Հայաստանը ներկայիս կ’անցնի Եւրոմիութեան հետ յարաբերութիւններու էական խորացման գործընթաց։
Կիպրոսի արտաքին գործերու նախարարի հետ ասուլիսի ժամանակ այս մասին ըսած է Հայաստանի արտաքին գործերու նախարար Արարատ Միրզոյեանը՝ պատասխանելով ԵՄ-ի հետ ՀՀ գործընկերութեան վերաբերեալ Associated Press-ի հարցումին։
«Վիզաների ազատականացման շուրջ երկխօսութեան մեկնարկը եւ Խաղաղութեան եւրոպական գործիքի ներքոյ Հայաստանին աջակցութիւն տրամադրելու որոշումներն աւելի մեծ համագործակցութեան, աւելի մեծ պատկերի միայն երկու օրինակն են։
«Մենք ներկայումս անցնում ենք ԵՄ-ի հետ մեր յարաբերութիւնների էական խորացման գործընթաց, ունենք գործընկերութեան նոր օրակարգ, մենք մտածում եւ աշխատում ենք նոր մեխանիզմների եւ գործիքների շուրջ, որոնք կարող են օգտագործուել։ Աւելացնեմ նաեւ, որ Հայաստանի ժողովուրդը եւ մենք ունենք եւրոպական ձգտումներ, եւ ԵՄ-ն ճանաչում է այդ ձգտումները, ուստի հիմա մենք միասին մտածում եւ աշխատում ենք, ինչպէս ասացի, նոր գործիքների, Հայաստանը ԵՄ-ին ու անդամ երկրներին եւ հակառակն աւելի մօտեցնելու նոր մեխանիզմների շուրջ։
«Կը ցանկանայի նաեւ կրկնել այն արտայայտութիւնը, որը ՀՀ վարչապետն ասաց Եւրոպական խորհրդարանում իր ելոյթում. «Հայաստանն իր կողմից պատրաստ է ԵՄ-ին մօտենալ այնքան, որքան ԵՄ-ն դա հնարաւոր կը համարի»,- նշած է ան։
Նախարարը յաւելած է, որ ոչ միայն ԵՄ-ի, այլ նաեւ ԱՄՆ-ի հետ Հայաստանը համատեղ կ’աշխատի ծրագրի վրայ, որուն նպատակն է բարձրացնել Հայաստանի Հանրապետութեան դիմակայունութեան մակարդակը այս դժուարին ժամանակներուն մէջ՝ նկատի ունենալով այն սպառնալիքներն ու մարտահրաւէրները, որոնք կան Հայաստանի մէջ եւ Հայաստանի շուրջ: