«2018-ի Ապրիլին ես զանգել եմ երրորդ նախագահին, երբ դեռ վարչապետ չէր, բայց արդէն պարզ էր, որ ինքը պիտի լինէր. զանգել եմ, որովհետեւ ինձ տարբեր մարդիկ, մեր ընդհանուր ծանօթները դիմում էին, ասում էին՝ մի հատ դու էլ ասա, ոնցոր վիճակը ձեռքից գնում է»:
Քանի մը լրատուամիջոցի տուած հարցազրոյցին այս մասին ըսած է Ռոպերթ Քոչարեանը։
«Ես զանգեցի եւ ասում եմ՝ դու վիճակը ո՞նց ես գնահատում, խնդիր է, ինձ տարբեր տեղից ուղղակի սա են ասում, ձնագնդի պէս սա գնում է դէպի լրիւ այլ ուղղութիւն, վերահսկողութիւնը կորցնելու էք։ Ինքը շատ հանգիստ ասեց՝ ոչ մի խնդիր չկայ, ամէն ինչ վերահսկողութեան տակ է։ Ինձ դա զարմացրեց, ասացի՝ վստա՞հ ես։ Երեւի մի երկու անգամ ես նոյն հարցը կրկնեցի, շատ հանգիստ ասում է՝ ամէն ինչ վերահսկողութեան տակ է։ Մի քանի օր յետոյ հրաժարական տուեց, հինգ-վեց օր յետոյ։ Հիմա, երբ որ քեզ շատ հանգիստ ասում են, որ ամէն ինչ վերահսկողութեան տակ է, ամէն ինչ բնական է, ընդհանրապէս խնդիր չի տեսնում, ես ի՞նչ պիտի անեմ։ Սա այն է, ինչին ես մասնակից եմ եղել։
«Ես մինչեւ այդ առանձնապէս շփում չեմ ունեցել իր հետ բաւական երկար ժամանակ։ Ես, վիճակից ելնելով, համարեցի, որ, այնուամենայնիւ, պէտք է զանգել, այդ ահազանգը նաեւ հասցնել իրեն։
«Հիմա ենթադրում եմ, որ իրավիճակի սխալ գնահատում է եղել։ Աւել բան չեմ ասելու, բայց եթէ խօսացնեն, աւել բաներ էլ կ’ասեմ։ Խօսացնողը մարդիկ են, որոնք այդ ժամանակուայ իրադարձութիւններին, երեւի, խոհանոցային ինչ-որ հարցերին տեղեակ չեն, բայց օդից բաներ են հնչեցնում»,- ըսած է ան։