Վարչապետ Նիկոլ Փաշինեան ուղերձ յղած է Յաղթանակի օրուայ՝ Մայիս 9-ի առիթով։ Ուղերձին մէջ կ’ըսուի․
«Սիրելի ՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետութեան սիրելի՛ քաղաքացիներ,
Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային միութեան եւ Արեւմտեան դաշնակիցների տարած յաղթանակի 80-ամեակը։ Այդ պատերազմը բռնկուեց Գերմանիայում եւ նրա դաշնակից մի քանի այլ երկրներում հաստատուած նացիստական (ֆաշիստական) գաղափարախօսութեան պատճառով, որի առանցքային բովանդակութիւնն այն էր, որ մի ազգը կամ ազգերի մի խումբը գերակայ է միւսի, կամ միւսների նկատմամբ։ Եւ աշխարհի բազմաթիւ ազգեր, պետութիւններ համախմբուեցին հակառակն ապացուցելու համար եւ յաղթեցին։
Այդ յաղթանակի գործում իր ներդրումն է ունեցել նաեւ հայ ժողովուրդը` Խորհրդային միութեան, արեւմտեան դաշնակցային բանակներում եւ ընդյատակեայ դիմադրական խմբերում: Այսօր մենք յարգանքի տուրք ենք մատուցում մեր այդ բոլոր հայրենակիցներին։ Այս օրն աշխարհը նաեւ առերեսւում է նացիզմի, ֆաշիզմի, թոթալիթարիզմի եւ նրա բոլոր դրսեւորումների վտանգաւորութեան հետ, որը հակոտնեայ է անհատի, ժողովրդի, պետութեան ազատութեան եւ երջանկութեան հետ, որի առանցքային նպատակը գերիշխելը, պատերազմներ հրահրելն ու ազատութիւնները սահմանափակելն է։
Հայաստանի Հանրապետութիւնը գնում է այլ` ազատութեան, ժողովրդավարութեան, խաղաղութեան ճանապարհով։ Սա ամենեւին էլ հեշտ ճանապարհ չէ, բայց ճանապարհ է, որն արժէ անցնել ու այդ ճանապարհը լիարժէք անցնելու եւ անշրջելի հանգրուանի հասնելու համար անհրաժեշտ է համոզուածութիւն, հաւատ, շրջահայեացություն եւ հետեւողականություն։ Այդ ճանապարհն անցնելու համար անհրաժեշտ է համարձակ, անկեղծ եւ ամբողջական ինքնահայեցում, սեփական պատմութիւնը կարդալու, սերտելու եւ մեր պատմութիւնից մեզ ուղղուող ուղերձներն ընթերցելու եւ ընկալելու կարողութիւն։
Վերջին տարիների իմ գործունէութեան մի զգալի մասը նուիրում եմ Իրական Հայաստանի գաղափարախօսութեան մասին Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների հետ քննարկումներին։ Սա չափազանց կարեւոր գործընթաց է։ Իրական Հայաստանի գաղափարախօսութիւնը հէնց մեր պատմութիւնն ընթերցելու եւ վերընթերցելու արդիւնք է, Իրական Հայաստանի գաղափարախօսութիւնը Պատմական Հայաստանի՝ մեզ ուղղուած ուղերձների ընթերցման արդիւնք է, որը մեզ ասում է․ մի գնացէք իմ ճանապարհով, այլ կեդրոնացէք մեր երազանքների երկրում` Հայաստանի Հանրապետութիւնում ազատութիւն, երջանկութիւն, բարեկեցութիւն կառուցելու, եւ այդ երջանիկ պետութիւնը սերնդէ-սերունդ փոխանցելու խնդրի վրայ։ Այսօր մենք ունենք այդ հնարաւորութիւնը եւ պարտաւոր ենք իրացնել այդ հնարաւորութիւնը։
Այսօր մենք ունենք նաեւ մեր տարածաշրջանի խաղաղ ու բարեկեցիկ ապագայի գործում մեր բաժին ներդրումն ունենալու հնարաւորութիւն. Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ Խաղաղութեան եւ միջպետական յարաբերութիւնների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցուած է եւ սպասում է ստորագրման, ու մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Մեր տարածաշրջանը վաստակել է խաղաղութեան ու բարեկեցութեան մէջ ապրելու իրաւունքը եւ այդպէս էլ պէտք է լինի։
Ի հեճուկս բոլոր ներքին եւ արտաքին սադրանքների, Հայաստանի Հանրապետութեան եւ Ատրպէյճանի Հանրապետութեան միջեւ պատերազմ չի՛ լինելու, լինելո՛ւ է խաղաղութիւն։
Փառ՛ք նահատակներին եւ կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը»։