Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ 2024-ի Պետական Պիւտճէի Եկամուտները Կազմած Են 2 Թրիլիոն 579 Միլիառ 200 Միլիոն Դրամ. Փաշինեան

2024-ի Պետական Պիւտճէի Եկամուտները Կազմած Են 2 Թրիլիոն 579 Միլիառ 200 Միլիոն Դրամ. Փաշինեան

by MassisPost

Ազգային Ժողովին մէջ մեկնարկած են 2024 թուականի պետական պիւտճէի կատարման տարեկան հաշուետուութեան նախնական քննարկումները ԱԺ մշտական յանձնաժողովներուն մէջ:

Ելոյթ ունենալով առաջինը՝ ՀՀ վարչապետը իր խօսքին մէջ նշեց՝ արդէն 13-րդ անգամ է ԱԺ-ին մէջ կը մասնակցի պետական պիւտճէի կատարման հաշուետուութեան քննարկումներուն՝ 6 անգամ որպէս պատգամաւոր եւ 7-րդ անգամ՝ որպէս ՀՀ վարչապետ:

Անոր խօսքով՝ այդ բոլոր քննարկումներուն ժամանակ այս կամ այն չափով ընդգծած է՝ պետական պիւտճէն ոչ այնքան հաշուապահութիւն կամ թուաբանութիւն է, որքան բովանդակութիւն, եւ կարեւորագոյն խնդիր կը համարէ պիւտճէի այս էութեան ըմբռնումը ոչ միայն կառավարութեան անդամներուն եւ ԱԺ պատգամաւորներուն, այլեւ ամբողջ հանրութեան համար. «Պիւտճէն նաեւ թուային բնագիր է, որը պատմում է մեր իրականութեան, մեր յաջողութիւնների ու ձախողումների, մեր մարտահրաւէրների ու հնարաւորութիւնների մասին, ու կարեւոր է, որ մենք պիւտճէի թիւերը կարողանանք թարգմանել ու դարձնել բովանդակային բնագիրը եւ բովանդակային բնագրերը կարողանանք արտայայտել թուային ձեւով»։

2024-ի պետական պիւտճէի եկամուտները, ըստ վարչապետին, կազմած են 2 թրիլիոն 579 միլիառ 200 միլիոն դրամ, ինչ որ կը նշանակէ, որ մենք՝ բոլորս, մեր աշխատանքով այսքան գումար տուած ենք, բերած, փոխանցած ենք պետական պիւտճէ, որ մեր երկրին ընտանեկան պիւտճէն է:

«Այս թիւն արտայայտում է մեր բոլորի աշխատանքի արդիւնքը՝ վարչապետ, Կառավարութիւն, ԱԺ, Կառավարութեանը ենթակայ մարմիններ, բայց նաեւ քաղաքացիներ: Խօսքը բոլոր քաղաքացիների մասին է: 2024-ին նրանց մի մասն աշխատել է, միւս մասը չի աշխատել: Ի դէպ, ասեմ, որ 2024-ի Նոյեմբերին ՀՀ բոլոր ժամանակների գրանցուած եւ աշխատավարձով ապահովուած աշխատատեղերի բացարձակ մրցանիշ է սահմանուել: Գրանցուել է 782 հազար 832 աշխատատեղ, որը 192 հազար 613-ով կամ 32 տոկոսով ավելի է 2018-ի Նոյեմբերի ցուցանիշից»,- նկատեց վարչապետը:

«Այսինքն՝ 2018 թուականի յեղափոխութիւնից յետոյ Հայաստանում ստեղծուել է 242 հազար 119 աշխատատեղ, ընդ որում՝ աշխատավարձով ապահովուած: Շատ յաճախ լինում է յոռետեսութիւն վիճակագրութիւնների հետ կապուած, բայց այս վիճակագրութիւնն աւելի քան վստահելի է: 2018 թուականի Ապրիլին ՀՀ-ում միջին աշխատավարձը եղել է 173 հազար 996 դրամ, 2025 թուականի Ապրիլին՝ 304 հազար 992 դրամ: Միջին աշխատավարձի աճը կազմել է 130 հազար դրամ կամ 70 տոկոս»,- մանրամասնեց կառավարութեան ղեկավարը:

Անոր խօսքով՝ նոյն ժամանակահատուածին կուտակային գնաճը կազմած է 25 տոկոս:

«Սա, թերեւս, մեզ կարող է օգնել պատասխանել հարցին՝ մարդիկ այսօր աւելի լա՞ւ են ապրում, թէ՞ 2018-ին էին լաւ ապրում: Այս թիւը վկայութիւնն է այն բանի, որ մարդիկ Հայաստանում աւելի լաւ են ապրում՝ ե՛ւ աւելի լաւ են ապրում գնաճի հաշուառումով, ե՛ւ աւելի լաւ են ապրում շուրջ 50 տոկոսով: Այսինքն՝ իրենց ապրածի կէսի չափով աւելի լաւ են ապրում, ինչը, սակայն, չի նշանակում, որ մարդիկ Հայաստանում գոհ են իրենց կեանքից»,- նկատեց վարչապետը:

Հարակից Նյութեր

Leave a Comment