Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Մոսկուայի Մէջ Քննարկուած Են ԼՂ-ի Մէջ Մարդասիրական Իրավիճակը, Լաչինի Միջանցքին Ապօրինի Փակումը, Քննարկման Արդիւնքները Գոհացուցիչ Չեն․ Փաշինեան

Մոսկուայի Մէջ Քննարկուած Են ԼՂ-ի Մէջ Մարդասիրական Իրավիճակը, Լաչինի Միջանցքին Ապօրինի Փակումը, Քննարկման Արդիւնքները Գոհացուցիչ Չեն․ Փաշինեան

by MassisPost

Խորհրդարանին մէջ կազմակերպուած պիւտճէտային քննարկումներու ժամանակ անդրադառնալով Մոսկովայի մէջ կայացած Հայաստան-Ատրպէյճան-Ռուսիա եռակողմ ձեւաչափով բանակցութիւններուն` Նիկոլ Փաշինեան յիշեցուց, որ իրենք որդեգրած են խաղաղութեան օրակարգ եւ խաղաղութեան ռազմավարութիւն եւ կ’ընեն հնարաւոր ամէն բան այդ օրակարգը կեանքի կոչելու համար:

«Պէտք է տեղեկացնեմ, որ քննարկման թեմաներից մէկը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղում հաստատուած մարդասիրական իրավիճակին եւ Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը, այս թեման մենք քննարկել ենք նաեւ ՌԴ մեր գործընկերների հետ: Չեմ կարող ասել, որ այդ քննարկման արդիւնքները գոհացնում են, պիտի արձանագրէք, որ սա շատ ցաւալի իրավիճակ է, եւ ես նաեւ հրապարակային հնարաւորութիւն ունեցայ ասելու, որ Լաչինի միջանցքի փակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների աչքի առաջ եւ ներկայութեամբ, ինչը բաւականին մտահոգիչ է: Մենք շարունակելու ենք մեր քննարկումներն այդ թւում ռուսաստանցի մեր գործընկերների հետ այս իրադրութեան կարգաւորման ուղղութեամբ», ըսաւ Փաշինեան:

Ան նաեւ նշեց, որ մոսկովեան քննարկումներու թեմաներու շարքին նաեւ տարածաշրջանային հաղորդակցութիւններու բացումն էր, եւ հայկական կողմը շեշտած է, որ պատրաստ է տարածաշրջանային հաղորդակցութիւններու բացման:

«Խօսքը 2020 թուականի Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան 9-րդ կէտով ընդգծուած հաղորդակցութիւնների մասին է, եւ մենք պատրաստ ենք շատ արագ այդ հաղորդակցութիւնների վերաբացմանը երկրների ինքնիշխանութեան եւ իրաւազօրութեան ներքոյ: Այս ընդգծումը մենք արել ենք: Մենք հիմա փորձում ենք աշխատել երկաթուղային ենթակառուցուածքների բացման վրայ: Բայց նաեւ ուզում եմ ասել, որ մենք շահագրգռուած ենք, որ տարածաշրջանային հաղորդակցութիւնները բացուեն, եւ, ընդ որում, այստեղ էլ իմ ասած սկզբունքի շրջանակներում մենք բաւականին մեծ ճկունութիւն ենք ցուցաբերում: Մենք բաւականին ճկուն ու կառուցողական դիրքորոշում ունենք եւ պատրաստ ենք գնալ այդ հաղորդակցութիւնների բացմանը: Համոզուած եմ` երբ դա տեղի ունենայ, եւս մի խթան կը լինի Հայաստանի տնտեսական զարգացման համար: Ցաւօք, այդ հարցի լուծումը միայն մեզնից չի կախուած», եզրափակեց վարչապետը:

 

Հարակից Նյութեր

Leave a Comment