Home ՀԱՅԱՍՏԱՆ Սերժ Սարգսեան ․ «Կը Վախնամ Անպատասխանատու Ամբոխավարներու՝ Մեր Հայրենիքի Համար Կործանարար Քաղաքականութենէն»

Սերժ Սարգսեան ․ «Կը Վախնամ Անպատասխանատու Ամբոխավարներու՝ Մեր Հայրենիքի Համար Կործանարար Քաղաքականութենէն»

by MassisPost

Շուրջ քառորդ դար իշխանութեան մաս կազմած եւ անցեալ տարուան թաւշեայ յեղափոխութեան արդիւնքով այդ իշխանութիւնը կորսնցուցած Սերժ Սարգսեանը քննադատած է իշխանութիւնները՝ յայտարարելով, թէ կը վախնայ «անպատասխանատու պոպուլիստներու ամբոխավարներու՝ մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականութենէն»:

«Ինչպէս յայտնի է, ոչ մի բանից չի վախենում միայն կատարեալ յիմարը: Ես 88 թուականից յետոյ իրօք վախեցել եմ՝ վախեցել եմ կորցնել մեր հայրենիքի մի մասը՝ Լեռնային Ղարաբաղը, ինչը, ի հարկէ, շատ մեծ ու իրական վտանգ կը բերէր մեր հայրենիքի մնացած ու վերջին մասի համար: Բայց հազարաւոր, տասնեակ հազարաւոր նուիրեալների հետ միասին, նայելով այդ վախի աչքերի մէջ, մենք կարողացել ենք յաղթահարել այդ վախը՝ պատերազմի՝ ձեզ յայտնի արդիւնքներով», – ըսած է Հայաստանի երրորդ նախագահը՝ շարունակելով․ – «Հիմա ես վախենո՞ւմ եմ, թէ՞ չեմ վախենում: Հիմա էլ եմ վախենում, վախենում եմ անպատասխանատու պոպուլիստների ամբոխավարների՝ մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականութիւնից»:

«Իմ անձի հետ կապուած վախենալու որեւէ բան չունեմ: Եթէ ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կը լինի, եթէ ինձ ձերբակալելով «Մարտի 1»-ը, «Հոկտեմբերի 27»-ը կը համարուի ամբողջովին բացայայտուած, եթէ ինձ ձերբակալելով մեր երկրին սպառնացող վտանգները կը չէզոքանան, եթէ ինձ ձերբակալելով Լեռնային Ղարաբաղի բանակցութիւնները կը վերադառնան ճիշդ ուղի, ապա թող ձերբակալեն», – յայտարարած է նախկին նախագահը:

«Գիտէ՞ք, ինչպէս ասեցի, միայն կատարեալ յիմարը ոչ մի բանից չի վախենում: Իմ կարծիքով՝ վախկոտ են համարւում այն մարդիկ, ովքեր ինչ-որ ազդեցութիւնների հետեւանքով յաճախ փոխում են իրենց որոշումները: Ես որոշում փոխող չեմ եւ երբեք չեմ փոխել իմ որոշումը», – ըսած է Սերժ Սարգսեանը եւ աւելցուցած․ – «Եթէ իմ բացակայութիւնը հասարակութիւնից կը նպաստի, որ տնտեսական յեղափոխութիւնը շատ մեծ թափ կը ստանայ, եւ հայրենադարձների հոսքը այնքան կը մեծանայ Հայաստան, որ մենք դրանով ուղղակի կը հպարտանանք, թող ձերբակալեն»:

«Աւելին չեմ ուզում ասել, որովհետեւ, ինչպէս յայտնի է, ես խոստացել եմ պարզ ու անկեղծ զրոյց ունենալ մեր քաղաքացիների հետ, եւ դրա ժամկէտը մօտենում է», – նշած է Հայաստանի երրորդ նախագահը:

Հարակից Նյութեր

Leave a Comment