Կառավարութիւնը յառաջիկային մանրամասն հաշուետուութիւն պիտի ներկայացնէ պենզինի եւ տիզել- վառելանիւթի թանկացման հարցով, ԱԺ-կառավարութիւն հարց ու պատասխանի ժամանակ ըսած է վարչապետ Կարէն Կարապետեանը: Ան յորդորած է, որ պատգամաւորները ուշադիր կարդան այդ հաշուետուութիւնը:
«Եւս մէկ անգամ կրկնեմ՝ 7.7 տոկոս տնտեսական աճ ունենք, որը տարածաշրջանում, Եւրոպայում ամենաբարձրն է, եւ ունենք գնաճ՝ 2.6 տոկոս, որն ամենացածրն է: Ընդ որում, գնաճ ունենք այնպիսի երկրներում, որտեղ պետութիւնը գների վրայ ազդում է ուղղակիօրէն: Հիմա տուրքը աւելացնելով՝ պենզինը որ թանկացել ա, շատ դէպքերում իմ խօսքն ուրիշ ձեւ են մեկնաբանել, պենզինը որեւէ ապրանքի գնի վրայ չի ազդում, որովհետեւ պենզինով ոչինչ չեն փոխադրում: Մեր փոխադրամիջոցների 84 տոկոսը կազով է շարժւում: Կազի գինը վերականգնուել է այն գինը, որը 2 տարի առաջ եղել է, դա նոր պայման չէ: Տիզելով աշխատող գիւղատնտեսին մենք նպաստելու ենք: Այդ իսկ պատճառով մեր գնաճի այսօրուայ թուերը տարածաշրջանում եւ բոլոր տեղերում աւելի լաւն են, լաւագոյնն են»,- ըսած է Կարէն Կարապետեանը:
Հարցին, թէ ինչո՞ւ միջազգային խոշոր ընկերութիւններ մուտք չեն գործեր հայաստանեան պենզինի շուկայ, վարչապետը ըսած է, որ այդ մեր շուկայի փոքրութենէն է: Խոշոր խաղացողներու համար մեր շուկան հրապուրիչ չէ:
«Մենք վտանգ ունենք այս փոքր շուկաներում գերիշխող դիրք ունենալու հետ կապուած: Այդ իսկ պատճառով, եթէ գերիշխողը մրցակցային պայմաններում է առաջանում, դա լաւ է, եթէ դուք տեսնում էք, որ մենք մէկի նկատմամբ անհաւասար պայման ենք ցուցաբերում, ասէք», աւելցուցած է ան:
Կարէն Կարապետեան ըսած է, որ եթէ մարդը չուզեր պենզինով երթեւեկել, թող կազ դնէ մեքենային: «Մեր գործընկերները մեկնաբանեցին, որ վարչապետն ասում է՝ ով չի ուզում փոխադրամիջոցով երթեւեկի, թող ոտքով գնայ: Վարչապետը նման բան չի ասել»,- նշած է ան: