Լիբանանի Խորհրդարանի Անդամ Սեպուհ Կալպակյանի : Հայ–Թուրքական Արձանագրություններում Չգրված Ուրիշ Բաներ Կան, Որոնց Մասին Ոչ Ոք Չի Խոսում

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Լիբանան կատարած այցի եւ հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ NEWS.am-ը զրույցել է Լիբանանի խորհրդարանի անդամ, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կեդրոնական վարչության փոխատենապետ Սեպուհ Կալպակյանի հետ:
-Պարոն Կալպակյան, որպես լիբանանահայ համայնքի ներկայացուցիչ ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի վարչապետի այցը Լիբանան:
Թուրքիայի վարչապետի այցը երկու կողմ ունի: Եթե նրա այցելությունը դիտարկենք զուտ լիբանանյան մակարդակով, այն կարելի է որակել բավական հաջողված: Իր այցելության ընթացքում Էրդողանը շատ չափավոր արտահայտություններ արեց, եւ առիթը բաց չէր թողնում ամեն տեղ հայտարարելու, որ Թուրքիան պետք է ձեռք մեկնի Լիբանանին եւ աջակցի այդ երկրին լուծել իր խնդիրները: Իր այցի ընթացքում Էրդողանը հասցրեց մեկ դպրոցի եւ հիվանդանոցի բացում կատարել, որոնք կառուցվել էին թուրքական կառավարության միջոցներով: Ստորագրվեցին նաեւ մի քանի պայմանագրեր:
Այս ամենից զատ լիբանանահայությունը բավական դժվար օրեր անցկացրեց այս ընթացքում՝ մի կողմից, որպես լիբաբանցի, մյուս կողմից՝ որպես ազգությամբ հայ: Ամեն ոք չէ, որ մեր ցուցաբերած կեցվածքը պիտի դրական լույսի ներքո ընկալեր: Չէ՞ որ Լիբանանն այսօր ճակատագրական օրեր է ապրում, եւ հայ համայնքի պահանջատիրական ակտերը՝ բողոքի ակցիաները շատերը ճիշտ չընկալեցին եւ ասացին՝ կողմնորոշվեք՝ դուք հա՞յ եք, թե` լիբանանցի: Բայց նաեւ գտնվեցին ուժեր, որոնք մեզ աջակցեցին: Տեղի ունեցավ նաեւ մի աննախադեպ երեւույթ. երեք ավանդական կուսակցություններով Էրդողանի այցին ընդառաջ պաստառներ էինք փակցրել Լիբանանի կենտրոնական փողոցներում, որոնց վրա գրված էր, որ հայությունը պահանջատեր է Հայ դատի արդար լուծմանը, որը մինչ այժմ պղծված է: Սակայն այցից մեկ օր առաջ՝ գիշերը, Լիբանանի ապահովական ուժերը հավաքել էին այդ պաստառները: Մինչ այդ էլ ամեն տարի՝ ապրիլի 24-ին մենք նմանատիպ բովանդակությամբ պաստառներ ենք փակցնում, սակայն սա առաջին դեպքն էր, որ լիբանանյան իշխանությունների միջամտությամբ փակցված պաստառները հանվեցին: Ինչեւէ, մեր բողոքի ակցիայի նպատակը Լիբանանին եւ նաեւ համայն աշխարհին հիշեցնելն էր, որ Թուրքիայի վարչապետը չի կարող իր մեկ այցելությամբ մոռացության տալ լիբանանցիների, այդ թվում եւ լիբանանահայերի խնդիրները, եւ մենք պետք է շարունակենք Հայ դատի հետապնդումը:
Դուք գիտեք, որ Թուրքիան ներկայումս մեծ կապեր ունի Սիրիայի, Իրանի, Լիբանանի հետ եւ այս երեք երկրները միշտ հարգել եւ հարգում են հայ ժողովրդին եւ ոչ մի առիթ բաց չեն թողնում մեր ժողովրդի մասին դրվատանքի խոսքեր հնչեցնել: Ես Թուրքիայի վարչապետի այցի ընթացքում կոչ ուղղեցի այդ երեք երկրներին՝ օգտագործել իրենց կապերը եւ փորձել համոզել թուրքական պետությանը՝ գալ եւ ներողություն խնդրել հայ ժողովրդից, որպեսզի քանդվի պատը, որպեսզի կարողանանք փակել պատմության մի էջը եւ նորը բացենք: Եթե այդ պետությունների ղեկավարները կարող են միջամտել ի նպաստ հայերի, թող անեն այդ աշխատանքը, մենք միայն շնորհակալ կլինենք նրանցից:
-Թուրքիան ի դեմս իր առաջին դեմքերի, վերջերս հաճախ է հանդես գալիս Հայաստանին եւ հայությանն ուղղված գովեստի խոսքերով: Նախօրեին էլ Շվեյցարիայում Թուրքիայի նախագահ Գյուլը հայտարարեց, թե իրենք վճռական են հայ-թուրքական արձանագրությունները կյանքի կոչելու հարցում եւ գործընթացի հաջող եզրափակման համար ակնկալում են, որ «ՀՀ նախագահը կշարունակի պահպանել մինչեւ օրս ցուցադրած իր առաջնորդի եւ պետական գործչի գործելաոճը»: Ի՞նչ է հետեւում Թուրքիայի այս պահվածքից:
Կյանքը ցույց տվեց, որ հայ-թուրքական գործընթացը մնաց թղթի վրա, իսկ հայ-թուրքական արձանագրությունները չարժանացան համայն հայության «այո»-ին: Իսկ երբ չկա համազգային համաձայնություն, պետությունը չի կարող ինքնագործունեությամբ զբաղվել: Նույն իրավիճակն է նաեւ Թուրքիայում, որտեղ եւս հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո իրավիճակը հանգիստ չէր: Թուրքիան նոր քաղաքականություն է որդեգրել եւ փորձում է իր հարեւանների հետ հարթել կոնֆլիկտները: Այդ նպատակով էլ կարողացավ լուծել իր խնդիրները Սիրիայի հետ, Լիբանանի եւ Իրանի հետ հարաբերությունների նոր էջ բացեց: Թուրքիան վստահաբար փափագում է նաեւ հաշտ ու խաղաղ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ՝ թեկուզ եւ Եվրոպայի աչքին լավ երեւալու համար, սակայն ինչ-որ բան խանգարում է:
-Իսկ ի՞նչն է խանգարում, մանավանդ որ կան այդ հարաբերությունները երաշխավորող արձանագրություններ:
Ես էլ եմ ուզում այդ հարցը տալ, ինչո՞ւ սառեցվեց այդ արձանագրությունների վավերացումը, ո՞վ է խանգարում եւ ի՞նչը փոխվեց, որ դա տեղի չունեցավ: Բայց այս հարցերի պատասխանները պետք է մեզ տա Հայաստանի նախագահը: Մենք ունենք դրա պատասխանը. սկզբից ասվում էր, որ արցախյան խնդիրն է, որ խանգարում է արձանագրությունների ստորագրմանը: Կարծում եմ, որ Թուրքիան ակնկալում էր, որ արձանագրությունների միջոցով կստանա ԼՂ հարցում զիջումներ եւ այդ ձեւով Ադրբեջանին կհանգստացնի: Հիմա՝ Հայաստանի նախագահը պետք է լույս սփռի հայ-թուրքական գործընթացի մութ կողմերի վրա եւ բացատրի՝ ինչո՞ւ այսպես եղավ:
Ի՞նչն է փոխվել, որ այժմ Թուրքիան կրկին գործակցության կոչ է անում Հայաստանի իշխանություններին: Մեր կասկածն այն է, որ Հայաստանից զիջում է պահանջվում Արցախի հարցում: Իսկ Հայաստանը գտնվում է ծանր վիճակում, քանի որ զիջումը պետք է անի արցախցին: Այդ պարագայում էլ դժվարություններ են ի հայտ գալու, քանի որ տարակարծություն է առաջանալու Արցախի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ: Բայց եթե անգամ ԼՂ հարցի լուծումից հետո կյանքի կոչվեն արձանագրությունները, մեզ համար դա անընդունելի կլինի՝ դրանցում առկա մի քանի կետերի պատճառով, մասնավորապես պատմաբանների հանձնախմբի ձեւավորման մասին է խոսքը: Հայաստանի իշխանություններն այսպիսով անտեսում են սփյուռքի՝ 98 տարիների ընթացքում գործադրած ջանքերը եւ մեր վրայով անցնելով փորձում են կոմպրոմիսի գնալ Թուրքիայի հետ: Սա վիրավորանք է սփյուռքի, մասնավորապես հայ ավանդական կուսակցությունների հանդեպ:
-Հայ-թուրքական արձանագրությունների ստորագումից առաջ Սերժ Սարգսյանը համահայկական շրջագայություն իրականացրեց՝ համոզելու հայությանը, որ արձանագրություններում հակահայկական դրույթներ չկան: Ի՞նչ եք կարծում, չարժե՞, որ նման մի շրջագայություն էլ հիմա անցկացնի եւ բացատրի հայությանը, թե ինչո՞ւ Հայաստանն առկախեց արձանագրությունների վավերացումը: Գուցե դուք նման պահանջո՞վ հանդես գաք:
Երբ զգացվի, որ վերստին աշխատանքներ են տարվում հայ-թուրքական արձանագրությունների գործադրման ուղղությամբ, վստահ եղեք, որ առաջին ռեակցիան ի հայտ է գալու Լիբանանից: Հայաստանի նախագահը մի անգամ արդեն եղավ սփյուռքում, շոշափեց հայ գաղութների տրամադրությունները եւ տեսավ, թե ինչպիսի մերժում կա արձանագրությունների հանդեպ: Նա մեզ բացատրում էր, որ պետք է արձանագրությունների կյանքի կոչումը հեզասահ ընթանա, սակայն կյանքը հակառակը ցույց տվեց: Այդ արձանագրություններում վստահաբար չգրված ուրիշ բաներ կան, որոնց մասին ոչ ոք չի խոսում: Եւ այդ ուրիշ բաների համար է, որ հետաձգվում է դրանց գործադրումը:
Զրուցեց Հեղինե Մանուկյանը

MassisPost

Share
Published by
MassisPost

Recent Posts

Aurora and UCLA’s The Promise Institute Unveil Speakers for May Forum and Prize Events

LOS ANGELES -- The Aurora Humanitarian Initiative today announced its lineup of global thought leaders and…

23 hours ago

Christian Leaders Call on UK Government to Recognize Armenian Genocide

LONDON – Christian leaders in Britain have asked the UK Government to formally recognize the…

1 day ago

India Responds to Azerbaijan’s Criticism Over Delivery of Weapons to Armenia

NEW DELHI -- Indian Foreign Ministry spokesperson Randhir Jaiswal responded to Azerbaijan’s criticism over the…

1 day ago

Community Unites to Commemorate Armenian Genocide at Glendale City Hall

GLENDALE -- A Community Wide Public Event to commemorate the Armenian Genocide took place at…

2 days ago

Fresno Hosts Kadir Akin’s Documentary Film RED

FRESNO -- On Friday, April 19, 2024, Fresno hosted the film RED, an official selection…

2 days ago

Armenia Commemorates 109th Anniversary of the Genocide

YEREVAN -- Tens of thousands of people marched to the Tsitsernakabert memorial in Yerevan to…

2 days ago