Ֆութպոլի Հայաստանի հաւաքականի եւ «Մանչեսթր Եունայթըտի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը, ամենայն հաւանականութեամբ, չի մասնակցի Ռումանիայի (Հոկտեմբերի 8) եւ Լեհաստանի (Հոկտեմբերի 11) դէմ աշխարհի 2018թ. առաջնութեան ընտրական փուլի խաղերին, յայտնում է ՀՖՖ կայքը:
Հայաստանի ֆութպոլի ֆեդերացիան «Մանչեսթր Եունայթըտից» ստացել է պաշտօնական նամակ, որում անգլիական ակումբը ՀՖՖ-ին խնդրում է թոյլ տալ Հենրիխ Մխիթարեանին չմասնակցել Հայաստանի ազգային հաւաքականի նախապատրաստական հաւաքին եւ Ռումանիայի ու Լեհաստանի հաւաքականների դէմ հանդիպումներին:
Նամակի մէջ «Մանչեսթր Եունայթըտի» բժշկական անձնակազմի ղեկավար Սթիվեն Մքնեյլը, մասնաւորապէս, նշում է. «Հենրիխը գտնւում է վերականգնման փուլում ձախ ազդրի մկանի վնասուածքից յետոյ, որը կրկնուել էր նրա մօտ այս ամսուայ ընթացքում «Մանչեսթր Եունայթըտում» խաղալու ընթացքում: Չնայած նրա մօտ վերջին շաբաթուայ ընթացքում զգալի առաջընթաց է նկատուել, բայց Մխիթարեանը մինչ օրս էլ ի վիճակի չէ մասնակցել մարզումային գործընթացին ամբողջական ծանրաբեռնուածութեամբ, առաւել եւս մասնակցել որեւէ հանդիպման: Հաշուի առնելով այդ հանգամանքը` շնորհակալ կը լինենք, եթէ Հայաստանի ֆութպոլի ֆեդերացիան թոյլ տայ Հենրիխ Մխիթարեանին չմասնակցել ազգային դիմի յառաջիկայ 2 հանդիպումներին` մնալով Մանչեսթերում եւ շարունակելով իր վերականգնումը»:
Յիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարեանը խաղադաշտից բացակայում է Սեպտեմբերի 10-ից, երբ նրա վնասուածքը կրկնուել էր «Մանչեսթր Սիթիի» դէմ խաղում: Կիսապաշտպանը «Մանչեսթր Եունայթըտի» կազմում չէր յայտաւորուել նաեւ «Սթոք Սիթի» դէմ Անգլիայի առաջնութեան 7-րդ դուրի տնային հանդիպմանը, որը կայացաւ Հոկտեմբերի 2-ին եւ աւարտուեց 1-1 հաշուով: Այդ հանդիպման նախախաղային ասուլիսում «Մանչեսթր Եունայթըտի» Փորթուգալացի գլխաւոր մարզիչ Ժոզէ Մոուրինիոն յայտնել էր, որ Հայաստանի հաւաքականի աւագն արդէն մարզւում է դիմի ընդհանուր խմբում: