Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի Խօսք Հայաստան-Սփիւռք Համահայկական Համաժողովին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի Խօսք Հայաստան-Սփիւռք Համահայկական Համաժողովին

by MassisPost

Ստորեւ  կը  ներկայացնենք ՀՀ նախագահ  Սերժ Սարգսեանի   խօսքէն  բաժին մը,  արտասանուած     համաժողովի   լիագումար  նիստին:

«Կասկածից վեր է, որ Հայաստանի երրորդ Հանրապետութիւնն անհամեմատ ուժեղ է Սփիւռքի աւանդական կառոյցների միջազգային համայնքում ինտեգրուած մեր հայրենակիցների ջանքերի շնորհիւ: Մենք բարձր ենք գնահատում բոլորիդ եւ իւրաքանչիւրիդ ներդրումը:

Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան կոչը չպէտք է դիտուի որպէս ինքնուրոյնութեան յատկանիշ: Ընդհակառակը, համագործակցաբար, ուս-ուսի տուած եւ միայն տարբեր մօտեցումների համադրմամբ մենք կարող ենք հասնել արդիւնաւէտ լուծումների: Մեր ուժը մեր բազմակարծութեան մէջ է:

Նախորդ երեք տարիների ընթացքում Հայաստանի կեանքում տեղի են ունեցել նշանակալի իրադարձութիւններ: Այժմ գտնուում ենք լիարժէք խորհրդարանական կառավարման անցնելու ճանապարհին: Սա նշանակում է, որ նոր հնարաւորութիւններ են ստեղծուում երկրի հասարակական-քաղաքական կեանքին մասնակցելու եւ ապագայի հանդէպ պատասխանատուութիւն ստանձնելու առումով: Կոչս առաջին հերթին ուղղուած է մեր այն հայրենակիցներին, ովքեր տարիներ ի վեր ճանապարհներ են փնտռել զարգացման եւ բարեփոխումների իրենց գաղափարները Հայաստանում լսելի դարձնելու համար: Հիմա եկել է գաղափարները կեանքի կոչելու ժամանակը: Ինչպէս գիտէք, 2015 թուականի դեկտեմբերի 6-ին Հայաստանում համապետական հանրաքուէով ընդունուեցին Սահմանադրութեան փոփոխութիւնները, որոնք յեղափոխական բարեփոխումների հիմք են դարձել մեր պետական կառավարման, հանրային կեանքի եւ քաղաքական բնագաւառներում: Հայաստանը փոխուում է, դառնում աւելի բաց, ճկուն եւ ժողովրդավար: Փոխուում են նաեւ մեր քաղաքացին, քաղաքական եւ հասարակական կեանքը՝ դառնալով աւելի օրինապաշտ եւ կազմակերպուած: Ժողովրդավարութեան խորացման, օրէնքի գերակայութեան, իշխանութիւնների պատասխանատուութեան, քաղաքական կուսակցութիւնների եւ քաղաքացիական հասարակութեան հասունութեան իրողութիւններն են, որ պէտք է անընդհատ կատարելագործենք:

2017 թուականի Ապրիլի 2-ին տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրութիւնները, որոնք անցան աննախադէպ թափանցիկութեան, եւ միջազգային մասնագիտական կառոյցների բարձր գնահատականներ ստացած նոր Ընտրական օրէնսգրքի հիման վրայ: Միջազգային եւ տեղական դիտորդները բարձր գնահատեցին ժողովրդավարութեան կառուցման ճանապարհին այս ձեռքբերումը, որը, ի հարկէ, հնարաւոր չէր լինի առանց հասուն քաղաքացու, իրենց պատասխանատուութիւնը գիտակցող քաղաքական ուժերի, արմատաւորուող երկխօսութեան մշակոյթի եւ միջազգային մեր գործընկերների քաղաքական եւ ֆինանսական աջակցութեան: Միս ու արիւն ստացող սահմանադրական նոր կարգը լաւ հիմք է քաղաքական երկխօսութեան մշակոյթը ամրացնելու, քաղաքական ուժեղ կուսակցութիւնները, քաղաքացիական հասարակութիւնը ուժեղացնելու եւ օրինականութեան հանդէպ յարգանքը մեր երկրում խորացնելու եւ անշրջելիօրէն արմատաւորելու համար: Կարեւոր է նաեւ, որպէսզի մենք պայմաններ ստեղծենք բոլոր հնարաւոր ժամանակակից միջոցներով Սփիւռքի մեր եղբայրներին եւ քոյրերին Հայաստանի իրական կեանքին ծանօթացնելու համար` անկախ նրանց կուսակցական կամ քաղաքական նախասիրութիւններից։ Միայն օպիեքթիւ իրականութիւնը եւ միմիանց կարիքները հասկանալով մենք կարող ենք ստեղծել ներառական եւ իրական օրակարգ։

Ամփոփելով անկախութեան քսանհինգ տարիների ձեռքբերումներն ու բացթողումները՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստում մենք հրապարակեցինք գալիք 25 տարիների հիմնական գերակայութիւնների մասին մեր պատկերացումները։ Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելաւումը հիմնական շեշտադրումներից մէկն էր այդտեղ։ Մենք արձանագրում ենք, որ ժողովրդագրական միտումները մեր երկրում խիստ մտահոգիչ են եւ հետեւանք են քառորդդարեայ օպիեքթիւ եւ սուպիեքթիւ բազմաթիւ գործօնների։ Առաջիկայ բոլոր տարիների մեր քայլերն ուղղուելու են Հայաստանում բնակչութեան բնական աճի տեմպերի աւելացմանը, արտագաղթի եւ ներգաղթի յարաբերակցութեան էապէս վերափոխմանը։ Մենք յայտարարել ենք, որ մեր նպատակն է, որպէսզի Հայաստանը 2040 թուականին ունենայ առնուազն 4 միլիոն բնակիչ: Ակնյայտ է, որ միայն ծնելիութեան մակարդակի աւելացման, մարդկանց կեանքի տեւողութեան երկարացման եւ ժողովրդագրական պատկերը բարելաւող միւս քայլերով մենք այդ նպատակին դժուարութեամբ կը հասնենք ՝ չնայած այդ ուղղութիւններով հաստատակամօրէն առաջ ենք գնալու։ Հետեւաբար նպատակադրումը ենթադրում է գալիք 25 տարիների ընթացքում դէպի Հայաստան ներգաղթի լուրջ ցուցանիշների ձեռքբերում: Հենց այս խնդրի իրականացումն է դառնալու, իմ կարծիքով, գալիք մի քանի Հայաստան-Սփիւռք համաժողովների քննարկման հիմնական թեման։ Մինչեւ յաջորդ համաժողով մենք կ’աւարտենք բոլորիս անելիքների քարտէզագրումը, կը բիւրեղացնենք ինչպէս մեր միասնական քայլերի տրամաբանութիւնը, այնպէս էլ Սփիւռքի իւրաքանչիւր համայնքին բաժին ընկնող նպատակների ու անելիքների համալիրը։

Յաջորդ Հայաստան-Սփիւռք համաժողովը լինելու է «4 միլիոնանոց Հայաստան» ծրագրի համահայկական քննարկման հաւաքն ու դրա իրականացման ընթացքի իրական սկիզբը։ Սա պայմանաւորուում ենք հենց հիմա այստեղ, հասունացել ենք հայրենադարձութեան կազմակերպման հարցի շուրջ լրջօրէն քննարկում ծաւալելու համար։

2016-ի Ապրիլին մեր ժողովրդին նորից պարտադրուեց պատերազմ, եւ մենք նորից պատուով դիմագրաւեցինք հակառակորդի կողմից նախնադարեան մտածողութեան արգասիք վայրագութեանը: Այսօր մենք պէտք է դրուատենք մեր զինուորների եւ սպաների անձնուիրութիւնը, հերոսութիւնը եւ մարտական ոգին, բայց պէտք է չմոռանանք, որ կարճատեւ պատերազմում մենք ունեցանք նաեւ կորուստներ: Փա՛ռք ու պատիւ մեր զինուած ուժերին:

2016-ի Ապրիլին մենք կրկին ցոյց տուեցինք աշխարհին մեր միասնականութիւնը եւ հայի անկոտրում ոգու ուժը: Մենք համախմբուեցինք, լարեցինք մեր ուժերը մարտի դաշտում, որպէսզի այնուհետեւ ամրագրենք մեր շահերը բանակցութիւնների սեղանի շուրջ: Ատրպէյճանի վայրագութիւնների վերաբերեալ միջազգային դատարանները, համոզուած եմ, դեռ իրենց վճիռները կը կայացնեն: Հայաստանի եւ Արցախի զինուած ուժերն են այսօր այս անկայուն տարածաշրջանում անվտանգութեան եւ խաղաղութեան երաշխաւորը, եւ համաշխարհային հանրութեան առջեւ մենք կատարում ենք մեր միջազգային պարտաւորութիւնները: Հայ զինուորն է այստեղ պահպանում խաղաղութիւնը՝ իրականութեան հետ կապը կորցրած հարեւան երկրի իշխանութիւնների դէմ: Ատրպէյճանի իշխանութիւնների կողմից հայատեացութեան քարոզը երկրի ներսում եւ այդ քարոզչութիւնը միջազգային ասպարէզ արտահանելու փորձերը ստեղծում են մի վիճակ, երբ հայ հասարակութիւնը` Արցախում, Հայաստանում ու Սփիւռքում աւելի է կարծրացնելու փոխզիջման պատրաստ իր դիրքորոշումը: Չի կարող լինել որեւէ կայուն խաղաղութիւն, մինչեւ Ատրպէյճանի ղեկավարութիւնը չհամակերպուի միջազգային հանրութեան կողմից ամրագրուած սկզբունքների գոյութեան հետ: Մենք համոզուած ենք, որ միջազգային խաղաղութեան պահպանման եւ հակամարտութիւնների կանխարգելման համար կարեւոր է մարդու իրաւունքների, այդ թուում՝ ժողովուրդների իրաւահաւասարութեան եւ ինքնորոշման իրաւունքների իրացումը, քանի որ գրեթէ բոլոր դէպքերում այդ իրաւունքի սահմանափակումը առաջացնում է քաղաքական ճգնաժամ եւ ապա՝ պատերազմ:

«Անկայուն իրավիճակը մեր սահմաններին նախեւառաջ մեզ ստիպում է աւելի աչալուրջ լինել արտաքին վտանգների նկատմամբ և ինքնակազմակերպուել մեր երկրում՝ կառուցելով աւելի արդիւնաուետ պետական կառավարման համակարգ, շարունակելով ուժեղացնել ժողովրդավարական ինստիտուտները, ամրապնդելով և զարգացնելով տնտեսութիւնը: Այս բարդ տարածաշրջանում մենք դեռ պարտադրուած ենք ապրելու շրջափակման մէջ», – ասաց Սարգսեանը:

Սփիւռքի բոլոր շերտերի հետ փոխադարձ ներգրաւուածութիւնը քաջալերելը, Սփիւռքում հայապահպանութեանն աջակցելը, արտակարգ իրավիճակներում յայտնուած մեր հայրենակիցներին, յատկապէս սիրիահայութեանը հնարաւորինս աջակցութիւն տրամադրելը եւ համակարգումը եղել է պետական քաղաքականութեան առանցքում, անկախութեան 26 տարիների ընթացքում մեր գործարար համայնքի ներկայացուցիչները բազում նուիրատուութիւններ եւ բարեգործութիւններ են իրականացրել Հայաստանում եւ Արցախում: Հիմա մենք ասում ենք, որ մի քայլ առաջ պէտք է անենք եւ դէպի Հայաստան դարձնենք նաեւ Սփիւռքի այն ներդրումային ուժը, որը ցանկանում է գործարարութեամբ զբաղուել եւ շահոյթ ստանալ՝ զուգահեռաբար շէնացնելով մեր երկիրը, աշխատատեղեր ստեղծելով, աջակցելով սոցիալական քափիթալի զարգացմանը եւ ի վերջոյ՝ հայրենադարձութեանը: Այդպիսի ոգեւորիչ բազմաթիւ օրինակներ մենք արդէն ունենք այսօր:

Ոտքերի վրայ ամուր կանգնած մեր հայրենիքը այսօր ուժ եւ կամք ունի վերջապէս մշակելու Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների ռազմավարական զարգացման հայեցակարգը: Այն դաշտը, որի վրայ մենք պէտք է կառուցենք Հայրենիք-Սփիւռք համագործակցութիւնը՝ ուժեղ եւ զարգացած Հայաստան, անկախ եւ անվտանգ Արցախ, Սփիւռքի կազմակերպուած համայնքներ ունենալու տեսլականն է՝ հայկականութեան ոքով, եռանդով եւ հային բնորոշ մտքի թռիչքով: Մայր Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է՝ անկախ քաղաքական եւ այլ կողմնորոշումներից: Մենք ճանաչում եւ արժեւորում ենք Սփիւռքն իր բազմաշերտ էութեան մէջ:

Հայաստանը լինելու է աշխարհին լիարժէք ինտեգրուած, ուժեղ, զարգացած ու հպարտ երկիր: Սա է մեր տեսլականը:

Հարակից Նյութեր

Leave a Comment