«Հայաստանի ընդդիմութիւնը առաջարկում է պատերազմ՝ փաթեթաւորուած տարբեր ձեւերով, ՀՀ ընդդիմադիր քաղաքական դաշտն ամէն ինչ անում է, որ Հայաստանի գլխին կախուի պատերազմը»: Ազգային Ժողովին մէջ լրագրողներու հետ զրոյցին ընթացքին այս մասին ըսած է «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր Վահագն Ալեքսանեանը:
«Ես պնդում եմ, որ ընդդիմադիր դաշտը ամէն ինչ անում է, որպէսզի ՀՀ-ն մտնի պատերազմի մէջ ու պատերազմի ընթացքում կորցնի իր որդիների կեանքը, դրանից յետոյ էլ ստիպուած լինի զրկուել իր ամենաթանկից՝ անկախութիւնից: Մենք, ՀՀ իշխանութիւն լինելով, յայտարարել ենք, որ դադարեցնում ենք Ղարաբաղեան շարժումը ու այլեւս երբեք չենք սկսելու»,- ըսած է Ալեքսանեան:
Անդրադառնալով Հայաստանի Իրանին ցաւակցական խօսք չյայտնելուն՝ Ալեքսանեան նշած է, որ ՀՀ իշխանութիւնը զբաղուած է Հայաստանի գործերով, խիստ մտահոգուած է տարածաշրջանին մէջ տեղի ունեցածով, բայց պէտք չէ ամբողջ աշխարհի մէջ տեղի ունեցողը կապել ՀՀ իշխանութեան յայտարարութիւններուն հետ:
«ՀՀ Անվտանգութեան Խորհուրդը քննարկում է ամենատարբեր հնարաւոր զարգացումների բնագրերը, իմ անձնական կարծիքով՝ հիմնական վտանգերը կարող են լինել տնտեսական:
«Անվտանգային առումով, ինչպէս տեսնում էք, Հայաստանում խաղաղութիւն է, վստահ եմ, որ ՀՀ քաղաքացիները գնահատում են այդ խաղաղութիւնը: Սա աննախադէպ դէպք է, մինչ սա մշտապէս մեզ մօտ էին զոհեր եւ պատերազմ, ամբողջ աշխարհում խաղաղութիւն, իսկ հիմա առաջին անգամն է, որ հակառակ գործընթացն է տեղի ունենում»,- եզրափակած է Ալեքսանեան:

