Կրթութեան եւ գիտութեան նորանշանակ նախարար Արայիկ Յարութիւնեանը առաջնային խնդիրներէն համարած է դպրոցներու, մանկապարտէզներու ապակուսակցականացումը։
«Կիրակնօրեայ վերլուծական Հրայր Թամրազեանի հետ» հաղորդման ժամանակ նորանշանակ նախարարը նշած է՝ օրէնքով քաղաքականութիւնը դպրոցներու մէջ արգիլուած է, եւ իրենք շատ արագ պէտք է սկսին ապակուսակցականացման գործընթացը։ Նախարարը չէ բացառած, որ օրէնսդրական նախաձեռնութեամբ հանդէս գան։
Իսկ ինչ կը վերաբերի բուհերուն, ապա, ըստ նորանշանակ նախարարի, այդ խնդիրը այստեղ ալ կար․ – «Անցած տարի, երբ որ բերեցին բարձրագոյն կրթութեան մասին օրէնքը, նոյնպէս թեթեւ շունչ քաշեցինք, որովհետեւ էդ օրէնքով չէր նախատեսւում պետական պաշտօնեաների ներկայացումը համալսարաններու կառավարման խորհուրդներում, եւ այսպէս կրթութեան նախարարութիւնը, կառավարութիւնը, մի արտասովոր պաթոսով (ախտ), ներկայացնում էին, որ ազատականացում են դպրոցները, դպրոցներն աւելի ինքնավար կարող են լինել, ակադեմիական ազատութիւնները աւելի շատ կարող են լինել։ Մի քիչ հաւատացել էինք էս ամէնին, բայց 25 դեկտեմբերին էն բանից յետոյ, երբ որ արդէն նախկին նախագահի պաշտօն զբաղեցնող Սերժ Սարգսեանը յայտարարեց, որ ինքը մնում է ԵՊՀ խորհուրդի նախագահ, մնալու է նոյնիսկ, եթէ վարչապետ ընտրուի, բերել էին փոփոխութիւններ, որտեղ յատուկ նշուել էր, որ ԵՊՀ կառավարման խորհուրդը պէտք է ունենայ ձեւաւորման յատուկ կարգ, եւ այստեղից հասկացանք, որ Սերժ Սարգսեանն այստեղից էլ չի ուզում հեռանալ, բայց պատմութիւնը ցոյց տուեց, որ դա էլ ամենեւին իր ցանկութեամբ չէր, եւ ուրեմն էդ փոփոխութիւնն արեցին։ Յետոյ Հրայր Թովմասեանը Սահմանադրական դատարան գնալուց առաջ իր վերջին վատութիւնն արեց Ազգային ժողովում եւ առաջարկեց մի փոփոխութիւն, որ այնուամենայնիւ մէկ կամ երկու պաշտօնեայ պէտք է լինեն խորհրդում։ Հիմա էս օրէնքը կիսատ ձեւով, աղճատուած ձեւով գտնւում է Ազգային ժողովում, եւ մեր առաջնահերթութիւններից է, որպէսզի մենք օրէնքը բերենք նախկին տեսքի, այսինքն՝ կառավարման խորհուրդներում չլինեն պետական պաշտօնեաներ»: