Հայաստանի Հանրապետութեան տարածքէն որեւէ միլիմեթր հող չէ յանձնուած։
Այս մասին Հանրային հեռուստաընկերութեան եթերով մէկ անգամ եւս յայտարարեց ՀՀ Անվտանգութեան Խորհուրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը։
Ան յիշեցուց, սահմանազատման գործընթացին մէջ գծուած է սահմանը, որուն մէկ կողմը ՀՀ տարածքն է, միւսին՝ Ատրպէյճանի։
Ի՞նչ մնացած է այս կամ այն կողմը՝ Պետրոս Ղազարեանի հարցումին ի պատասխան, Գրիգորեան ըսաւ՝ այս կողմը մնացած է այն, ինչ որ Հայաստանինն է։
«Աւելի առարկայական՝ նախ եկեղեցին Ատրպէյճանին չի անցել, ՀՀ տարածքում է, եւ սահմանազատման գործընթացի շրջանակներում սահմանի գիծն անցնում է եկեղեցուց հնարաւորինս հեռու։ Ինչ վերաբերում է տարածքներին, ապա մինչ այս պահը այդ տարածքներում ԶՈՒ-ն էր ծառայութիւն իրականացնում, եւ դրա պատճառով որտեղ դիրքեր կան, համայնքներն այդ հողերին հասանելիութիւն չեն ունեցել։ Հիմա, երբ որ սահմանապահ զօրքերն են տեղակայւում, այդ տարածքներն ազատւում են եւ անցնում գիւղացիների վերահսկողութեան տակ։ Այս առումով եւս մէկ անգամ կարող եմ պնդել, որ սահմանազատման գործընթացը յաջող է եւ նախադէպ է, որ շարունակենք այն հէնց 1976 թուականի քարտէզներով»,- ըսաւ ԱԽ քարտուղարը։
Արմէն Գրիգորեան նաեւ անդրադարձաւ ընդդիմադիրներու՝ միակողմանի զիջումներու վերաբերեալ պնդումներուն:
«Ի՞նչ նկատի ունեն զիջել ասելով։ ՀՀ-ն իր տարածքից որեւէ բան չի զիջել։ ՀՀ տարածքն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է 1976 թուականի քարտէզով եղած սահմանը։ Քո ենթակայութեան տակ լինելն ու քոնը լինելը տարբեր բաներ են։ Օրինականութիւնն այնտեղ է, որտեղով անցնում է ՀՀ սահմանը, եւ քոնն է այն, ինչը օրինականութեան շրջանակներում պատկանում է Հայաստանի Հանրապետութեանը»,- ըսաւ ան: