոյս ունէք վերադարձնե՞լ նախորդ իշխանական համակարգը:
Մոռացէք, դա երբեք չի լինի: Ժողովրդական առածն ասում է` «Կաթից այրուողը` մածունն էլ է փչելով ուտում»: Ուշքի արի աղջիկս, Աւարտուել է ՌՈԲԱ-ՍԵՐԺԱԿԱՆ դաշինքը` իրենց կուսակցութեան հետ մէկտեղ:
Հայաստանի իշխանութիւններին ուղղուած լուտանքներիդ տարափն ու որակը Տիկին Սիմոնեան, բարոյական չափորոշներից բաւական ցածր են եւ այպանելի, նոյնիսկ փողոցային հայհոյանքի արժանի վերագրումներով:
Քստմնելի բառերի կոյտով ամբողջացած Մարգարիտայի գրած պարբերութեան մէջ, ահա թէ ինչ նախադասութեամբ է աւարտում այն այդ թշուառականը.
– …Այն ամէնից յետոյ, ինչ դուք արել էք, Ռուսաստանը լիակատար բարոյական իրաւունք ունի ԹՔԵԼՈՒ ՁԵԶ ՎՐԱՅ ԵՒ ՏՐՈՐԵԼՈՒ…
Երանի ողջ լիներ ամուսնուդ` Տիգրանի հայրը, արաբկիրցի, իմ թաղեցի մեծանուն արուեստագէտ Էդմոն Քեոսեյեանը, որ կարողանար զսպել քեզ, որպէսզի չգրես իր հայրենիքի (ոչ քո) հանդէպ նման եղկելի ու ցնորամիտ արտայայտութիւններ:
Հիմա պատկերացնում եմ, թէ ինչ հոգեկան ապրումների մէջ է Տիգրանի մայրը` շենշող կին, դեասանուհի, երիտասարդ տարիներին Երեւանի թիւ մէկ գեղեցկուհի Լաուրա Գէորգեանը:
Ես դեռ շատ ասելքներ ունեմ տիկին Մարգարիտա: Կարծում եմ մենք դեռ կը հանդիպենք մամուլում: Ես այսուհետեւ կրնկակոխ հետեւելու եմ քո բոլոր գրառումներին: Դու չգիտես Հայաստանը եւ նրա հպարտ քաղաքացուն: Քո իսկ խոստովանութեամբ դու էլ հպարտ ես քո հայրենիքով, որ Ռուսաստանն է, ի՞նչ գործ ունես Հայաստանի հետ: Դու միայն երկու անգամ ես մի քանի օրով Հայաստան այցելել, որոնցից մէկը` Պուտինի հետ…
Լաւ է, որ խելամիտ մարդիկ կան Հաւաքական Անվտանգութեան Պայմանագրի
Կազմակերպութեան (ՀԱՊԿ) մեջ, որոնց շնորհիւ, կազմակերպութիւնը հաղորդում է իջեցել մամուլում` հետեւեալ բովանդակութեամբ.
– Մարգարիտա Սիմոնեանի կարծիքը ամբողջութեամբ հակասում է ՀԱՊԿ քարտուղարութեան պաշտոնական դիքորոշմանը: