Home ՀԱՅԱՍՏԱՆԱՐՑԱԽ Փաշինեան.- Բացառուած է ԼՂ Կարգաւորման Որեւէ Լուծում, որ Ընդունելի չէ Արցախի Ժողովուրդին Համար»

Փաշինեան.- Բացառուած է ԼՂ Կարգաւորման Որեւէ Լուծում, որ Ընդունելի չէ Արցախի Ժողովուրդին Համար»

by MassisPost

«Ես բացառում եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգաւորման այնպիսի լուծում, որը ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար», – երէկ մամլոյ ասուլիսի ժամանակ «Ազատութեան» հարցին ի պատասխան ըսած է վարչապետ Նիկոլ Փաշինեանը։

«Երբ որ ասում ենք փոխզիջումային տարբերակ, փոխզիջում, նշանակում է, որ կայ երկու կողմ, որը պատրաստ է որոշակի փոխզիջումների, ես ուզում եմ հասկանանք՝ ինչու ենք մենք ուզում քննարկել մեր պատրաստակամութիւնը փոխզիջման գնալու, եթէ ակնյայտ է, որ Ատրպէյճանը պատրաստ չէ գնալ փոխզիջման։ Երբ որ մենք ուղերձ կը ստանանք, որ Ատրպէյճանը նոյնպէս հակուած է փոխզիջման, կամ Ատրպէյճանը հակուած է փոխզիջման, մենք այն ժամանակ կը քննարկենք, ընդ որում՝ ոչ թէ կառավարութեան մակարդակով, այլ, այսպէս ասած, ազգովի՝ մեզ համար փոխզիջման ի՞նչ սահման գոյութիւն ունի», – ըսած է վարչապետը՝ շարունակելով. – «Ես բացառում եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգաւորման այնպիսի լուծում, որը ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար։ Հայաստանում չի կարող լինել այնպիսի իշխանութիւն, որը կարող է այդպէս լուծել հարցը, չի կարող, եթէ նոյնիսկ շատ ուզենայ»։

Անդրադառնալով օրերս Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի հետ հանդիպման՝ Փաշինեանն այն որակած է օգտակար։

«Առաջին նախագահն ասել է, որ որոշ հարցեր ինձ հետ ցանկութիւն ունի քննարկելու, ես հրաւիրել եմ նրան կառավարական առանձնատուն՝ հիւրերի ընդունելութեան համար նախատեսուած վայրը, նստել ենք, սուրճ ենք խմել, զրուցել ենք, քննարկել ենք։ Արցախի վերաբերեալ ինքը փորձել է ինձ տալ տեղեկութիւններ, որոնք որ մտածել է, որ կարող են ինձ յայտնի չլինել: Դա շատ օգտակար զրոյց էր, բայց ինքն ինձ չի յայտնել տեղեկութիւններ, որոնք ինձ դեռեւս յայտնի չէին»։

Վարչապետը նշած է, որ ներքաղաքական հարցերուն չեն անդրադարձած, հիմնական քննարկած են Արցախի եւ արտաքին քաղաքականութեան վերաբերող հարցեր։

Անդրադառնալով բանակցութիւններուն Ղարաբաղի մասնակցութեան, Փաշինեանը նշած է՝ առանց Արցախի ժողովուրդի մասնակցութեան Արցախի հարցի լուծում պիտի չըլլայ։

«Այսինքն, բոլոր աշխատանքային փաստաթղթերում արձանագրուած է, որ Արցախի հարցի կարգաւորման վերջնական փուլում պէտք է Արցախը ներգրաւուած լինի գործընթացի մէջ՝ լիարժէք։ Ես ասում եմ, որ կարծում եմ, որ եթէ մենք խօսում ենք Արցախի հարցի վերջնական կարգաւորման մասին, ուրեմն՝ Արցախը պէտք է ներգրաւուած լինի, սա չի նշանակում, որ մենք չենք կարող խօսել ընդհանրապէս, որովհետեւ կարող են լինել քննարկումներ, թեմաներ, այդ թուում՝ այս թեմայի քննարկումը։ Մենք յստակ ասել ենք հենց Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, որ մենք պատրաստ ենք բանակցել Ատրպէյճանի հետ, ես պատրաստ եմ Ատրպէյճանի նախագահի հետ բանակցել, եւ հիմա էլ դա ասում ենք։ Բանակցութեան նիւթ կայ, եւ այդ նիւթերին մենք պէտք է ամբողջական ծանօթանանք, եւ այդ փուլում ենք, վերլուծենք եւ բանակցենք», – ըսած է վարչապետը՝ նշելով. – «Մենք պատրաստ ենք ջանքեր գործադրել, որպէսզի կարգաւորման մթնոլորտ ձեւաւորուի»։

Հարակից Նյութեր

Leave a Comment