Home ԱՐՈՒԵՍՏ - ՄՇԱԿՈՅԹ «Խաղաղութիւնն Ափերի մէջ» – Դանիէլ Վարուժան Հեճինեանը Պարգեւատրուեց Նանսենի Ոսկեայ Յուշամետալով՝

«Խաղաղութիւնն Ափերի մէջ» – Դանիէլ Վարուժան Հեճինեանը Պարգեւատրուեց Նանսենի Ոսկեայ Յուշամետալով՝

by MassisPost

NANSEN Peace in the Palms.Հեղինէ Գէւորգեան

Հոկտեմբերի 10-ը նորվեկյացի մարդասեր, խաղաղութեան նոպէլեան մրցանակի դափնեկիր, հայ ժողովրդի մեծ բարեկամ, Երեւանի պետական համալսարանի առաջին պատուաւոր դոկտոր Ֆրիտյոֆ Նանսենի ծննդեան օրն էր:  Երեւանի պետական համալսարանի պատմութեան ֆակուլտետում գտնուող Նանսենի լսարանում տեղի ունեցաւ Նանսենի ծննդեան տարեդարձին նուիրուած միջոցառում: Օրուայ խորհուրդն ամբողջացաւ ամերիկահայ յայտնի գեղանկարիչ Դանիէլ Վարուժան Հեճինեանի «Խաղաղութիւնն ափերի մէջ» Նանսենի դիմանկարի բացմամբ:

Վարուժանը, լինելով գաղթականների զաւակ, տեսել ու զգացել է ցեղասպանութեան ողջ արհաւիրքն իր ծնողների աչքերում և երիտասարդ տարիքից նրա երազանքն է եղել իր արուեստն օգտագործել բարձրագոյն նպատակի համար:

2003 թ-ին Վարուժան Հեճինեանը Պոստոնում հիմնադրեց «Խաղաղութիւնն արուեստի» “Peace of Art Inc.,” անշահոյթ կրթական կազմակերպութիւնը, որի նպատակն է օգտագործել արուեստի համընդհանուր լեզուն՝ նպաստելով հակամարտութիւնների խաղաղ լուծմանը, մարդկանց բարօրութեանը՝ առանցք ընդունելով Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը: Կազմակերպութիւնը չունի որեւէ քաղաքական կամ կրօնական ուղղուածութիւն: Վարուժանն իր մարդասիրական գործունէութեան համար արժանացել է բազմաթիւ մեդալների և պատուոգրերի, սոյն թուականի Հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի կողմից  նա պարգեւատրուեց Նանսենի ոսկեայ յուշամետալով՝ իր մարդասիրական սկզբունքների հաստատման և Հայոց ցեղասպանութեան դատապարտման ուղղութեամբ ծաւալած գործունէութեան համար:

Վարուժան իր ելոյթում ասաց. «Անչափ ուրախ եմ, որ հայրենիքում եմ եւ ինձ համար պատիւ է գտնուել այս լսարանում մեծ մարդասեր Նանսենի ծննդեան օրուայ կապակցութեամբ՝ յարգանքի տուրքս մատուցելու նրա գործունէութեանը, որն ինձ համար եղել է ուղեցոյց դեռ պատանեկան տարիներից:

«Խաղաղութիւնն ափերի մէջ» դիմանկարը  նկարել եմ դեռևս 2014 թ-ին,  Նկարը բաժանուած է 3 մասի եւ ներկայացնում է մեծ մարդասեր Նանսենի գործունութիւնը:

Առաջին մասը ներկայացնում է նրա՝ Հիւսիսային բեւեռ կատարած գիտահետազօտական բեւեռագնացութիւնը, նորվեկեական դրօշը: Կենտրոնական մասում պատկերուած է Աղթամար եկեղեցին, որը խորհրդանշում է արեւմտեան Հայաստանը,  Սեւ եւ Միջերկրական ծովի միջեւ գտնուող օսմանեան տարածքում եղած ցեղասպանութիւնը, որի հետեւանքով 350 հազար հայ գաղթականներ ստացան նանսենեան անձնագիր:

Նկարի երրորդ հատուածում պատկերուած է Նանսենը՝ մտահոգ գաղթականների ճակատագրով, եւ խաղաղութիւնն առած իր հոգատար ափերի մէջ՝ ապահովում է նրանց անվտանգութիւնը»:

Վերոհիշյալ անզուգական նկարը, որը հեղինակն անուանակոչել է «Խաղաղութիւնն ափերի մէջ», նուիրաբերեց Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամին, իսկ նկարի կրկնօրինակը ԵՊՀ Նանսենի լսարանում գտաւ իրեն արժանի հանգրուանը:

 

 

 

Հարակից Նյութեր

Leave a Comment