ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան Ֆէյսպուքի իր էջով յայտնած է, որ 2024 թուականի արդիւնքներով Հայաստանի Հանրապետութեան համախառն ներքին արդիւնքը (ՀՆԱ) նախորդ տարուայ համեմատ իրական արտայայտութեամբ աճած է 5,9%-ով:
«2021 թուականի արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքներով ձեւաւորուած Կառավարութեան 2021-2026 թուականներին տարեկան տնտեսական աճերի միջին 7% սահմանուած առանցքային թիրախը պահպանուել է՝ 2021-2024 թուականների արդիւնքներով կազմելով միջինում 8,15%: 2023 թուականի արդիւնքներով Հայաստանում արձանագրուել էր 8,3%, 2022 թուականին՝ 12,6%, 2021 թուականին՝ 5,8% տնտեսական աճ:
«2024 թուականի միջին տարեկան արդիւնքներով Հայաստանում աշխատողների թուաքանակը կազմել է 760 հազար 555 մարդ: Այս ցուցանիշը 2018 թուականի նոյն ժամանակահատուածի համեմատութեամբ աւել է 203 հազար 878 մարդով կամ 36,6%-ով, իսկ 2023 թուականի նոյն ժամանակահատուածի համեմատ՝ 37 հազար 882-ով կամ 5,2%-ով:
«2024 թուականի արդիւնքներով տարեկան միջին ամսական անուանական աշխատավարձը կազմել է 287 հազար 172 ՀՀ դրամ՝ 2018 թուականի համեմատ աճելով 114 հազար 445 ՀՀ դրամով կամ 66,3%-ով, իսկ 2023 թուականի համեմատ՝ 17 հազար 178 ՀՀ դրամով կամ 6,4%-ով: 2024 թուականի արդիւնքներով տարեվերջի գնաճը կազմել է 1,5%, իսկ 2018-2024 թուականների կուտակային գնաճը կազմել է 25,3%։ Այսպիսով, 2018-2024 թուականների աշխատավարձերի իրական աճը կազմել է շուրջ 40%:
«Այսպիսով, Հայաստանը շարունակում է գտնուել կայուն տնտեսական զարգացման ուղեծրի վրայ: 2018-2024 թուականների ՀՆԱ կուտակային աճն իրական արտայայտութեամբ կազմել է 43,5%, այսինքն՝ 2024 թուականի արդիւնքներով ՀՀ տնտեսութիւնը 43,5%-ով աւելի մեծ է, քան 2018 թուականի սկզբին»,- գրած է Փաշինեան: