Home ՀԱՅԱՍՏԱՆ «Նիկոլի Ռոմանտիկան եւ Հրապարակի Էներգետիկան »

«Նիկոլի Ռոմանտիկան եւ Հրապարակի Էներգետիկան »

by MassisPost

ՍՈՒՐԷՆ ԽՈՒԴԱՆԵԱՆ

Միանգամից հպարտութեամբ նշենք, որ Հայաստանի քաղաքական դաշտի վերջին օրերի զարգացումները, Ազգային վերազարթօնքի պահեր պարգեւեց Համայն Հայութեանը:

ՀՀԿ-ի միակ եւ անփոխարինելի համարուող, եւ նախագահութեան երկրորդ շրջանը աւարտած Սերժ Սարգսեանը, իր «շախմատային» քայլերով, սկզբից սահմանադրութիւնը այնուհետեւ ազգային ժողովը իրենով արեց: Յաջորդ եւ յաղթական քայլը այն էր, որ պէտք է սուպեր վարչապետի գահին բազմեր: Այն դէպքում երբ 2014 թ. սահմանադրութեան հանրաքուէն անցկացնելու համար խոստացել էր, որ երրորդ անգամ երկրի բարձրագոյն ղեկի հաւականութիւնը չի ունենայ:

Բայց արի ու տես սուպեր վարչապետին բոլոր լիազօրութիւնները օժտելուց յետոյ ստանձնեց այդ պաշտօնը:
Միգուցէ իսկապէս ՀՀԿ-ում Սերժ Սարգսեանը անփոխարինելի է: Բայց ինչ ասել, ինչպէս բացատրել աւելի քան 10 տարի, հալածուած ու յուսահատուած ժողովրդին, «թէ բան չկայ, ժողովուրդ ջան եւս 10 տարի համբերէք վերջը լաւ կը լինի»:

Այս օրերի մասին կատարեալ գնահատականը անշուշտ պատմութիւնը կտայ:

Մարտի 1-ի դժնդակ օրերի փորձը իր ուսերին շալակած, Նիկոլ Փաշինեանը ազդարարեց իր ազատագրական շարժումը, եւ Հայաստանի քաղաքացու ազատագրումը:

Գիւմրիից սկսած նրա քայլերթը, որ տեւեց 14 օր, քաղաքակիրթ ժողովրդին յարիր, քաղաքացիական շարժման բաղադրիչներից բացի ըստ էութեամբ ռոմանտիզմով էր շաղախուած: Յիշենք քայլարշաւի ընթացքում նրա եւ ընկերների հանդիպումները յուսահատուած ժողովրդի հետ:

Վրանա-խարոյկային հանգրուանումները բաց երկնքի տակ: Ամենատպաւորիչը թերեւս, «Հայրենադարձութիւն» կոչուած ծառատունկն էր Վանաձորի ճանապարհին: Բնականաբար մինչեւ մուտքը Երեւան, հրապարակային մի քանի ակցիաներ հասունացել էին, «իմ քայլը» շարժման նախաձեռնողների շուրջ, երիտասարդ զանգուածների համախմբումը:

Ի սկզբանէ Նիկոլ Փաշինեանի շարժումը Սերժ Սարգսեանի դէմ, յայտարարւում էր, որ դա լոկ Սերժ Սարգսեան անձի դէմ չէ, այլ Սերժական համակարգի դէմ: Բաց ձեռքերով առանց բռնութեան անհնազանդութեան ակցիաները, չէր կարող իրականութիւն դառնալ, եթէ քաղաքական տեխնոլոգիաների հետ միասին ճիշտ մարտավարութիւն չդրսեւորուեր: Իրավիճակը նման պարագաներում շատ արագ հսկողութիւնից դուրս է գալիս, եւ իշխանութիւնների կողմից բիրտ ուժի գործադրման առիթ է ստեղծում: Սակայն բարեբախտաբար առ այսօր շարժման ղեկավարութիւնը յանձինս Նիկոլ Փաշինեանի մեծ հմտութեամբ տիրապետում են այս փուլի գործընթացներին: Սակայն բիրտ ուժի գործադրման վտանգը դեռ առկայ է:

Փողոցում ստեղծուած այս էներերգետիկ դաշտը չի կարող ինչ որ յաջողութիւն չարձանագրի:

Գլխաւորը վախի եւ անտարբերութեան թօթափումն է: Երիտասարդութիւնը յանուն Հայաստանի վաղուայ օրուայ եւ իր ապագայի, համախմբուեց, անսպասելի արագութեամբ եւ այսօր հասունացել է այն պահը, որ քաղաքական երկխօսութեան մթնոլորտ ձեւաւորուի: Համակարգային փոփոխութիւնը դառնայ երկխօսութիւնների հիմքը: Շատ կարեւոր է, որ այս հսկայ զանգուածային շարժումը, իր խաղաղ բնոյթը չփոխի: Իշխանափոխութեան նման անցնում իրականացման պարագայում Հայաստանի Հանրապետութեան վարկանիշը միջազգային ասպարէզում աներեւակայելի բարձրացում կարձանագրի: Սա այն հանգամանքն է, որը կապահովի Հայաստանը դառնայ ինքնուրոյն եւ հզօր խաղացող:

Սերժ Սարգսեանը շարժման ալիքի ճնշման տակ կամովի հրաժարուեց կառավարութեան կողմից նուիրաբերուած յայտնի առանձնատնից: Նախագահ Արմէն Սարգսեանի միջնորդութեամբ կայացաւ Սերժ Սարգսեանի հանդիպումը Նիկոլ Փաշինեանի հետ Մարիոտ հիւրանոցում:

Բայց արձանագրենք, որ իրականութեան մէջ եղաւ հանդիպում, բայց չկայացաւ բանակցութիւն:
Ինչու՞: Որովհետեւ ցաւօք սրտի հայ իրականութեան մէջ երկխօսութեան նման մշակոյթ, ցայսօր ձեւաւորուած չի եղել:

«Արքայական» գահին սովոր բռնապետը, իհարկէ պիտի նյարդանանար, սովորական աթոռին նստելով, անծանօթ ոչ հրաւիրուած լրագրողների ներկայութիւնից, նամանաւանդ առանց նախաբանի հրաժարական պահանջող ցուցարարների առաջնորդից:

Միգուցէ նման կարգի բանակցութեան ֆորմատը չպահպանուեց նաեւ Նիկոլի կողմից, առանց նախաբանի միանգամից անցում կատարեց բովանդակութեանը: Դիւանագիտական լեզուին տիրապետելը քաղաքականութեան մէջ, պարտադիր է:

Չնայած արդիւնքը կարող էր լինել նոյնը, այսինքն Սերժ Սարգսեանը հրաժարուեր հրաժարականից: Սակայն որդեգրուած քաղաքական պայքարի այս ձեւը, հայկական մշակոյթի նշաձողը էլ աւելի կը բարձրացներ:

Նշուած անսովոր հանդիպումը աւարտուեց Սերժ Սարգսեանի Մարտի 1-ի դասերի մասին յիշեցումներով դահլիճը լքելուն: Կարճ ժամանակ անց հերթական խաղաղ ցոյցի ելած ցուցարարների դէմը փակեցին ոստիկանական շղթան: Այդ պահին բռնի ուժով ձերբակալուեցին եւ բեկման ենթարկեցին Նիկոլը իր 2 պատգամաւոր ընկերների հետ: Առաջնորդի ձերբակալումը բոլորովին չընկճեց ցուցարարներին, որովհետեւ վստահ էին, որ նա, էլ աւելի հերոսացած կվերադառնայ ասպարէզ:

Ժամերի ընթացքում հասունացաւ, բաղձալի եւ պատմական պահը, որ յայտարարուեց վարչապետի հրաժարականը:
Ցնցող էր: Շատ-շատերի համար անհաւատալի: Համաշխարհային լրատուամիջոցները ապշահար սկսեցին լուսաբանել, այս նոր երեւոյթը: Բաց ձեռքերով, խաղաղ ակցիաներով, անուանափոխութիւն: Համաշխարհային օլիգարխիկ համակարգի խաղի կանոններից դուրս երեւոյթ էր:

Առանց զոհերի եւ մեծ ցնցումների այս թաւշեայ յեղափոխութիւնը վստահօրէն «Մայդաններ» չի ունենալու եւ ոչ էլ Մարտի մէկն է կրկնուելու:

Բերէք ողջունենք մեր նոր սերնդին, եւ բոլոր այն մարդկանց, որոնք իրենց լուման ներդրեցին այս երեւոյթի համար, պետականաշինութեան նոր համակարգի կազմաւորման համար:

Վերջում յուսանք, հեռացող ռեժիմը անհրաժեշտ սթափութիւնը կ’ունենայ որ որեւէ պատճառով, «արտակարգ դրութիւն» պատրուակով, զրահատանկային մեքենաներով չի ողողի Երեւանեան փողոցները:
Այսպիսով Քաղաքական գարնանամուտը նոր շունչ ու նոր կեանք կը հաղորդի մեր հայրենիքին:
Կլէնտէլ

Հարակից Նյութեր

Leave a Comment