Քաղաքագէտ Էտկար Առաքելեանը Ֆէյսպուքի իր էջով անդրադարձած է ԱԱԾ-ի բացայայտման, ըստ որուն՝ խումբ մը անձեր նախնական համաձայնութեամբ իշխանութիւնը իւրացնելու նախապատրաստութիւն կատարելու փորձ ըրած են:
«ԱԱԾ-ի կողմից Հայաստանում հերթական զինուած յեղաշրջման փորձի բացայայտումից եւ տապալումից յետոյ այլեւս ակնյայտ է, որ ռուսական բանակի կազմում գործող ԱՐԲԱՏ ստորաբաժանումը զբաղուած է Հայաստանում քաղաքական ահաբեկչութիւն եւ զինուած յեղաշրջման կազմակերպմամբ:
«Հաշուի առնելով հանգամանքը, որ ԱՐԲԱՏ ստորաբաժանումը գործում է ռուսական բանակի կազմում, փաստացի հանդիսանում է ռուսական բանակի ստորաբաժանում (եւ նշանակութիւն չունի, որ այնտեղ ազգութեամբ հայեր են ծառայում), հետեւաբար, ենթարկւում է ռուսական բանակի գլխաւոր շտաբին, վերահսկւում է ռուսական յատուկ ծառայութիւնների ու, մասնաւորապէս, ռազմական հետախուզութեան (ГРУ) կողմից, ուստի այդ ծառայութիւնները տեղեկացուած են այդ ստորաբաժանման բոլոր գործողութիւնների մասին։
«Եթէ ԱՐԲԱՏ-ը մարդիկ է հաւաքագրել եւ մարզել ՌԴ զինուած ուժերին պատկանող զօրավարժարաններում Հայաստանում քաղաքական ահաբեկչութիւն եւ զինուած յեղաշրջում իրականացնելու հապար, ապա դա տեղի է ունեցել կամ ռուսական ԳՇ եւ յատուկ ծառայութիւնների նախաձեռնութեամբ, կամ, առնուազն, նրանց իմացութեամբ։ Երկու պարագայում էլ ակնյայտ է ՌԴ այդ ծառայութիւնների ներգրաւուածությունը այդ գործողութիւններում։
«Հետեւաբար, Հայաստանը.
Պէտք է, առնուազն, բացատրութիւն պահանջի Ռուսաստանից այս դէպքի կապակցութեամբ
«Եւ, հաշուի առնելով փաստը, որ ՀՀ քաղաքացիները Ուքրանիայի դէմ պատերազմին մասնակցելու անուան տակ հաւաքագրուել են՝ Հայաստանի դէմ օգտագործուելու եւ զինուած յեղաշրջում իրականացնելու համար, ապա.
«Արգելել ՀՀ քաղաքացիների մասնակցութիւնը ռուսական բանակի ու ռազմական ստորաբաժանումների կազմում Ուքրանիայի դէմ պատերազմում
«Սահմանել քրէական պատասխանատուութիւն ՀՀ այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր ռուսական բանակի ու ռազմական ստորաբաժանումների կազմում մասնակցել են Ուքրանիայի դէմ պատերազմին
«Նման դէպքերի բացայայտման պարագայում զրկել այդ քաղաքացիներին ՀՀ քաղաքացիութիւնից եւ արգելել նրանց մուտքը Հայաստանի Հանրապետութիւն
«Սահմանել խիստ վերահսկողութիւն Հայաստանում գործող ռազմահայրենասիրական եւ ռազմամարզական կազմակերպութիւնների եւ կառոյցների նկատմամբ՝ դրանք դնելով ՀՀ ԶՈՒ ուղիղ ենթակայութեան եւ վերահսկողութեան ներքոյ»,- գրած է ան:
Աւելի վաղ յայտնած էինք, որ ԱԱԾ-ի ձեռնարկած գործնական-հետախուզական միջոցառումներու շնորհիւ տեղեկութիւններ ստացուած են խումբ մը անձերու կողմէ նախնական համաձայնութեամբ իշխանութիւնը իւրացնելու նախապատրաստութիւն կատարելու մասին:
Ամսական 220 հազար ռուպլիով հաւաքագրած են ԼՂ-ի նախկին բնակիչներ եւ ՀՀ քաղաքացիներ, ուղարկուած ՌԴ՝ նոր զէնքերու ծանօթանալու, անոնց կիրառումը ուսուցանելու համար:
Նշուած արարքը կատարելու համար քրէական հետապնդում յարուցուած է 7 անձի նկատմամբ: Անոնցմէ 3-ը ձերբակալուած են, իսկ 4-ի նկատմամբ յայտարարուած է հետախուզում: