Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Լրատուամիջոցները Սուտ Որակած եմ Քոչարեանի Յայտարարութիւնը, թէ Մամուլի Ազատութիւնը չէ Սահմանափակուած

Լրատուամիջոցները Սուտ Որակած եմ Քոչարեանի Յայտարարութիւնը, թէ Մամուլի Ազատութիւնը չէ Սահմանափակուած

by MassisPost

Հայաստանեան լրատուամիջոցներու ներկայացուցիչները սուտ, իրականութեան չհամապատասխանող բնութագրած են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի դատարանի դահլիճին մէջ հնչեցուցած յայտարարութիւնը, թէ 2008 թուականի Մարտ 1-ի արիւնալի իրադարձութիւններուն յաջորդած արտակարգ դրութեան ընթացքին մամուլի, համացանցի ազատութիւնը չէ սահմանափակուած:

«Ա1+» հեռուստաընկերութեան տնօրէն Մեսրոպ Մովսիսեանը «Ազատութեան» հետ զրոյցի ժամանակ յիշեցուցած է, որ իրենց կայքը ուղղակի արգելափակուած էր, հեռուստաընկերութեան աշխատակիցները կ’աշխատէին ոստիկանութեան ԱԱԾ ներկայացուցիչներու ուղղակի սպառնալիքի ներքոյ:

«Ռոպերթ Քոչարեանը իր տարերքի մէջ է, ինչպէս միշտ ցինիզմը եւ սուտը շարունակում է աշխատել իր մօտ։ Ես զարմանում եմ, որ ինքը էնքան էդ ձեւի մէջ է, որ դատարանում էլ արդէն չի կարողանում ստից հրաժարուել: Դա ակնյայտ սուտ է։ 2008 թուականին, երբ յայտարարուեց արտակարգ իրավիճակ, միանգամից անջատուեց մեր կայքի տոմէյն հասցէն, ջնջուեց, մենք աշխատում էինք երրորդ կողմի շնորհիւ, արտասահմանեան գործակալութեան շնորհիւ եւ «փլիւս պլոկ» էինք բացել, էդ պլոկի միջոցով տարածում էինք մեր նկարահանումները։ Չմոռանանք նաեւ նշել, որ ահագին նկարահանումների տեսաերիզներն առգրաւուեցին էդ օրերին։ Գործը այնտեղ էր հասել, որ մոնթաժի համար մենք տուն էինք վարձել, ստեղից տեղափոխել էինք թեխնիկան եւ այնտեղ էինք աշխատում, որովհետեւ ամէն օր ստեղ գալիս էին առգրաւելու առումով տեսաերիզները եւ վախեցնելու լրագրողներին, որ չաշխատեն», – նշած է Մեսրոպ Մովսիսեանը։

«Առաւօտ» պարբերականի գլխաւոր խմբագիր Արամ Աբրահամեանը Ֆէյսպուքի իր էջին գրած է․ – «2008 թուականի մարտի 2-ին՝ ցերեկը, ինձ զանգահարել էին «Արմինքոյից» եւ տեղեկացրել են, որ ԱԱԾ-ի պահանջով aravot.am կայքն արգելափակուել է: Իսկ գիշերը «Տիգրան Մեծ» տպարանում տեղ զբաղեցրեց ԱԱԾ գրաքննիչը, որը պահանջում էր, նախագահի հրամանագրին համապատասխան, ներքին կեանքի վերաբերեալ հրապարակել միայն պաշտօնական տեղեկութիւններ: «Առաւօտը» ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հիմա այդ պահանջը չի պատրաստւում կատարել: Այնպէս որ գոնէ այս մասով երկրորդ նախագահի ելոյթի պնդումները դատարանում իրականութեանը չեն համապատասխանում»:

«Չորրորդ իշխանութիւն» պարբերականի գլխաւոր խմբագիր Շողեր Մաթեւոսեանը «Ազատութեան» պատմած է, թէ 2008 թուականի այդ 20 օրերուն ԱԱԾ գրաքննիչը ինչպէս կ’արգելէր իրենց հրատարակել թերթը:

«Ամէն օր մենք ուղարկել ենք թերթ, թերթը չի տպագրուել։ Էդ մարդը, որը նստած էր՝ ԱԱԾ-ի ներկայացուցիչը, կարդում էր սկզբից մինչեւ վերջ ամբողջ թերթը, զանգահարում էր, մենք մինչեւ գիշերուայ ժամը 3-4-ը նստում էինք եւ խմբագրութիւնում սպասում էինք։ Մեր լարգրողներն էլ գնում էին ամբողջ օրը ընտեղ սպասում էին, որ մերժում ստանային ու վերադառնային յետ՝ ՄԻՊ-ի ներկայացուցիչների հետ միասին։ Այսինքն դա էնպիսի փաստ է, որ մենակ մենք չենք եւ խնդիրը ինչ էր՝ մենք տպագրում էինք պաշտօնական, ինչպէս որ էդ ժամանակ հրահանգուել էր, որ պաշտօնական լրատւութիւնից բացի ուրիշ ոչ մի լրատւութիւն։ Մենք չբողոքեցինք, մենք ուղղակի ձեւը փոխեցինք, մենք պաշտօնական լրատւութիւնը դնում էինք եւ տալիս էինք Մարքէսի «Նահապետի աշունից» հատուածներ։ Ես հասկանում եմ, թէ ինչու էին մեզ մերժում, ինձ թւում է ենթագիտակցօրէն զուգահեռներ էր տանում իր իշխանութեան հետ», – ըսած է Շողեր Մաթեւոսեանը։

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նաւասարդեանի խօսքով, այդ օրերուն իրականացուող գրաքննութիւնը ապօրինի էր:

«Առանց որեւէ փաստաթղթային հիմնաւորման, առանց որեւէ որոշման՝ իրականացւում էր նախնական գրաքննութիւն, այսինքն բոլոր երեւացող լրատուամիջոցներ ուղարկուած էին գրաքննիչներ յատուկ ծառայութիւններից, որոնք ներկայանում էին, չէին ցոյց տալիս խմբագիրներին կամ լրատուամիջոցների ղեկավարներին որեւէ պաշտօնական հրահանգ, թէ իրենք ինչ պէտք է անեն, բայց փաստօրէն իրականացնում էին այն գրաքննութիւնը, որ կար Խորհրդային միութեան ժամանակ», – նշած է Բորիս Նաւասարդեանը։

Հարակից Նյութեր

Leave a Comment