Home ՀԱՅԱՍՏԱՆԱՐՑԱԽ Ո՞վքեր Եւ Ի՞նչ Պայմաններու Մէջ ԼՂ Ղեկավարները Յանձնած Են Պաքուին, Ո՞վ Է Սարգիս/Սարխան Գալստեանը. Յակոբեանը Փակագիծեր Բացած Է

Ո՞վքեր Եւ Ի՞նչ Պայմաններու Մէջ ԼՂ Ղեկավարները Յանձնած Են Պաքուին, Ո՞վ Է Սարգիս/Սարխան Գալստեանը. Յակոբեանը Փակագիծեր Բացած Է

by MassisPost

Ովքեր եւ ինչ պայմաններու մէջ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները յանձնած են Պաքուին, ով է Սարգիս/Սարխան Գալստեանը:

Ֆէյսպուքի իր էջով այս հարցումներուն որոշակի պատասխաններ տուած է լրագրող Թաթուլ Յակոբեանը, որ առաջինը յայտնած էր հայաթափուած ու դատարկուած ԼՂ-ի մէջ մնացած Սարգիս Գալստեանը Պաքուի կողմէ Ստեփանակերտի պարէտ նշանակելու մասին:

«Արցախի ղեկավարութեան առեւանգումը/յանձնումը 2023 թուականի ողբերգական իրադարձութիւնների լոյսին տակ, մեծ հաշուով, անուշադրութեան մատնուեց:

Խօսքը ոչ միայն հայերի՝ Պաքուի բանտ տանելու մասին է, ինչն ինքնին պէտք է լինէր օրակարգային, այլ այն մասին է, թէ ինչ պայմաններում եւ որտեղ են նրանց ձերբակալել/առեւանգել:

Տպաւորութիւն կայ, թէ իբր Պաքուի բանտում գտնուող հայ մարդկանց չվնասելու մտահոգութիւնն է, որ բոլորին ստիպում է չխօսել, ինչից օգտւում են Երեւանում հայրենասիրական թատրոն խաղացողները, որոնք Արցախում իրականացրին յեղաշրջում՝ արագացնելով Արցախի հայաթափումն ու կորուստը:

Յայտնի է, որ Դաւիթ Բաբայեանը յեղաշրջում իրականացնողների յորդորով է գնացել/տարուել Շուշի եւ ուղղակի յանձնուել Ատրպէյճանին: Ու դա եղել է այսօր Երեւանում հայրենասիրական թատրոն խաղացողների մաշկը փրկելու գներից մէկը:

Յայտնի է, որ ապօրինաբար առեւանգուած եւ Պաքւում պահուող երկու հայեր ձերբակալուել են, երբ փորձում էին անցնել Հայաստան՝ բռնի արտագաղթի հոսքի մէջ:

Յայտնի է նաեւ, թէ որտեղից է առեւանգուել Արայիկ Յարութիւնեանը:

Բայց բացարձակապէս չի խօսւում այն մասին, թէ ովքեր են Արկադի Ղուկասեանին, Բակօ Սահակեանին եւ միւսներին յորդորել թողնել օդանաւակայանի տարածքը, որտեղ նրանք ռուսների մօտ էին, մեկնել Ստեփանակերտի մի առանձնատուն, որտեղից ատրպէյճանական յատուկ ծառայութիւնները ուղղակի եկել ու առեւանգել են:

Արդեօք դա չի եղել պայմանաւորուած յանձնում Արցախում յեղաշրջում իրականացնողների եւ Պաքուի իշխանութիւնների միջեւ, որով եւ հայերին ատրպէյճանցիներին յանձնողները, ինչպէս Դաւիթ Բաբայեանի դէպքում, ուղղակի վճարել են իրենց փրկութեան գինը, փրկուել են ատրպէյճանական գերութիւնից եւ յարգով-պատուով Ստեփանակերտի օդանաւակայանից տարուել Սիսիանի օդանաւակայան:

Հարցեր են, որոնց պատասխաններ պէտք է տան այս անբարոյ գործարքի մասնակիցները, ովքեր այսօր Երեւանում խօսում են Արցախ հաւաքական վերադարձի մասին:

Շարունակում է թապու մնալ Սարգիս/Սարխան Գալստեանի թեման:

Սերժա-քոչարեանա-ՀՀԿ-հայրենասիրական ուժերը, ժամանակին Նիկոլ Փաշինեանին հաւատարիմ, այսօր ընդդիմադիր մի քանի լրագրող/պատգամաւոր/նախարար մի այլանդակ ու թիրախաւորուած քարոզարշաւ սկսեցին նուաստիս դէմ, երբ գրեցի, որ Շահրամանեանի ու Բակոյի մտերմագոյն, քաւոր-սանիկ յարաբերութիւններ ունեցող պարոն Գալստեանը նշանակուել է Ստեփանակերտի ժամանակաւոր կամենդանտ:

Հիմա, երբ արդէն պաշտօնապէս հաստատուել է, որ նրան Պաքուից պաշտօն է առաջարկուել, իսկ Շահրամանեանը միաժամանակ նրան նշանակել է իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ, պարոն Գալստեանը չունի եւ ոչ մի պաշտպան:

Հրապարակային որեւէ մէկը, որ իմ վրայ կրակ էին թափում, չեն խօսում: Բայց սա չէ կարեւորը, այլ հետեւեալը.

ա) ինչու է պարոն Գալստայեանը համաձայնուել մնալ Ստեփանակերտում, որին նա իր հեռախօսային զրոյցներում Խանքիանտի է կոչում,

բ) ինչ խնդիր էր դրուած նրա առաջ,

գ) ինչու չկարողացաւ կատարել,

դ) ինչու որոշեց տեղափոխուել Հայաստան ամիսներ հայաթափուած Արցախում մնալուց յետոյ,

է) արդեօք չգիտէր, որ իրենց սպասւում է ձերբակալութիւն եւ արդեօք չէր կարող իրեն պաշտպանող ատրպէյճանցիներին խնդրել իրեն յանձնել երրորդ երկրի….

զ) այս ամէնի հետ ինչ կապ ունեն Արցախում յեղաշրջում իրականացրածներն ու ռուսները:

Հարցերը բազմաթիւ են, իսկ թեմայի շուրջ սրբազան լռութիւն է»,- գրած է Յակոբեանը:

 

Հարակից Նյութեր

Leave a Comment