Home ԳՐԱԿԱՆ «Հայ Եկեղեցու Սարկավագուհիները» «The Deaconesses Of The Armenian Church» Գրքերի Շնորհանդես

«Հայ Եկեղեցու Սարկավագուհիները» «The Deaconesses Of The Armenian Church» Գրքերի Շնորհանդես

by MassisPost

2025 թ. մայիսի 29-ին Երևանում`Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում, տեղի ունեցավ փիլիսոփայության և աստվածաբանության դոկտոր Աբել քհն. Մանուկյանի  «Հայ եկեղեցու սարկավագուհիները» և «The Deaconesses of the Armenian Church» գրքերի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին հյուրեր Մաշտոցյան Մատենադարանից, ԳԱԱ Պատմության ինստիտուտից և այլ հաստատություններից, հեղինակի բարեկամներ և ընկերներ: Բանախոսությամբ հանդես եկան Մաշտոցյան Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմինե Մելքոնյանը, ԵՊՀ և Ամերիկյան համալսարանի դասախոս Հարություն Հարությունյանը, Մատենադարանի Երաժշտագիտության խմբի ղեկավար Արուսյակ Թամրազյանը,  Մատենադարանի 5-14-րդ դարերի հայերեն բնագրերի ուսումնասիրման բաժնի վարիչ  Էռնա-Մանեա Շիրինյանը:

Դոկտ. Աբել քհն. Մանուկյանը ավելի քան 32 տարի ծառայել է Հայ առաքելական եկեղեցու` Ավստրիայի, Հայաստանի, Կանադայի և Շվեյցարիայի համայնքներում: Հեղինակ է արևելահայերեն և արևմտահայերեն, գերմաներեն, անգլերեն և ֆրանսերեն բազմաթիվ գրքերի և հոդվածների: Դասավանդում է Ֆրիբուրգի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում: Ներկայումս զբաղեցնում է նաև Շվեյցարիայի Բարեկարգյալ ավետարանական եկեղեցու գիտաշխատողի և Շվեյցարիայի Կրոնների խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնները:

Հայ եկեղեցու բազմադարյա պատմության մեջ կանանց սարկավագության ավանդության ուսումնասիրությամբ հեղինակը զբաղվել է դեռևս 1980-ական թթ.` Վիեննայի պետական համալսարանի արևելյան եկեղեցիների բաժնում ներկայացնելով մի ամփոփ աշխատանք` «Սարկավագուհին Հայ եկեղեցու ավանդության մեջ» թեմայով: Հետագայում այս ուսումնասիրությունը լույս է  տեսնում առանձին հատորով` համալրվելով մատենագրական նոր տեղեկություններով և վավերագրական լուսանկարներով  («Հայ եկեղեցւոյ սարկաւագուհիները» (Բեյրութ, 2022թ.). «վկայելու համար, որ Հայ եկեղեցում կանանց սարկավագության ավանդույթը քրիստոնեական հայադրոշմ հավատքի նվիրական արգասիքներից մեկն է, որի պահպանումն ու զարգացումը յուրաքանչյուր հայ հավատացյալի և հատկապես մեր Եկեղեցու եպիսկոպոսական դասի առաջնային պարտականություններից մեկը պետք է լինի»:

Կանանց սարկավագության ավանդության ծագմանն ու հետագա պատմությանն առնչվող աղբյուրներն ուսումնասիրելով` հեղինակը հասնում է մինչև արդի ժամանակները և քննում եկեղեցում կանանց ծառայական առաքելությանն առնչվող մերօրյա խնդիրներն ու հարցադրումները:

Հեղինակի նախաձեռնությամբ իրագործվում են նաև «Հայ եկեղեցւոյ սարկաւագուհիները» գրքի արևելահայերեն և անգլերեն թարգմանությունները` թեման ընթերցողների լայն շրջանակներին հասանելի դարձնելու համար: Գրքի արևելահայերեն տարբերակը համալրված է հայ կին շարականագիրներին նվիրված ուսումնասիրությամբ և այլ գլուխներին վերաբերող տեղեկություններով: «Սարկավագուհիները Հայ եկեղեցում», «Վկայություններ Ը. դարից», «Սարկավագուհիների վերաբերյալ վկայություններ` սկսած ԺԲ դարից», «Կանանց սարկավագության վերազարթոնքը», «Հայկական կուսանոցները Հայաստանի սահմաններից դուրս», «Արևագալի նոր հույսեր» և այլ գլուխներ վկայում են, որ Հայ եկեղեցում կանանց սարկավագության կոչում շնորհելու ավանդությունը նորաստեղծ երևույթ չէ. «Այն մեր եկեղեցու պատմության մեջ առկա է զարգացման առավել կամ նվազ փայլուն փուլերով: Թեպետ դժգույն, գուցեև այսօր կանգնած տխուր հոգեվարքի շեմին, բայց դեռ չմեռած, այլ տակավին սրտի տրոփներ արձակող և ապրելու տենչ ունեցող այս ավանդը սեռերի հարցում Հայ եկեղեցու հանդուրժողության և լայնախոհ ոգու գերազանց դրսևորումն է, որ միաժամանակ վկայում է քրիստոնեական հնագույն Եկեղեցու ավանդության հետ նրա ունեցած շարունակական և անշեղ կապի մասին»:

Բանախոսները, անդրադառնալով եկեղեցում կնոջ ծառայական առաքելությանն առնչվող հարցերին, ընդգծեցին գիտահետազոտական այս աշխատության արժեքը թեմայով հետաքրքրվողների համար:

Ամփոփիչ ելույթում հեղինակը  խոսեց  ձեռագրական մեծածավալ նյութի մասին, որի լույսի ներքո հստակ պատկերացում ենք կազմում Հայ եկեղեցում սարկավագուհիների ավանդության մասին: Ինչպես այս ելույթում և ավելի վաղ նշել էր նա. «Հոգեկան անկեղծ ու ջերմ ապրումով երկար պրպտումների արդյունքում պատրաստված գիտահետազոտական այս արժեքավոր աշխատությունն ընդգրկում է եկեղեցականներին և ընդհանրապես հասարակությանն ուղղված մի կարևոր պատգամ. Հայ եկեղեցում սարկավագուհիների դարավոր և նվիրական ավանդությունը առանձնահատուկ կարևորություն է ներկայացնում ժամանակակից միջեկեղեցական երկխոսության համար, և որպեսզի այն կարծրատիպերի և անուշադրության զոհ չդառնա, հարկավոր է նոր կոչումներով և ձեռնադրություններով վերածաղկեցնել մեր Եկեղեցու պարարտ անդաստանը»:

Գիրքն արժևորվում է նաև հայկական կուսանաց վանքերի և հայ սարկավագուհիների վավերագրական լուսանկարներով: Հավելենք, որ գրքում առկա մայրապետ իշխանուհի Հռիփսիմե ավագ սարկավագուհի Աղեք-Թահիրյանցի եզակի լուսանկարներից մեկի բնօրինակը Աբել քհն. Մանուկյանը նվիրեց Մաշտոցյան Մատենադարանին: Ստորև նշված լուսանկարի պատմութիւնը.

Հռիփսիմե ավագ սարկավագուհի Աղեք-Թահիրյանցի լուսանկարին առաջին անգամ անդրադարձել է բրիտանացի ճանապարհորդ Հենրի Լինչը, որը իր «Armenia: Travels and Studies» խորագրով գրքում հրապարակել է այս լուսանկարը։ Լինչը գրքում չի հիշատակում Հռիփսիմե ավագ սարկավագուհի Աղեք-Թահիրյանցի անունը, այլ լուսանկարի տակ պարզապես նշում է «Armenian Nun»։ Նա պատմում է, որ միանձնուհին Էջմիածնի տաճարի «վերին դասին» պատկանող այն անձերից էր, որ խորանի վրա Մկրտիչ Ա. Խրիմյան կաթողիկոսի օծման արարողությանն էր մասնակցում։ Նա նաեւ հավելում է, որ «Միանձնուհին մի հմայիչ կին է, և մենք հիանալի ընկերներ դարձանք։ Նա ինձ հայտնեց, որ իր կարգի սակավաթիվ ներկայացուցիչներից է. Թիֆլիսի կուսանոցն էլ թերևս եզակի է, որովհետև հայության մեջ կուսանոցները այնքան էլ ընդունված չեն։ Կարծում եմ, որ իմ ընթերցողը կարող է գնահատել այն հոյակապ զգեստները, որոնք նրա պաշտոնին են պատկանում, և նրա ազնիվ թույլտվությամբ՝ ես կարող եմ ներկայացնել նրա լուսանկարը»[1]։

Լինչը, փաստորեն, Էջմիածնում հանդիպել է Հռիփսիմե ավագ սարկավագուի Աղեք-Թահիրյանցին, որը նրան է նվիրել այս լուսանկարից մի օրինակ։ Մեծ հավանականութեամբ այս լուսանկարը պետք է արված լինի 1874 թվականին Թիֆլիսում, Հռիփսիմե Թահիրյանցի սարկավագ ձեռնադրվելու առթիվ, երբ նա ընդամենը 27 տարեկան էր։

1994 թվականին, երբ լուսանկարի նվիրատուն՝ դոկտ. Աբել քհն. Մանուկյանը  այցելում է Լիբանանի Ջիբեյլ-Բիբլոս կոչված քաղաքում գտնվող «Թռչնոց բույն» որբանոցին կից ստեղծված Գայանյանց քույրերի միաբանություն, այդտեղ ծանոթանում է քույր Հռիփսիմե սարկավագուհի Սասունյանի հետ։ Տեղեկանալով, որ նա Հայ եկեղեցու սարկավագուհիների մասին ուսումնասիրություն է պատրաստում, այլ նյութերի շարքում քույր Հռիփսիմե Սասունյանը նրան է նվիրում Հռիփսիմե ավագ սարկավագուի Աղեք-Թահիրյանցի լուսանկարից մի այլ բնօրինակ։ Պարզվում է, որ Թահիրյանցը իր այս լուսանկարից ունեցել է մի քանի  օրինակներ, որոնցից մեկը հասել էր Կ.Պոլսոյ Գալֆայան միաբանության անդամ քույր Հռիփսիմե սարկավագուհի Սասունյանին։

Արևիկ Արաբյան

Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի կրտսեր գիտաշխատող

[1] Տե՛ս. F. B. Lynch, Armenia: Travels and Studies, vol. 1, London, 1901, pp. 252-253.

Հարակից Նյութեր

Leave a Comment