Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ ԱՆԻ Կենտրոնը Հրատարակել է Երկու Արժէքաւոր Հատոր Ռուբէնի «Հայաստանի Հանրապետութիւնը» եւ Սապահ-Գիւլեանի «Պատասխանատուները»

ԱՆԻ Կենտրոնը Հրատարակել է Երկու Արժէքաւոր Հատոր Ռուբէնի «Հայաստանի Հանրապետութիւնը» եւ Սապահ-Գիւլեանի «Պատասխանատուները»

by MassisPost

Հայկական ուսումնասիրութիւնների ԱՆԻ կենտրոնը տեղեկացնում է, որ վերահրատարակել եւ Երեւանի գրախանութներում վաճառքի է հանել ՀՅԴ Բիւրոյի ազդեցիկ անդամ, Հայաստանի Հանրապետութեան (1918-1920/21 թթ) ռազմական նախարար Ռուբէն Տէր-Մինասեանի «Հայաստանի Հանրապետութիւնը», ինչպէս նաև Հնչակեան նշանաւոր գործիչներից Ստեփան Սապահ-Գիւլեանի «Պատասխանատուները»  աշխատութիւնները:

Ռուբէնի «Հայաստանի Հանրապետութիւնը» գործը ձեռագիր վիճակով պահւում է Հայաստանի Ազգային արխիւում՝ ֆոնտ 1048, ցուցակ 1, գործ 25, 206 թերթ: Արխիւում այս գործը կրում է «Ռուբէն Տէր-Մինասեանի ուսումնասիրութիւնը ՀՅ Դաշնակցութեան Բիւրոյի (1919թ. Նոյեմբեր մինչեւ 1920թ. Ապրիլ) գործունէութեան մասին» խորագիրը:

300 օրինակ տպաքանակով եւ 240 էջանոց գիրքը վերահրատարակուել է արեւմտահայերէնով, մեսրոպեան ուղղագրութեամբ։ Խմբագրումը, ծանօթագրութիւնի հեղինակումը եւ շարադրանքի վերանայումը կատարել է պատմաբան Գէորգ Եազըճեանը։ Հատորի ընդհանուր խմբագիրը լրագրող Թաթուլ Յակոբեանն է։

Գիրքը վերահրատարակուել է «Լուսակն» տպարանում։ Հայաստանի գրախանութներում գիրքը վաճառւում է 3.300 դրամով։

ՍԴՀԿ նշանաւոր գործիչներից Ստեփան Սապահ-Գիւլեանի 400 էջանոց «Պատասխանատուները» հատորը լոյս է տեսել 700 օրինակ տպաքանակով, արեւելահայերէնով, մեսրոպեան ուղղագրութեամբ։

Այս հատորը կարեւոր աղբիւր է 1890-ական թթ. վերջերից մինչեւ 1914-ի հայ-թուրքական դէպքերն ու իրադարձութիւնները աւելի լաւ, նոր լոյսի տակ ընկալելու եւ մեկնաբանելու տեսակէտից: Մասնաւորապէս, այս գրքում մանրամասն կերպով եւ մասնակցի ներկայութեամբ պատմւում է ՍԴՀԿ-Երիտթուրքեր, ՀՅԴ-Երիտթուրքեր, ՍԴՀԿ-Իթիլաֆ շփումների, հակասութիւնների եւ համագործակցութեան մասին:

Յատուկ այս հրատարակութեան համար առաջաբան է գրել Հնչակեան գործիչ, Լիբանանի խորհրդարանի նախկին պատգամաւոր, դոկտոր Եղիկ Ճէրէճեանը Պէյրութից։ Խմբագրումը, ծանօթագրութիւնների հեղինակումը եւ շարադրանքի վերանայումը կատարել է պատմաբան Գէորգ Եազըճեանը։ Հատորի ընդհանուր խմբագիրը Թաթուլ Յակոբեանն է։

Սապահ-Գիւլեանի «Պատասխանատուները» վերահրատարակուել է «Լուսակն» տպարանում։ Հայաստանի գրախանութներում գիրքը վաճառւում է 3․900 դրամով։

ԱՆԻ կենտրոն

Հարակից Նյութեր

Leave a Comment