Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Թեհրանահայութիւնը Հայաստանի Կողքին Է Եւ ՀՅԴ-ին Թոյլ Չի Տալու Չարաշահել Իր Անունը

Թեհրանահայութիւնը Հայաստանի Կողքին Է Եւ ՀՅԴ-ին Թոյլ Չի Տալու Չարաշահել Իր Անունը

by MassisPost

Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը դարձեալ ենթարկուելով Դաշնակցութեան արկածախնդիր եւ աթոռամոլ ղեկավարութեանը, հանդէս է եկել Հայաստանի իշխանութիւններին դատապարտող յայտարարութեամբ, որի մէջ իր պաշտպանութիւնն է յայտնել Հայաստանի ժողովրդի մեծամասնութեան կողմից մերժուած Բագրատ արք. Գալստանյեանի շարժումից, որն իր փոքրաթիւ խմբով լծուած է հայկական Պետականութիւնը քանդելու գործին, ծառայելով Արցախը հայաթափելուց յետոյ հայկական Պետականութիւնը թիրախաւորած կողմերին:

Թեհրանահայութիւնը դեռ չի մոռացել Թեմական խորհրդի լիահոյզ շնորհաւորական հեռախօսազրոյցը դաշնակցական Սամուէլ Շահրմանյեանի հետ, ով Արցախի օրինական իշխանութիւնը զաւթելուց ընդամէնն օրեր անց, ԱՀ սահմանադրական կարգը խախտելով, լուծարեց Արցախի Հանրապետութիւնը: Իսկ այսօր, երբ Հայաստանի իշխանութիւնները ամէն ինչ անում են պահպանելու երկրի ինքնիշխանութիւնը, անվտանգութիւնն ու միջազգայնօրէն ճանաչուած սահմանները, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը, որպէս ՀՅԴ-ի գործակատար, միջամտելով Հայաստանի ներքաղաքական կեանքում՝ աջակցում է Գալստանեանի արկածախնդիր խմբին:

Փաստօրէն, ԹՀԹ Թեմական խորհուրդը բացայայտօրէն սուր է ճօճում Հայաստանի Հանրապետութեան օրինական իշխանութեան դէմ, ինչին, բնականաբար, չի կարող կողմ լինել որեւէ հայրենասէր հայ մարդ, անկախ իր բնակութեան վայրից, որովհետեւ չկայ աւելի բարձր արժէք որեւէ ազգի համար, քան Պետականութիւնը:

Յիշեցնենք, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի լիազօրութիւնը սահմանափակւում է Թեհրանի եւ յարակից շրջանների հայ համայնքով, այնպէս որ նա ասելիք կամ անելիք չունի Հայաստանի Հանրապետութեան ներքաղաքական կեանքում: Ուստի ԹՀԹ Թեմական խորհրդին յորդորում ենք մնալ թեմի կանոնադրութեամբ գծուած իր առաքելութեան սահմաններում, սրանից աւելի իր անունը չարատաւորել, ինչը ոչ այլ ինչ է, եթէ ոչ ծառայել ՀՅԴ-ի արկածախնդրական եւ անպատասխանատու քայլերին, որի բուն նպատակը Հայաստանին պատերազմի մէջ ներքաշելն է, խաթարելով նրա այսօրն ու ապագան:

ՀՄՄ «Րաֆֆի» Համալիր
Իրանահայ Ազգային եւ Մշակութային Միութիւն
Աշխարհատեսների Հայկական Կենտրոն
Մաջիդիէ Քաղաքամաս
Միասնութեան Դաշինք
«Արաքս» շաբաթաթերթ

 

Հարակից Նյութեր

Leave a Comment