Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Զրկանքներով Ձեռք Բերուած Զէնքը Երկու Ժամուան Մէջ Յանձնեցին Ատրպէյճանին, Հիմա 5 Հազարով Մարդ Կը Բերեն Բաղրամեան. Փաշինեան

Զրկանքներով Ձեռք Բերուած Զէնքը Երկու Ժամուան Մէջ Յանձնեցին Ատրպէյճանին, Հիմա 5 Հազարով Մարդ Կը Բերեն Բաղրամեան. Փաշինեան

by MassisPost

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը Ազգային Ժողովին մէջ 2023 թ. Պետական պիւտճէի կատարման տարեկան հաշուետուութեան քննարկման ընթացքին հանդէս եկած է եզրափակիչ ելոյթով, ուր ան մասնաւորապէս ըսաւ.

«Նախ պիտի անդրադառնամ երէկ տեղի ունեցած իրադարձութիւններին եւ արձանագրեմ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ռոպերթ Քոչարեանի կողմից առաջնորդուող շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել յարձակում ոստիկանների վրայ: Ոստիկանութեան հակազդեցութիւնն եղել է իրաւաչափ եւ արհեստավարժ, եւ նմանատիպ բոլոր դէպքերում ոստիկանութիւնը գործելու է նոյն կերպ: Ցուցարարները փորձել են բռնութեամբ ճեղքել ոստիկանութեան շղթան, որպէսզի յարձակում գործեն երկրի բարձրագոյն օրէնսդիր մարմինի վրայ: Ոստիկանութիւնը պաշտպանել է Հայաստանի Հանրապետութեան օրէնսդիր հիմնարկը, ոստիկանութիւնը պաշտպանել է Հայաստանի պետականութիւնը, ընդ որում՝ եպիսկոպոսի կոչում ունեցող մէկը յարձակումից որոշ ժամանակ առաջ՝ դիմելով ոստիկաններին, ասել է, թէ տղաներ, հանէք ձեր սաղաւարտները, որովհետեւ ձեզ ոչինչ չի սպառնում: Որոշ ժամանակ անց այդ տղաների ուղղութեամբ քարանետում է կազմակերպել այդ նոյն մարդը: Սա այն ամէնն է, ինչ պէտք է իմանալ, ցաւօք, Հայ առաքելական եկեղեցու երկու բարձրաստիճան պաշտօնեաների բարոյական նկարագրի մասին: Տուժել է 18 ոստիկան, 83 քաղաքացի: Բոլոր վնասուածքները եղել են թեթեւ եւ միջին ծանրութեան: Այս պահին հիւանդանոցում է 16 անձ, այսինքն՝ մնացածը, բուժօգնութիւն ստանալով, գնացել են տուն:

«Տեղի ունեցած զանգուածային անկարգութիւնների սադրիչները պէտք է պատասխանատուութեան ենթարկուեն: Երեկ էլ եմ ասել, այսօր էլ եմ ուզում ասել, որ խղճահարութեան վրայ օրինականութիւն չի կարելի կառուցել, խղճահարութեան վրայ իրաւակարգ չի կարելի կառուցել, պետութիւն չի կարելի կառուցել:  նաեւ ուզում եմ ասել, որ մենք չենք եղել եւ չենք լինի թոյլ իշխանութիւն, մենք կը լինենք սիրող եւ սիրող ենք, կարեկցող, օգնող, աջակցող, հանդուրժող, բայց ոչ երբեք թոյլ իշխանութիւն, որովհետեւ թոյլ իշխանութիւնն աղէտ է պետութեան համար: Մենք չենք եղել եւ չենք լինի թոյլ իշխանութիւն եւ մենք օրինականութեան, օրէնքի եւ օրինականութեան ուժով կը ձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները պետութիւնը, հանրութեանը, ժողովրդավարութիւնը, անկախութիւնն ու ինքնիշխանութիւնը պաշտպանելու համար: Սրանում, յոյս ունեմ, որ տարընթերցում չկայ:

«Նոյնիսկ 2023 թ. Սեպտեմբերին մենք չէինք հրաժարուել Լեռնային Ղարաբաղի հարցում մեր ունեցած ծրագրերից եւ ասում էինք, որ դրա համար հարկաւոր է, որ հայութիւնը մնա Լեռնային Ղարաբաղում: Եւ սա ակնյայտ էր: Երէկ ես անդրադարձայ, դուք յիշում էք այդ դրուագը, որ, այդ թւում՝ այդ զգացական իրավիճակներում, այդ շանթաժին տրուելով, նոյնիսկ մեր խմբի ներսում ինձ անընդհատ ասում էին, որ պէտք է րոպէ առաջ հանել ժողովրդին, պէտք է րոպէ առաջ հանել ժողովրդին: Ես զանգում էի, իրենց ասում էի՝ լսէք, դա կարելի է անել միշտ, դուրս գալը նշանակում է Լեռնային Ղարաբաղի հարցի փակում: Բայց Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի կղերաֆէօտալական վերնախաւը ՀԱՊԿ-ի իրենց հովանաւորների հետ փակեցին Լեռնային Ղարաբաղի հարցն այն յոյսով, որ դա իրենց կ’օգնի փակել նաեւ Հայաստանի Հանրապետութեան հարցը՝ Հայաստանի Հանրապետութիւնում խամաճիկային իշխանութիւն հաստատելու եւ Հայաստանի անկախութեանը փաստացի վերջ տալու միջոցով: Չստացուեց ու չի ստացուելու: Շատ են խօսում այն մասին, որ կառավարութիւն իր ծրագրում գրել է, որ Հայաստանը լինելու է Լեռնային Ղարաբաղի անվտանգութեան երաշխաւորը: Այո՛, Հայաստանը, մեր կառավարութիւնը 2020 թուականից առաջ եւ յետոյ ամէն ինչում, ինչի կարիք ունեցել է Լեռնային Ղարաբաղը՝ Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը տուել է: Մենակ 2020 թուականից յետոյ մենք մէկ միլիառ տոլարից աւելի գումար ենք տուել Լեռնային Ղարաբաղին: Ես կրկին ասում եմ՝ ինչի անհրաժեշտութիւն ունեցել են՝ ստացել են: Բայց Լեռնային Ղարաբաղի կղերաֆէօտալական վերնախաւի այն ներկայացուցիչները, ովքեր ոտի վրայ ճոռոմ կենացներ էին խմում եւ մեզ մեղադրում դաւաճանութեան մէջ, 2 ժամում յանձնուեցին, 2 ժամում յանձնուեցին, յարգելի գործընկերներ: Այս այն մարդիկ, ովքեր մեզ մեղադրում էին դաւաճանութեան մէջ, ովքեր իմ ասուլիսներին ձայնային հաղորդագրութիւններ էին ուղարկում լրագրողների միջոցով, որ մենք, հերոսական մեր կղերաֆէօտալական կլանը չի տրուի եւ մենք պատրաստւում ենք մինչեւ վերջ, կանացի եւ տղամարդկային բամբ ձայներով, հիմա 5000 դրամ են բաժանում, որ մարդ բերեն Բաղրամեան պողոտայ: Այդ նոյն մարդիկ, էլի մենք, կղերաֆէօտալական օրհնութիւն ստացած վերնախաւի ներկայացուցիչները հիմա… Քիչ չի, որ երկու ժամում յանձնուեցին, Հայաստանի Հանրապետութեան ժողովրդի զրկանքների գնով ձեռք բերուած մի քանի միլիառ տոլարի զէնքը՝ սարքին, կարգին, իւղած վիճակում, զինամթերքով յանձնեցին Ատրպէյճանին: Այն զօրավարների ներկայացուցիչներից մէկն էլ, որ երէկ ճւում էր այստեղ, հիմա էլ եկել են Հայաստանի Հանրապետութիւնում իշխանափոխութիւն անեն, որ ինչպէս Ղարաբաղը յանձնեցին, այնպէս էլ Հայաստանի Հանրապետութիւնը յանձնեն Հաւաքական Անվտանգութեան Պայմանագրի Կազմակերպութեանը: Բայց ես ուզում եմ յստակ ասել կղերաֆէօտալական վերնախաւին՝ դուք Հայաստանում կառավարութեան փոփոխութիւն չէք կարող իրականացնել, որովհետեւ ժողովրդից ծնուած եւ ժողովրդից սնուող օրինականութեան առաջ դուք ուղղակի անզօր էք: Հայաստանում կառավարութեան փոփոխութիւն կարող է իրականացնել միայն ինքնիշխանը՝ Հայաստանի Հանրապետութեան ժողովուրդը, երբ ուզենա: Կ’ուզենայ՝ կ’անի, չի ուզենայ՝ չի անի:
«2022 թուականի Նոյեմբերին ՀԱՊԿ Երեւանի գագաթնաժողովում հրաժարուել ենք ստորագրել ՀԱՊԿ այն փաստաթղթերը, որոնք չեն համապատասխանել ՀՀ շահերին եւ սա արել ենք՝ ի կատարումը Կառավարութեան գործունէութեան ծրագրի, ոչ թէ` ի հեճուկս, այլ՝ ի կատարումն:

«ՀԱՊԿ ղեկավարներից մէկը յայտարարում է, թէ 44-օրեայ պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հաւատացել է, ցանկացել է Ատրպէյճանի յաղթանակը: Դրանից յետոյ ես պէտ՞ք է գնամ Պելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ձեւաչափում նստե՞մ, հարց քննարկե՞մ: Դո՞ւք չէք, որ խօսում էք արժանապատուութիւնից, սկզբունքայնութիւնից եւ այլն: Չնայած, նաեւ իրավիճակ կայ, որ ԵԱՏՄ-ում եւ ԱՊՀ-ում ինչ-որ առումով ստիպուած եմ լինելու, բայց նաեւ հետեւեալն եմ ուզում ասել՝ ես արձանագրում եմ, որ Պելառուս այլեւս երբեք չեմ այցելի, քանի Պելառուսում նախագահ է Ալեքսանտր Լուքաշենքօն: Եւ ընդհանրապէս յայտարարում եմ, որ այս պահից ՀՀ ոչ մի պաշտօնական ներկայացուցիչ Պելառուս չի այցելի, ընդհանրապէս»:

Հարակից Նյութեր

Leave a Comment