Home ԳԱՂՈՒԹԱՅԻՆ Փաշինեան․ «Ես Ալ Բաւարարուած Չեմ Քորուփցիայի Դէմ Պայքարի Մակարդակէն»

Փաշինեան․ «Ես Ալ Բաւարարուած Չեմ Քորուփցիայի Դէմ Պայքարի Մակարդակէն»

by MassisPost

Լոս Անճելըսէն Նիւ Եորք ժամանած վարչապետ Նիկոլ Փաշինեանը տեղի հայկական եկեղեցւոյ մէջ հանդիպած է Նիւ Եորքի հայ համայնքի ներկայացուցիչներուն հետ:

Հայաստանի ղեկավարին հարցեր ուղղած են տարբեր ոլորտներու շուրջ, օրինակ՝ հետաքրքրուած են, թէ ինչու մէկուկէս տարուան ընթացքին շատ քիչ թալանչիներ կողոպտողներ պատժուած են, քիչ գումար վերադարձուած է պետական պիւտճէ:

«Ինչ վերաբերում է նրան, թէ ինչու գումարներ չեն վերադարձւում: Հիմա տեսէք, օրինակ, բնապահպանութեան նախկին նախարար Արամ Յարութիւնեանը, որ մեղադրւում  է խոշոր չափերի կաշառքի համար, օգտուելով իր պատգամաւորական կարգավիճակից եւ օգտուելով նրանից, որ Հանրապետական կուսակցութիւնը չքուէարկեց իր ձերբակալութեան օգտին առաջին անգամ, Հայաստանի Հանրապետութիւնից թողեց հեռացաւ: Միհրան Պօղոսեանը, որի հետ կապուած էլի չարաշահումների քրէական գործ է յարուցուած, Հայաստանի Հանրապետութիւնից փախած է էլի եւ գտնւում է հետախուզման մէջ: Սերժ Սարգսեանի եղբայր Լեւոն Սարգսեանը, ում մեղադրանք է առաջադրուել «Հիւսիս-հարաւ»-ի գործով, էլի փախած է Հայաստանի Հանրապետութիւնից, գտնւում ա հետախուզման մէջ: Մանուէլ Գրիգորեանը բանտում է, Գագիկ Խաչատրեանը բանտում է, Ռոպերթ Քոչարեանը բանտում է», – յայտարարած է Փաշինեանը:

«Բայց միւս կողմից, ես չեմ ուզում թաքցնել, եթէ չեմ սխալւում՝ սկսած չորս-հինգ ամիս առաջուանից, նաեւ Ազգային ժողովի ամպիոնից ասել եմ, որ քորուփցիայի դէմ պայքարի ծաւալները ինձ չեն բաւարարում, եւ նաեւ այս է պատճառը, որ իրաւապահ համակարգում շատ էական եւ շօշափելի եւ արմատական քատրային փոփոխութիւններ են տեղի ունեցել: Այո, ես էլ բաւարարուած չեմ այդ պայքարի մակարդակից, բայց ես ինչ եմ ուզում ասել եւ սկզբից էլ էի ասում․ գիտէ՞ք, էդ իրաւապահ համակարգում էլ էդ միտումը կայ, «այ, լաւ, մի ամիս անցաւ, երկու ամիս անցաւ, երեք ամիս անցաւ, արդէն սկսենք բան անել, մի քիչ, մի քիչ սրա հետ համաձայնուենք, մի քիչ նրա հետ համաձայնուենք», ու էդ միտումը կայ: Եւ ես հենց իրականում իմ խօսքում ասում եմ, որ ես դրա հետ չեմ համաձայնուել ու չեմ համաձայնուելու», – շեշտած է վարչապետը՝ շարունակելով․ – «Միւս կողմից էլ՝ քրէական գործերի քննութեան ընթացքում էսօր մեր քննիչները շատ ծանրաբեռնուած են, մեր քննիչների վարոյթում միջինը 30-40 քրէական գործ կայ՝ մի քննիչն ա վարում էդ քրէական գործը, եւ բնականաբար, երբ որ մի քննիչը վարում ա 40 քրէական գործ, էդ քրէական գործերը չեն կարող շատ արագ ծաւալուել: Միւս կողմից էլ՝ էդ բոլոր քրէական գործերը անցնում են ձեզ յայտնի հնարաւոր եւ անհնար խոչընդոտների պայմաններում»:

«Բայց էս ամէն ինչը որեւէ բան չի փոխում մեր փլաններում: Ինչպէս ասել եմ, շարունակում եմ պնդել, որ Հայաստանի ժողովրդից գողացուած ամէն կոպէկ, մինչեւ վերջին կոպէկը, պէտք ա վերադարձուի ժողովրդին», – վստահեցուցած է Փաշինեանը:

Հարակից Նյութեր

Leave a Comment